Իրավունք

Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու․ Արտակ Զեյնալյան

Hraparak.am-ը այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է պրոբացիոն ծառայությունը, որքանով է այն ծառայում իր նպատակին։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ կա այլընտրանքային պատիժների բաժին, իրենք չեն սպասելու, որ ընդունվի նոր Քրեական դատավարության օրենսգիրքը։ «Մենք գործող Քրեական դատավարության օրենսգրքում մշակել ենք փոփոխությունների նախագիծ, որով կներմուծենք այդ ինստիտուտը արդեն գործող օրենսգրքում։ Նաեւ աշխատանքներ են տարվում, որ Հայաստան ներմուծեն հսկող թեւնոցները՝ ոտքի կամ ձեռքի, որոնք հնարավորություն կտան հսկել անձի տեղաշարժը։ Դա ոչ միայն կալանքի մասով կլինի օգտակար եւ կբեռնաթափի բանտերը, այլեւ ընտանեկան բռնության ոլորտում այն կլինի օգտակար։ Եթե որոշում կայացվեց, որ ընտանիքի մի անդամը իրավունք չունի մոտենալ մեկ այլ անդամի, ապա այդ սարքերը թույլ կտան վերահսկել»,- ասաց նա։ Մեր հաջորդ հարցը վերաբերում էր քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց, մասնավորապես՝ «Սասնա ծռեր»-ի անդամների կամ Շանթ Հարությունյանի ազատ արձակման համար իրավական լուծումներ գտնելուն։

«Անձինք կան, որոնք գտնում են, որ իրենց դատավճիռը անօրինական է կամ ոչ համաչափ։ Դատական ակտերը հնարավոր է վերանայել նոր փաստի հիման վրա, նոր ի հայտ եկած փաստի հիման վրա կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի ակտի հիման վրա կամ բացառիկ դեպքերում, երբ արդարադատություն իրականացնելիս խախտվել է արդարադատության բուն էությունը։ Եթե կգտնվեն իրավաբաններ, իրավապաշտպաններ, որոնք բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան այդ գործերով, ապա դրանք կարող են իրականացնել։ Սակայն անցումային արդարադատության այս փուլում կարող են վերանայել այդ գործերը»,- ասաց նախարարը։ Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու։ Ըստ նախարարի՝ անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային, եւ սահմանադրության ոչ մի դրույթ չի կասեցվելու։ «Չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու, սահմանադրությունը չի խախտվելու, միջազգային պարտավորությունները չեն խախտվելու, արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, այլ կոչված են լինելու մարդու իրավունքները վերականգնելուն»,- ասաց նախարարը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու կարգապահական վարույթ չի հարուցվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխած դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ։ «Այս պահի դրությամբ ես չեմ կարող դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ որպես արդարադատության նախարար։ Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան, եւ արդարադատության նախարարությունը չի կարող մի միջամտել դրան»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Անցումային արդարադատության մասին Արտակ Զեյնալյանը վստահեցրեց՝ մենք օգտվելու ենք այլ երկրների փորձից, չենք կրկնելու նրանց սխալները։

Մեկնաբանություն
X