Դատապարտելի է․ արդարադատության նախարարը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին

Լրագրողները այսօր մամուլի ասուլիսում փորձեցին իմանալ, թե ինչ կարծիք ունի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ազատազրկված գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրելու մասին։ «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են, եւ այդ լուսանկարը հրապարակում են։

Սա իրավունքի խախտում է։ Եթե նույնիսկ դատապարտյալը կամ ազատազրկվածը իր համաձայնությունն է տվել լուսանկարելու, ապա ԶԼՄ-ն պետք է ծանրութեթեւ անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ։ Ազատազրկման մեջ գտնվողի կամքը ազատորեն չի ձեւավորվել։ Այդ սկզբունքից ելնելով է, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում։ Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել այդ լուսանկարը՝ անկախ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Այդ վերաբերմունքն ունիվերսալ է եւ չի կարող խտրական ձեւով կիրառվել։ Պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ։ Իմ հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն։ Լուսանկարը կատարված չէ «Կենտրոն» ՔԿՀ-ում, կատարվել է ավելի վաղ, ՁՊՎ-ում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Նա նշեց նաեւ, որ ԶԼՄ-ն պետք է ձեռնպահ մնար նման լուսանկար հրապարակելուց։

Մեկնաբանություն
X