Նախարարությունը պարտավոր է իմանալ, թե իր երկրում ինչ որակի արվեստագետներ կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օրեր առաջ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի եւ երիտասարդության, սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանն ասում է, որ այս կոչումները հենց այնպես տրված չեն, դրանք վաստակած կոչումներ են, եւ չի կարելի բոլորին հավասարեցնել ու ասել՝ կոչումներ պետք չեն։ «Ամերիկայում, Եվրոպայում չկան կոչումներ, եւ նրանց պետք էլ չէ դա, բայց մենք ուրախանում ենք այդ կոչումներով, որովհետեւ միակ ձեւերից մեկն է, որ պետությունը քեզ ուշադրություն է դարձնում»,- ասում է նկարիչն ու ցավով նկատում, որ շատ հաճախ հենց իրենց համքարությունից են մերժողական կարծիքներ հնչում ու հենց նրանցից, ովքեր ստացել են բոլոր բարձր պարգեւները ու հիմա ասում են՝ ո՞ւմ են պետք այդ կոչումները, եթե նկարիչը լավ նկարիչ է, իր ինչի՞ն է պետք այդ կոչումը․ «Միանշանակ պետք է, հատկապես այսօր, երբ արվեստագետների, նկարիչների նկատմամբ վերաբերմունքն այդքան քիչ է, որ այդ մի քանի կոպեկը կարող է մի քիչ փրկել նրանց առանց այն էլ վատ դրությունը, երբ ստիպված են գրեթե առանց գնորդների աշխատել։ Դա մի ձեւ է, որը ցույց է տալիս պետության վերաբերմունքը եւ այն, որ պետությունը չի անտեսում իր արվեստագետներին»։

Բանն այն է, որ կոչումների դեպքում՝ ընդհուպ մինչեւ վաստակավորները, ոչ մի դրամական խրախուսանք չի տրվում, միայն ժողովրդականի դեպքում է, որ պարգեւատրվողի կենսաթոշակին ավելանում է 40 հազար՝ գրեթե իր թոշակի չափով։ Դա է պատճառը, որ պետությունն այդքան դժվար է կոչումներ տալիս հատկապես ժողովրդականի դեպքում, քանի որ առկա է դրամական պարգեւ, ու եթե վերջին տարիներին պետությունը, դիցուք, նկարիչների դեպքում տարեկան 5-6 հոգու տվել է վաստակավոր նկարչի կոչում, ապա ժողովրդականի դեպքում այս թիվը տատանվում է 1-2-ի սահմանում։

«Որ ասենք՝ պետության համար այդքան ծանր ֆինանսական բեռ ենք հանդիսանում, այդպիսի բան գոյություն չունի, որովհետեւ կոպեկների մասին է խոսքը, ու նստած սպասում ենք, թե պետությունը երբ կհիշի տանը նստած իր նկարչին»,- ասում է Վլադիմիր Աբրահամյանն ու առաջարկում պետությանը, որ իր հանձնաժողովի անդամներին գործուղի վաստակավոր եւ ոչ միայն վաստակավոր նկարիչների արվեստանոցներ, որ տեսնեն, թե ինչ պայմաններում են ապրում եւ ստեղծագործում, որից հետո թող կողմնորոշվեն, թե ով է արժանի այս կամ այն կոչմանը։ Մինչդեռ սովետական տարիներին պետությունը չէր զլանում ոչ միայն պարգեւների հարցում, այլեւ նկարիչներին տալիս էր արվեստանոց, ներկեր, կտավներ, պարգեւատրում էր, պատվերներ տալիս, իսկ հիմա այդ ամբողջից մնացել են միայն կոչումները, որին անկեղծորեն սպասում են շատերը։

Գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն ասում է, որ սովետական շրջանում քիչ թե շատ արդարացի էին տրվում այդ կոչումները, որովհետեւ մի քանի փուլ էր անցնում, եւ մասնագիտական շրջանակն էր ընտրում․ «Կարող է երկու հավասարներից մեկին շուտ տային, մյուսին՝ ուշ, բայց անհնար էր, որ անարժեքին խրախուսեին։ Մեր իրականությունում այդպես չէ, ով իրեն շատ է ջրի երեսին պահում, նրանք էլ ստանում են կոչումները, իսկ գիտության, արվեստի մարդիկ մնում են ստվերում»։

Նա ընդգծում է՝ լավ է, որ ուզում են վերանայել, բայց ինչպե՞ս վերանայեն․ «Դրան պետք է մասնակից լինեն նաեւ այդ ասպարեզներից տեղյակ մարդիկ, որովհետեւ կան մարդիկ, ովքեր այդքան չեն տիրապետում ոլորտին, օրինակ՝ մշակույթի նախարարը, որ նոր աղջիկ է, այդքան չի տիրապետում մշակույթի իրականությանը, դրա համար կարծում եմ, որ պետք է նաեւ գիտակ, փորձված մարդկանց կարծիքն էլ հարցնել։ Ամեն տեղ էլ կան այդ խրախուսական ձեւերը՝ ուղղակի տարբեր անուններով, ֆրանսիացիները, օրինակ, լեգեոնի տարբեր աստիճաններ ունեն, եւ պարգեւ ստացողը որոշակի նյութական աջակցություն է ունենում նաեւ։ Օրինակ՝ լեգեոնի աստիճանը պետական պարգեւ է, որ թոշակ էլ է նախատեսում, ես գիտեմ, որ ամենացածր աստիճանի լեգեոներն ամիսը ստանում է 600 եվրո թոշակ։ Այսինքն՝ պետք է մեզ մոտ խրախուսման համակարգն արժեւորվի եւ իմաստավորվի»։

Կողմ կլինի՞, որ ընդհանրապես հանեն այդ պարգեւատրումները։ Շահումյանն ասում է․ «Առանց այն էլ մեր գիտության, արվեստի մարդիկ զրկվել են էս մեր երկրում ամեն ինչից, ո՛չ աշխատավարձ են նորմալ ստանում, ո՛չ թոշակն է թոշակի նման։ Բայց դատավորը գնում է թոշակի, ու նրան համարյա 1 մլն դրամ թոշակ են տալիս, երբ ամբողջ կյանքում կասկածելի դատավարություններ է արել։ Ես կարծում եմ՝ ձեւը պետք է գտնել, ոչ թե վերացնել։ Վերացնել՝ նշանակում է ընդհանրապես վերացնել խրախուսման անգամ այդ փոքր բարոյական ձեւը, ընդհակառակը՝ պետք է ավելի ուժեղացնել, ձեւեր գտնել, որ լավագույն գործերը եւ նկարիչներն արժեւորվեն»։

Գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանն էլ կարծում է, որ այդ կոչումները, պարգեւները պետք են հենց թեկուզ այն բանի համար, որ «թացը չորի» հետ չխառնվի․ «Այդ կոչումները, պարգեւները հենց այնպես չեն տալիս, եթե մարդը վաստակ ունի, այդ վաստակի համար են տալիս։ Միայն անշնորհք մարդիկ կարող են առանց վաստակի ինչ-որ բան ստանալ։ Յուորաքանչյուր մարդ, ով ներդրում ունի իր երկրի, ժողովրդի, իր մասնագիտության մեջ եւ իր ապրած տարիները ներդրել է դրա մեջ, ուրեմն արժանի է։ Այդ թղթի կտորը կամ մեդալը ոչինչ չի փոխում, բայց տարբերությունը նրանում է, որ այս մարդը վաստակ ունի ու եթե վաստակել է՝ անկախ իր տարիքից, թող տան։ Այսինքն՝ դա նախեւառաջ կապ ունի մարդու վաստակի հետ»։

Վաստակավոր նկարիչը հայտ չի ներկայացրել ժողովրդական նկարչի կոչման համար, կարծում է, որ, անկախ ամեն ինչից, նախարարությունը դա պետք է ներկայացնի, ապա նաեւ տա․ «Նախարարությունը պարտավոր է իմանալ, թե իր երկրում ինչ որակի արվեստագետներ կան, եւ ինչու նրանց չեն տվել առայսօր, ինչպես, օրինակ, մեծ վարպետ Մարտին Պետրոսյանը, Վոլոդյա Աբրահամյանը։ Ես չեմ ասում ինձ տան, թող իրենց տան սկզբից, որովհետեւ երկար տարիների ավանդ են ներդրել երկրի համար, ու հիմա նրանցից մեկը 85 տարեկան է, մյուսը՝ 76 տարեկան։ Այսինքն՝ այդ մարդկանց պետք է անպայման տալ ժողովրդական նկարչի կոչում, եւ աբսուրդ է, որ մինչեւ հիմա չեն տվել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X