Աղբավայրի համար փողը ստացել են, աղբավայրը չեն կառուցել

Նախորդ իշխանության օրոք՝ դեռ 2014 թվականի դեկտեմբերին, ՀՀ կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել էր «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» 3.5 մլն եվրո արժողությամբ համաձայնագիրը։ Հետո այդ վարկային համաձայնագիրը վերաձեւակերպվեց եւ դարձավ «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր», որով նախատեսվում է կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր եւ ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Ավելացավ նաեւ ծրագրի արժեքը՝ դառնալով 11 մլն եվրո։ Այս հարցը նախ քննարկման դրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննադատություններ հնչեցին, թե ինչու են աղբավայր կառուցում, փոխանակ աղբավերամշակման գործարան կառուցեն։ Բայց հարցը զեկուցող, այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը բացատրեց, որ աղբավայր կառուցելն ավելի բարդ է, հիմա այս վարկային միջոցներով հնարավոր չէ կառուցել, եւ որ այս պահին արդյունավետ է աղբավայրի կառուցումը, որը լինելու է եվրոպական ստանդարտներին համապատասխան։ ԱԺ-ն, ի վերջո, ընդունեց նախագիծը, ու մենք ստացանք այդ գումարները Վերակառուցման եւ զարգացման բանկից, որի մի մասը՝ 5.5 մլն եվրոն, վարկ է, 3.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ։ Աղբավայրը պետք է արդեն կառուցված եւ շահագործվելիս լիներ, բայց արդեն երկու-երեք տարի է անցել, ու դեռ որեւէ քայլ չի արվել այս ուղղությամբ։

Մենք տեղեկացանք, որ ներկայիս տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, ի դեմս նորանշանակ փոխնախարար Դավիթ Գեւորգյանի, այս հարցում բարդ իրադրության առջեւ է կանգնել, եւ ուզում են ծրագիրը կասեցնել։ Բայց ինչպե՞ս կասեցնեն, եթե վարկը ստացել են ու դրա դիմաց տարեկան տույժ ու տուգանք են մուծում՝ տրամադրված գումարը չօգտագործելու համար։ Ի դեպ, Տերտերյանը թեպետ մնացել է նախարարությունում՝ նույն պաշտոնին, բայց այս ծրագիրն անցել է Գեւորգյանի կուրացիայի տիրույթ։

Գեւորգյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ բացի վերը նշված 11 մլն եվրոյից, կա նաեւ մոտ 1.4 մլն եվրոյի դրամաշնորհ՝ խորհրդատվություն իրականացնելու համար։ «Աղբավայրի կառուցումը վաղուց պետք է ավարտված լիներ, բայց փաստացի բուն ծրագրի մեկնարկը տրված չէ, այսինքն՝ շինարարություն չի իրականացվում։ Ընդամենը շինարարության իրականացման համար մրցույթ է հայտարարվել, եւ մրցույթի նախաորակավորման փուլն է»,- ասաց փոխնախարարը, ապա թվարկեց, թե ինչու է ծրագիրն այսպես վատ ձեւով մեկնարկել։

Ըստ նրա՝ անարդյունավետ կառավարման կամ կառավարման տարրական տարրերի բացակայության հետեւանքով, մեկ կամ մի քանի անձի սուբյեկտիվ կարծիքների, սուբյեկտիվ մոտեցումների հիման վրա ծրագիր է իրականացվել։ Գեւորգյանն ասաց, որ դրա համար իրենք այսօր կանգնել են խնդրի առաջ եւ հիմա տարբեր մակարդակներով քննարկումներ են անցկացնում՝ հասկանալու համար, թե այդ խնդիրներն ինչպես լուծեն։

«Մենք ունենք խնդիր երկու մասով՝ այդ աղբավայրի շինարարության մրցույթի իրականացման հետ կապված, որովհետեւ դա իրականացվում է ՎԶԵԲ-ի ընթացակարգով, այսինքն՝ մեր տեղական ընթացակարգերը չեն գործում, մենք պետք է հարմարվենք նրանց պայմաններին։ Մենք հիմա բանակցում ենք բանկի հետ էդ հարցով, որպեսզի ժամկետների մասով հնարավորինս արագ հարցը լուծվի։ Մյուս մասով՝ խորհրդատուները, որոնք խորհրդատվություն են իրականացրել, երեք ընկերություն են ընդհանուր, ամեն մեկն իր առաջադրանքն ունի կատարելու։ Էս փուլում հիմնականում երկու ընկերություն ունի աշխատանք անելու, երրորդ ընկերությունը հիմնականում բնապահպանական էդ հարցերով պետք է խորհրդատվություն իրականացնի, դա վերջում է լինելու ծրագրի»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ երկու ընկերության հետ էլ ծրագրի արդյունավետության, վճարման, մեթոդաբանության լրջագույն խնդիր կա։ Այդ 1.6 միլիոն եվրո դրամաշնորհից մինչ այս որոշակի գումարներ տրամադրվել են, բայց, Գեւորգյանի խոսքով, փաստացի տված գումարն առնվազն չափելի չէ, թե համապատասխանո՞ւմ է կատարված աշխատանքին, թե՞ ոչ։ Իսկ աշխատանքը պետք է լիներ խորհրդատվություն, որի արդյունքում իրենք պետք է հասկանային, թե այդ 11 մլն եվրոն ինչպես պետք է ծախսեին։ Մինչդեռ մինչ այժմ ո՛չ սխեմա կա, ո՛չ հստակ ծրագիր, թե մեքենան որ գյուղ ինչ հաճախականությամբ պետք է մտնի, աղբամաններն ինչպես պետք է տեղակայված լինեն, ինչ աղբամաններ պետք է լինեն եւ այլն։

Թե ով է եղել այս ամենի պատասխանատուն, որ այս վիճակն է ստեղծվել, Գեւորգյանն ասաց, որ նախկինում այս ծրագրով զբաղվել է նախկին փոխնախարար, ապա արդեն վարչության պետ Արտաշես Բախշյանը։ Բայց նա չցանկացավ մեղավորներ գտնել, որովհետեւ կարծում է՝ ի պաշտոնե դրա համար չէ նախատեսված, բայց իր մտքում իր կարծիքն ունի ձեւավորած՝ ով է սրա պատասխանատուն, եւ կարծում է, որ ուրիշ կառույցներ պետք է այդ գնահատականը տան։ Բայց միանշանակ կարող է ասել, որ ի սկզբանե պայմանագրի ստորագրումից ու կազմումից է եկել սխալը։

Ինչ վերաբերում է վարկային միջոցներին եւ ծրագրի կասեցմանը, Դավիթ Գեւորգյանն ասաց, որ վարկն իրենք դեռ չեն ծախսել ու չծախսելու համար գումար են վճարում՝ որպես տույժ-տուգանք, ու կա վարկի օգտագործման վերջնաժամկետ, եւ իրենք անընդհատ այդ ժամկետը երկարացնում են։ Ավելի ճիշտ՝ նախորդ կառավարությունն է երկարացրել, եւ հիմա այդ բեռը եկել հասել է իրենց կառավարությանը։ Հիմա տարեկան 27 հազար եվրոյի կարգի գումար է վճարվում վարկը չօգտագործելու համար։ Լուծումը, ինչպես նշեց փոխնախարարը, տեսնում են պայմանագիրը փոխելու մեջ, որ արդյունքահեն պայմանագիր լինի, այսինքն՝ կկատարվի աշխատանքը, կվճարվի։

ՀԳԻ դեպ, մենք տեղեկացանք, որ վրացիներն են հետաքրքրված մեզանում աղբամշակման գործարան կառուցելու հարցով եւ արդեն բանակցում են իշխանությունների հետ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X