Ովքե՞ր են մեր հարկերի հաշվին կոռուպցիա քարոզում կառավարությունում

Նոր կառավարությունն իր «դեմոկրատական» որոշումներով որոշ հարցերում սկսել է գերազանցել նախկին իշխանություններին։

Երեկ համացանցում մի փաստաթուղթ հրապարակվեց, որը որակվեց որպես կառավարության պաշտոնյաների խոսքի ազատության սահմանափակում։ Սրան թերեւս կհաջորդի կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը, ինչը Սերժ Սարգսյանի օրոք մտավ եւ արժանացավ մեր խիստ քննադատությանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ մի շրջաբերական է տարածվել կառավարության պաշտոնյաներին, որով հստակ զգացվում է, որ նրանց՝ ԶԼՄ-ներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը եւ դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին եւ ռազմավարական ուղղություններին։ Նախազգուշացումը տարածվում է բոլոր պաշտոնյաների վրա, բացի գերատեսչությունների առաջին դեմքերից՝ նախարարներից, որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում։ Փոխնախարարներն ու վարչության, բաժնի պետերը հարցազրույց տալուց առաջ, ըստ շրջաբերականի, պետք է դա համաձայնեցնեն իրենց վերադասի հետ։ Վերջում էլ խստիվ զգուշացված է՝ վերը նշած կարգը խախտած աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժի միջոցներ։ Թե որ օրենքով, չկա նշված, ինչը եւս տարօրինակ է։

Այսպիսի շրջաբերական եթե տարածվեր ՀՀԿ-ի օրոք, մամուլն ամենավերջին բառերով սուր քննադատության կենթարկեր ՀՀԿ-ին՝ կառավարության պաշտոնյաների խոսքը ճնշելու, բռնապետական կարգեր հաստատելու համար։ Բայց նոր կառավարության այս «դեմոկրատական» որոշումը շատերի, այդ թվում՝ մամուլի շատ ներկայացուցիչների կողմից համարվում է նորմալ եւ ողջունվում է։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը սոցցանցում բարձրացած աղմուկից հետո որոշեց այս «հանճարեղ» գաղափարը հիմնավորել ոչ պակաս «հանճարեղ» պատասխանով, որը հետո ավելի շատ հարցեր առաջացրեց։ Իսկ այդ հարցերի պատասխանը, որքան էլ մենք փորձեցինք ստանալ, այդպես էլ մնաց օդում կախված։ Պարզվեց՝ այս շրջաբերականի առիթ տվել են որոշ պաշտոնյաներ, որոնք իրենց հարցազրույցներում քողարկված ձեւով կոռուպցիա են քարոզել։ «Եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են կառավարությունում աշխատելով կոռուպցիա քարոզել, իրենք չարաչար սխալվում են, չի լինելու նման բան: Այդ պաշտոնյաներին եթե թվում է, որ իրենք, մնալով կառավարությունում, կարող են առիթից օգտվել եւ շարունակել կոռուպցիա քարոզ անել, կրկնեմ՝ չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել: Նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»․ ահա այսպես է փորձել բացատրել շրջաբերականի նպատակը վարչապետի խոսնակը։

Հարցրինք նրան՝ քանի՞ այդպիսի դեպք է եղել, եւ ո՞ր պաշտոնյաներն են իրենց հարցազրույցներում քողարկված կամ անթաքույց ձեւով կոռուպցիա քարոզել։ Եղոյանը, սակայն, ո՛չ որեւէ անուն նշեց, ո՛չ էլ որեւէ կոնկրետ դեպք, որովհետեւ «կոնկրետ դետալների մեջ չի խորանում»։ Բայց վստահեցրեց, որ եղել են նման դեպքեր։

- Իսկ ինչո՞ւ չեք ազատում այդ մարդկանց աշխատանքից։

-Դա, ուրեմն… տեսեք, ոչինչ մի օրում տեղի չի ունենում, լա՞վ։ Ե՛վ վարչապետի, ե՛ւ քաղաքականություն իրականացնող նախարարների ցանկացած որոշում պետք է հիմնավորված լինի դրան նախորդած իրադարձությունների վերլուծությամբ։ Այս պահի վերլուծության հետեւանքն այն է, որ նման շրջաբերական է իջեցվել։ Եթե լինեն ազատման անհրաժեշտ նման փաստարկներ, բնականաբար, կազատվեն այդ պաշտոնյաները։

- Նախորդ կառավարությունների օրոք վարչության պետերն ու փոխնախարարները հիմնականում հարցազրույց տալիս էին առանց նախարարի կամ մամուլի խոսնակի հետ համաձայնեցնելու եւ մեր կողմից քննադատության էին արժանանում, երբ պարզվում էր՝ ամեն մի բառն ասելուց առաջ պետք է խոսնակից թույլտվություն խնդրեին։

-Նման բան չկա, ընդամենը իրենց ասելիքը, որպեսզի լինի ավելի համակարգված, քանի որ մամուլի քարտուղարները եւ վերադասները տիրապետում են ավելի համապարփակ ինֆորմացիայի, քան ոլորտային վարչության պետերը կամ փոխնախարարները…

- Ո՞նց կարող է մամուլի խոսնակն ավելի համապարփակ տիրապետել այն հարցին, որին տիրապետում է ոլորտային մասնագետը։

-Այսինքն, եթե ոլորտային մասնագետը գիտի իր ոլորտի մասին միայն, ապա մամուլի քարտուղարը գիտի բոլոր ոլորտների մասին։

- Այդ դեպքում այդ վարչության պետերին ազատեք, թող միայն մամուլի խոսնակը մնա, եթե ամեն ինչից տեղյակ է, ինչո՞ւ եք մեր հարկերի հաշվին այդքան ավելորդ հաստիք պահում։

-Վահե ջան, կներեք, էլի, թույլ կտա՞ք վարչապետը որոշի՝ ում ազատի եւ ում չազատի։ Ուրեմն, վարչության պետի գործը քաղաքականություն իրականացնելն է, մամուլի քարտուղարի գործն այդ քաղաքականության մասին լրատվամիջոցներին տեղյակ պահելն է։ Եվ ամեն մեկն անում է իր գործը։ Եվ դուք կտեսնեք ձեր աշխատանքի մեջ՝ էդ շրջաբերականը կազդի՞ ձեր աշխատանքի վրա, թե՞ չի ազդի։

- Հիմա խնդրում եմ՝ մեկ-երկու օրինակ թվարկեք, որ հանրությունն իմանա, թե ովքեր են կառավարությունում այն պաշտոնյաները, որոնք շեղվում են կառավարության որդեգրած գծից եւ մեր հարկերի հաշվին կոռուպցիա քարոզում։

-Երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, դուք կիմանաք։ Էս պահին կա շրջաբերականի անհրաժեշտություն, եւ եղավ շրջաբերական։

ՀԳՄեզ հետաքրքրում էր նաեւ, թե որ օրենքով սահմանված կարգով են այս կարգը խախտողները ենթարկվելու կարգապահական տույժերի։ Այս հարցի պատասխանն ստանալու համար Արման Եղոյանը մեզ ուղղորդեց աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ՝ վստահեցնելով, որ նա «միանշանակորեն կպատասխանի այս հարցին»։ Բայց Աղաջանյանի հետ ամբողջ օրը, ինչպես սովորաբար լինում է, կապ հաստատել չհաջողվեց։ Փորձեցինք օգնականի միջոցով խոսել։ Վերջինս գրանցեց մեր հարցերն իր մոտ, խոստացավ, որ կփոխանցի Աղաջանյանին եւ մեզ «հետ կզանգահարի»։ Բայց ո՛չ զանգահարեցին, ո՛չ էլ այնուհետեւ պատասխանեցին մեր զանգերին։ Թերեւս շրջաբերականն արդեն սկսել է գործել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X