«Վեոլիա ջուր» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց

Հեղափոխությունը, ինչպես ժողովուրդն է ասում, «Վեոլիա ջուր» ընկերության «վրա չեկավ»։ Արդեն մի քանի ամիս է, ինչ «Վեոլիա ջրում» պարբերաբար ստուգումներ են իրականացվում։ Գարնանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էր վարույթ հարուցել «Վեոլիա ջրի» դեմ, խախտումներ էր հայտնաբերել ու տուգանք սահմանել՝ 5 մլն դրամի չափով։ Վերջին օրերին էլ ոստիկանությունն էր քրքրում ընկերության ֆինանսական փաստաթղթերը։ «Հրապարակի» աղբյուրը՝ իրավական շրջանակից, պնդում է, որ ֆինանսական չարաշահումների փաստով նույնիսկ քրեական գործ կա հարուցված։ Այժմ «Վեոլիա ջրի» գործունեության վերաբերյալ քրեական գործ է հարուցված, որը Հատուկ քննչական ծառայության վարույթում է։ Ըստ վստահելի տվյալների, չարաշահումներն առնչվում են ջրի սակագնի բարձրացմանը։

Ինչպես հայտնի է, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագների ճշգրտման հայտով: Օգոստոսի 18-ին հանձնաժողովն ավարտել է հայտի կամերալ ուսումնասիրությունը եւ այժմ ավելի խորքային ուսումնասիրություն է կատարում։ Ամեն տարի ընկերությունը մի այդպիսի հայտ է տանում հանձնաժողով եւ սակագինը քիչ-քիչ ավելի եւ ավելի է բարձրացնում։ Սա կոչվում է ճշգրտում, բայց, փաստացի, խոսքը սակագնի բարձրացման մասին է, որովհետեւ ճշգրտումների արդյունքում ջրի սակագինն անշեղորեն բարձրանում է, եւ ավելանում են ջրամատակարարման ոլորտում մենաշնորհ հաստատած ֆրանսիական ընկերության եկամուտները։ Մեր տեղեկություններով, «Վեոլիա ջրին» քաղցր աչքով է նայում Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Այս կառույցն ամեն տարի հաստատում է «Վեոլիա ջրի» ներկայացրած ֆինանսական հիմնավորումները։ Այս անգամ ընկերությունն առաջարկել է 1 խմ ջրի արժեքը՝ 180 դրամ, հասցնել 194.3-ի, իսկ խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամից դարձնել 58.3։ Ընկերության պատասխանատուները սակագնի բարձրացման պահանջը պատճառաբանում էին նրանով, որ 200 մլն դոլարի լրացուցիչ ներդրում է կատարվել, հայտարարում էին, որ պատրաստվում են դրա հաշվին արդիականացել համակարգը, մարզերում ջրամատակարարման համակարգերը բարելավել։ Իրականում, սակայն, իրավապահները, մեր տեղեկություններով, չպատճառաբանված ծախսեր են գտել, վատնումներ, որոնց արդյունքում էլ առաջացել է գնի բարձրացման անհրաժեշտությունը։ Օրինակ, շռայլումներից մեկը եղել է այն, որ «Վեոլիա ջուրն» իր հաշվին կազմակերպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների այցը Ֆրանսիա եւ այնտեղ ինչպես կարողացել, զվարճացրել է մեր պաշտոնյաներին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ հանձնաժողովականները պաշտոնական այցով են եղել Ֆրանսիայում։ «Դա եղել է անցյալ տարի եւ կապված է եղել փորձի փոխանակման հետ»,- ասաց Ռ․ Նազարյանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, իրավապահները Ֆրանսիա կատարած այցը համարում են կոռուպցիայի դրսեւորում։

«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն այս օրերին քիչ են երեւում գրասենյակում։ Այն վերջին օրերին համարյա դատարկ է։ Ընկերության գլխավոր «օֆիսը» Կենտրոնից տեղափոխվում է Արաբկիր վարչական շրջան։ Մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը մեզ պատասխանեց․ «Այո, վեցերորդ վարչությունից են նստած՝ արդեն բավականին երկար ժամանակ։ Ստուգումներ են կատարվում, բայց ինչ հիմքով, ինչ ուղղությամբ, չեմ կարող ասել»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին Ֆրանսիա տանելու մասին նա ոչինչ չգիտեր։ «Ինձ նման պաշտոնական այցի մասին հայտնի չէ»,- ասաց Մ․ Սարգսյանը։ Մեր ոչ պաշտոնական, բայց ճշգրիտ տեղեկություններով, սակայն, «Վեոլիա ջուր» ընկերության վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Հարուցված է քրեական գործ։ Հիմքում ֆրանսիական այցելությունն է։ ՀՔԾ-ից հրաժարվեցին տեղեկություններ հայտնել, սակայն նաեւ չհերքեցին լուրերը։ Նկատենք, որ վերջերս նաեւ քաղաքացիների շրջանում ամբողջ Հայաստանը ջրով ապահովող «Վեոլիայից» մեծ դժգոհություն է զգացվում։ Կարելի է ասել՝ այն նկատելի խորացել է։ Չկա մի օր, որ որեւէ բաժանորդ ԶԼՄ-ներին չդժգոհի վատ սպասարկումից։ Ոմանք նույնիսկ վարչական դատարան են դիմել ընկերության դեմ, ինչպես Էրեբունու բնակիչ Արմեն Հախնազարյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X