Դատարանը չի կարող դատական ակտ կայացնել՝ հանրությանը հաճոյանալու համար

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտությունն այն է, որ օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, եւ որոշ «կոռումպացված դատավորներ» շարունակում են «տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը»։ «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,- մասնավորապես նշեց վարչապետը։

Արդյոք երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելն անհրաժեշտությո՞ւն է դարձել, արդյոք դատական համակարգը կազմալուծվել է, եւ անցումային արդարադատությունը մնում է միակ միջո՞ցը։ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի իրավական համակարգում չկան այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են թույլ տալ եզրակացնելու, թե արդարադատության համակարգն արդեն սպառվել է, եւ միակ միջոցը մնում է անցումային արդարադատությունը․ արդարադատության համակարգը, գործող Սահմանադրությանը օրենքներին եւ Հայաստանի միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է իր առաքելությունը շրջանակներում, իսկ դատավորները պատասխանատու են իրենց դատական ակտերի օրինականության համար։

«Անցումային արդարադատության հետ կապված՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակով է դա արվում։ Եթե քննարկում ենք հայտարարված նպատակը, ապա գործող Սահմանադրությունը չի փոփոխվել այն աստիճան, որ խոսենք իրավական կոլապսի մասին, իսկ քաղաքագիտական վերլուծությունները կարծես թե անտեսում են Հայաստանի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»։

- Արդեն կարծիքներ կան, որ այդպես խախտվում են Սահմանադրության որոշ կետեր, եւ Փաշինյանին կարող են մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ։

-Կանխատեսումներ անելը, իհարկե, անհեռանկար գործ է, ես չեմ ուզում մոդելավորել, բայց Սահմանադրությունը պարտավոր ենք հարգել բոլորս՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից եւ աշխարհայացքից։

- Փաշինյանն էլ հայտարարեց, որ որոշ դատավորներ «տեղը չեն բերում ժողովրդական հեղափոխությունը», մինչ այդ էլ շատ էին կարծիքները, թե շատ դատավորներ անմիջականորեն կապված են եղել նախկին իշխանությունների հետ՝ մասնավորապես նշելով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի անունը։

-Չի կարող լինել հին կամ նոր իշխանության դատարան, կա դատարան, որը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված։ Չի կարող ամեն ընտրությունից կամ իշխանափոխությունից հետո նոր դատական համակարգ ձեւավորվել, այդ դեպքում դա կլինի քվազիդատարան, որը պետք է սպասարկի այդ ժամանակահատվածում ձեւավորված իշխանությանը։ Դատական համակարգը Սահմանադրությամբ սահմանված իշխանության ինքնուրույն ճյուղ է, եւ նրա գործունեության կարեւոր սկզբունքներից մեկն էլ դատավորի անփոփոխելիությունն է։ Դատավորը չի կարող պատկանել այս կամ այն իշխանությանը, նա իր առաքելությունն է իրականացնում։ Դատարանը չի կարող դատական ակտ կայացնել՝ հանրությանը հաճոյանալու համար, եւ եթե դատական ակտը հանրության սրտով չէ, դա չի նշանակում, որ դատավորն է մեղավոր դրա համար․ ի վերջո դատավարությունը մրցակցային է՝ կա մեղադրող կողմ եւ պաշտպանական կողմ, որոնք դատարանին են ներկայացնում իրենց փաստարկներն ու ապացույցները։

- Այժմ ինչպիսի՞ն պետք է լինի Բարձրագույն դատական խորհրդի դերը։

-Բարձրագույն դատական խորհուրդը հենց կոչված է դատավորների անկախությունն ապահովելուն, եւ նրանք եւս պետք է բարեխիղճ իրենց պարտականությունները կատարեն։ Կարծում եմ՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից պետք է լինի այնպիսի արձագանք, որ դատավորներն իրենց անկախության ապահովվածության մասով որեւէ կասկած չունենան։

- Փաշինյանը մինչեւ իշխանության գալը հայտարարում էր, որ ապահովելու է անկախ դատական համակարգ։ Այժմ դատավորներդ զգո՞ւմ եք այդ անկախությունը։

-Հարցը շատ հետաքրքիր է։ Ցանկացած դատավոր, ով իրականացնում է արդարադատություն, ինքը պետք է ներքուստ անկախ լինի։

- Շատերն են դժգոհում դատական համակարգից, որ այն անկախ չէ, բացեր ու թերություններ կան։ Եթե բացառենք անցումային արդարադատությունը, ապա ինչպե՞ս պետք է լավացնել դատական համակարգը։

-Բոլոր համակարգերն էլ բացեր ու թերություններ ունեն։ Դատական ակտի որակը պետք է գնահատեն մասնագետները, որովհետեւ դատավարության կողմերն այդ գործով արդեն շահագրգիռ են՝ հաղթող կողմը գոհ է, պարտվող կողմը՝ դժգոհ, բայց պետք է գնահատել դժգոհության աստիճանը։ Եթե դժգոհողն արդեն խոսում է դատավորի անձից, ուրեմն դատավորի որոշումն իրավաբանորեն անթերի է, հակառակ դեպքում նա կխոսեր այդ մասին։ Երբ որ մենք ասում ենք, որ դատական համակարգն անկախ չէ, մենք պետք է հասկանանք, թե ումից է կախված այդ դատական համակարգը, ինչո՞ւ անկախ չէ։ Բանալին հենց այդ հարցն է, թե ումից է կախված, ով է կարողանում ազդել դատարանի որոշումների վրա։ Պետք է բացահայտենք այս հանգամանքը, կարողանանք հասարակական վերահսկողություն սահմանել, որ որեւէ մեկը չկարողանա ազդել դատարանի որոշումների վրա, մենք պետք է բացառենք հանիրավի քննադատությունը, որը վերածվում է ոչ թե առողջ քննադատության, այլ պրոպագանդայի։ Մենք խոսում ենք դատական համակարգի թերությունների մասին՝ առանց նշելու, թե ինչ թերություններ են՝ իրավակա՞ն են, կազմակերպչակա՞ն, դատավորի մասնագիտակա՞նն են։ Իսկ միգուցե մեզ դուր չի գալիս, որ ի վնաս մեզ են դատական ակտերը, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ դատարանը վատն էր, աչառու էր կամ ծախված։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X