Զգուշություն եւ ծրագիր

Վարչապետի 100 օրը լրացավ, եւ նոր կառավարությանը չքննադատելու տաբուներն էլ վերացան։ Ճիշտ է, դեռ կան մարդիկ, որոնք իրավացիորեն պնդում են, որ 100 օրը շատ կարճ ժամանակ է ինչ-որ փոփոխությունների հասնելու համար, բայց ընդդիմախոսներն առարկում են, որ 100 օրը բավարար է ծրագիր ունենալու, հստակ ուղղություն որդեգրելու, նպատակներն ու թիրախները ճիշտ որոշելու համար։

Կարծում են, որ մի բան եթե սխալ սկիզբ ունի, չի կարող ճիշտ շարունակություն ունենալ։ Ամեն դեպքում, ուրախացնող չէ այն, որ 100 օր անց նոր կառավարությունը որպես թիրախ դիտարկում է ՀՀԿ-ն, որպես ծրագիր՝ «հակահեղափոխության դեմ պայքարը»։ Երբ «թիրախը» կդառնա ողջ հասարակությունը, իսկ ծրագիրը՝ նրա կյանքը բարելավելը, գուցե նկատենք նաեւ դեպի առաջընթաց տանող քայլերն ու լույսը թունելի վերջում։ Իսկ այսօր առայժմ գործ ունենք հեղափոխական կառավարության հետ, որը «սաբոտաժի» դեմ է պայքարում, «հակահեղափոխության» վտանգ տեսնում, նոր դատական մարմիններ ստեղծելու եւ այլընտրանքային արդարադատություն իրականացնելու քայլեր ձեռնարկում։

Ուստի պատահական չէ այն ակտիվացումը, որ վերջին օրերին ապրում է ասպարեզից հեռացած ՀՀԿ-ն՝ մատնացույց անելով իշխանությունների սխալներն ու թերացումները։ Այս պարագայում ճիշտ կլիներ ոչ թե ընդդիմախոսների, անգամ եթե դա վարկաբեկված ՀՀԿ-ն է, բերանը փակելը, այլ պարզապես նրան խոսելու հնարավորություն «չտալը»։ Այսինքն՝ յուրաքանչյուր խոսքն ու քայլն այնքան պատճառաբանված ու հիմնավոր պետք է լինեն, որ անգամ «ձվի մեջ մազ» ման եկող ՀՀԿ-ն ասելիք չունենա։ Իսկ դրա համար նախ պետք է զգույշ լինել եւ մարդու իրավունքների, հատկապես ազատ արտահայտման իրավունքի դեմ հայտարարություններ չանել։ Ապա՝ դատական համակարգի անկախության դեմ քայլեր չձեռնարկել։

Մեկնաբանություն
X