Դատախազությունը բողոքարկեց Քոչարյանի ազատ արձակման՝ Վերաքննիչի որոշումը

Դատախազությունը ստորագրել և ուղարկել է բողոքը Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և դուրս իրենց լիազորությունների շրջանակից։ Այս հայտարարությունը Քնչական ծառայության կոմից արվել էր նախքան մեղադրող և պաշտպանող կողմի՝ Վերաքննիչի որոշումը ստանալը։ Գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՔԾ-ի հայտարարությունը համարել էր անգրագիտություն․«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ»։

Պաշտպանական կողմը դեռևս Վճռաբեկ բողոք չի ներկայացրել․ «Վճռաբեկ դատարան դեռևս բողոքը չենք ներկայացրել։ Դեռ աշխատում ենք բողոքի վրա։ 15-օրյա ժամկետ ունենք։ Դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման հիմք է ընդունել վերջինիս անձեռնմխելիությունը, սակայն, իմ գնահատմամբ, մյուս երկու հիմքերը պակաս կարևոր չէին այդ հարցում»,-այսօր մեզ հետ զրույցում ասել էր Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիմքերից մեկը պաշտպանական կողմը չի բացահայտում, քանի որ այն, նրանց խոսքով, շոշափում է նախաքննական գաղտնիքը։ Մյուս հիմքը վերաբերում է նախագահի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությանը։ Մեղադրական կողմի պնդմամբ՝ այն եղել է հակասահմանադրական։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Սլավա Բադալյան

Մեկնաբանություն
X