Վստահորդը դժգոհ է փաստաբանից․ վերջինս բոլոր փաստաթղթերը չի ներկայացրել ՄԻԵԴ

Երկու տարի առաջ՝ 2016թ․ մարտի 3-ին, «Հրապարակ» օրաթերթը անդրադարձել էր ՀՀ քաղաքացի Սոնա Սահակյանի պատմությանը, թե ինչպես են նրա որդուն՝ Ալիկ Զախարյանին շփոթել թուրք դիվերսանտի հետ եւ ծեծել։ Ըստ Սոնա Սահակյանի՝ 2014թ. հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի գերեզմանատնից քիչ հեռու գտնվող «Քոռ աղբյուր» կոչվող տարածքում ռազմական ոստիկանները քաղաքային ոստիկանների հետ գալով հանցավոր համաձայնության, իր որդուն՝ Ալիկ Զախարյանին, ենթարկում են դաժան ծեծի։ Ալիկ Զախարյանն, ըստ իր մոր պատմածի, մինչեւ ծեծի ենթարկվելը եղել է 2-րդ խմբի հաշմանդամ։ «Թեւերը շղթայում են, ծեծում են ավտոմատների սպառնալիքների տակ, ստիպում են, որ կեղտոտ առվից ջուր խմի, հետո նրան, նետելով մեքենա, տանում են Մարտունու ռազմական ոստիկանության բաժին»,- պատմել է խմբագրություն այցելած ՀՀ քաղաքացին։

Սոնա Սահակյանը մեր թերթի հետ զրույցում նշել էր նաեւ, որ, ըստ քրեական գործի նյութերի՝ իր որդուն ծեծի ենթարկելու առթիվ ցուցմունքներ են տվել ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի պետ Վահան Մարգարյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի պետ Հակոբ Վարդանյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի պետի տեղակալ Խաժակ Կարապետյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության պետ Արայիկ Գալստյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ Պետրոս Քոչարյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու օպերատիվ բաժնի պետ Հրայր Փիլիպոսյանը, Ոստիկանության Մարտունու քրեական հետախուզության ավագ օպեր-լիազոր Սամվել Սահակյանը, Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակից Արամ Գաբրիելյանը, Գեղհովիտ գյուղի բնակիչ Սոկրատ Սահակյանը, Ռազմական ոստիկանության աշխատակիցներ Խաչիկ Խաչատրյանը եւ Լյուդվիգ Խաչատրյանը, ԱԱԾ աշխատակիցներ Հրայր Մանուկյանն ու Արա Երվանդյանը, Ռազմական ոստիկանության բաժնի հետաքննիչ Արտոս Սաֆարյանը։

Նրանցից ոմանք, ըստ Սոնա Սահակյանի, տվել են կեղծ ցուցմունքներ։ Քաղաքացու հավաստմամբ՝ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Սեւանի 5-րդ կայազորի քննչական բաժնում եւ իր որդուն ճանաչել են տուժող։ Երկու տարի անց կրկին մեր թերթի խմբագրություն էր այցելել Սոնա Սահակյանը։ Նա պատմեց, որ իր որդու իրավունքները պաշտպանելու համար փաստաբան Դավիթ Ասատրյանի միջոցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հետո ասաց, որ փաստաբանն իրենից 200 հազար դրամ է պահանջել, ինքն էլ վճարել է, կնքել են պայմանագիր։ Եվ փաստաբանն էլ ՄԻԵԴ-ից ցանկացած նյութ, գրություն ստանալու դեպքում պետք է անհապաղ տեղեկացներ Սոնային։ «Գործն ուղարկվեց ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ն այն ընդունեց վարույթ։ Սակայն փաստաբան Դավիթ Ասատրյանը պատշաճ կերպով չի ներկայացրել բոլոր փաստաթղթերը։ Նա պատճառաբանել է, որ ժամանակի սղության պատճառով չի կարող բոլոր փաստաթղթերը ներկայացնել ՄԻԵԴ։ Դավիթ Ասատրյանը, իր ասելով, ՄԻԵԴ-ից երկրորդ նամակը ստացել է 2017թ․ օգոստոսի 11-ին, իսկ այդ մասին ինձ տեղեկացրել է 2018թ․ մարտ ամսին։ Երբ ես իրեն զանգահարեցի, ասացի, թե ինչու է թաքցրել, ասաց՝ ես Ձեր ընտանեկան փաստաբանը չեմ, ինձ այլեւ չզանգեք։ Ես դիմեցի Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, խնդրեցի որդուս օգնելու համար փաստաբան տրամադրել, ասել եմ, որ թեկուզ մաս-մաս կվճարեմ, ինքն ինձ մերժեց։ Իսկ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը գրավոր պատասխանեց, որ ՄԻԵԴ դիմելու հարցերում օգնելու իրավունք չունեն։ Իսկ Դավիթ Ասատրյանն ասել է, որ ՄԻԵԴ-ից տեղեկություններ ստանալու դեպքում ինձ չի տեղեկացնի, քանի որ իրեն չեմ վստահել։ Բայց ես ունե՞մ, չէ՞, չվստահելու հիմքեր»,- հարցնում է Սոնա Սահակյանը։ Փորձեցինք ստանալ նաեւ փաստաբան Դավիթ Ասատրյանի մեկնաբանությունը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X