Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, բանտ կամ մեկ ուրիշ տեղ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչ կարող է փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ «Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, բանտ, թե ուրիշ տեղ։ Դա իմ որոշելիքը չէ։ Ես ինքս, որպես նախկին իրավաբան, ասել եմ, որ այդ դատավորը պարտավոր էր ինքնաբացարկ հայտներ, քանի որ շահերի բախման եթե ոչ իրականություն, ապա կար հրապարակային տպավորություն, ինչն ինքնին իջեցնում է դատական համակարգի նկատմամբ վստահությունը։ Ավելի հետեւողական, հաստատակամ, հեռահար մոտեցում պետք է տեղի ունենա՝ պահպանելով անմեղության կանխավարկածը, թույլ տալով, որ խոսի, բայց նաեւ իմանալով, որ հասարակության մի զգալի մասն իրավունք ունի իր տեսակետը հայտնել հակադարձ»,- ասաց «Ժառանգության» նախագահը։

Նա հավելեց, որ կա մեղադրանքի հիմքը, եւ այն պետք է ապացուցվի, մնացածը պետք է լուծի իրավական համակարգը։ Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգված է, քանի որ հեղափոխությունը անկատար է, դեռեւս չի ամբողջացվել։ Միաժամանակ նա չի ֆետիշացնում Ռոբերտ Քոչարյանի գործոնը՝ որպես նոր բեւեռի ստեղծում։ «Ես չեմ կարծում, թե «վտանգ» կա իր վերադարձի մեջ, թեեւ ոմանց տվել է որոշ հույս ռեւանշի, վերադարձի։ Անհարկի խուճապի կարիք չկա այս փուլում»,- ասաց «Ժառանգության» նախագահը։ Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպես է վերաբերվում «Ժառանգության» նախագահը անցումային արդարադատությանը։

Նա հիշեցրեց, որ Հարավային Աֆրիկայում եղել են ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովներ, որոնք քննության են առել մարդու իրավունքների բոլոր խախտումները այդ երկրի դժնդակ պատմության ընթացքում։ Եվ այդ հանձնաժողովները, ըստ նրա, բարձրացրել են հանրային վստահությունը։ «1995-96 թվականներից մենք չենք ապրում դե յուրե Հայաստանում։ Այդ առումով պետք է ասել, որ ցանկացած անցումային արդարադատություն պետք է հաշվի առնի ամբողջ պատմության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումները, ներառյալ՝ Մարտի 1-ը։ Մենք ունեցել ենք ընտրությունների գողություն՝ 1995 թվականից այս կողմ, ունեցել ենք հոկտեմբերի 27, Մարտի 1։ Եվ եթե այս ճանապարհով գնանք, ապա պետական ողջ մարմինը պետք է ենթարկվի լյուստրացիայի, այսինքն՝ պետական բոլոր բարձրաստիճան այրերը, իրավապահ համակարգի այրերը, համապատասխան գործակալները, որոնք վկայություն, մասնակցություն ունեն այս կամ այն դեպքի մեջ, պետք է բացվեն եւ ենթարկվեն դատաքննության։ Եվ սա քաղաքական մոտեցում է, ոչ թե հռետորական»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իր այդ դիրքորոշումը նա բացատրեց այն բանով, որ այսօր ԱԱԾ պետի կողքին տեսել է պաշտոնյաների, որոնք Ռ․ Քոչարյանի օրոք իրեն եւ իր ընտանիքին հետապնդել են, օդանավակայանում իր երեխաների օրատետրերն են բացել գաղտնի ծածկագրեր փնտրելիս։ Այդ նույն մարդիկ, պարզ է, ամբողջական տեղեկատվության տեր են»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մեկնաբանություն
X