Նոր կառավարությանը կսատարենք մինչև արտահերթ ընտրություններ․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ ցուցակը կկազմվի այսօր հրավիրելիք կուսակցության վարչության լիագումար նիստում։ Որպես ցուցակը գլխավորող անձանց անուններ՝ քննարկվում են Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի անունները։ Այսօր այդ մասին հայտարարեց կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։

Անդրադառնալով ապրիլյան հեղափոխությանը, որն ավարտվեց հաղթանակով, Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց նախորդ բոլոր քաղաքացիական շարժումները՝ տրանսպորտի սակագնի դեմ պայքարը, «Էլեկտրիկ-Երեւանը», այլք։ Նա հույս հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները կլինեն օրինակարգ, եւ կբացառվեն այն բոլոր հոռի երեւույթները, որոնք տեղի են ունեցել 20-23 տարվա ընթացքում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում էր ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմանը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է։

«Չեմ կարծում, թե կա խոսքի ազատության սահմանափակում։ Նրանք, ովքեր երկար տարիներ սահմանափակել են լրագրողների ազատ խոսքը, կեղծել են ընտրությունները, այսօր բողոքում են խոսքի ազատությունից»,- ասաց «Ժառանգության» նախագահը։ Նոր կառավարության 100 օրն էլ գնահատեց դրական՝ կոչ անելով, որ առաջիկայում նա գործի սառնասիրտ, պաշտպանելով քաղաքացու սահմանադրական իրավունքը։ Ներկա կառավարությանը «Ժառանգությունը» կսատարի մինչեւ արտահերթ ընտրություններ։ Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պետք է արագ, շուտափույթ անցկացնել արտահերթ ընտրություններ։

Մեկնաբանություն
X