Իրավունք

Ո՞ր տվյալներն է քննիչը Ռոբերտ Քոչարյանի գործով համարում նախաքննական գաղտնիք և որը՝ պետական գաղտնիք

«Վճռաբեկ դատարան դեռևս բողոքը չենք ներկայացրել։ Դեռ աշխատում ենք բողոքի վրա։ 15-օրյա ժամկետ ունենք։ Դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման հիմք է ընդունել վերջինիս անձեռնմխելիությունը, սակայն, իմ գնահատմամբ, մյուս երկու հիմքերը պակաս կարևոր չէին այդ հարցում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիմքերից մեկը պաշտպանական կողմը չի բացահայտում, քանի որ այն, նրանց խոսքով, շոշափում է նախաքննական գաղտնիքը։ Մյուս հիմքը վերաբերում է նախագահի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությանը։ Մեղադրական կողմի պնդմամբ՝ այն եղել է հակասահմանադրական․ «ՀՔԾ-ն իրավունք չունի նման բան ասել, և Առաջին ատյանի դատարանն էլ իրավունք չուներ նման բան ասել, որովհետև նախագահի հրամանագիրն ապօրինի կարող էր ճանաչվել միայն ՍԴ որոշմամբ»,- նշում է Ալումյանը։

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ պաշտպանական կողմը իրավասո՞ւ է միջնորդություն ներկայացնելու, որ նախաքննական գաղտնիքը կամ դրա մի մասը բացահայտվի․

«Ոչ թե նախաքննական գաղտնիքը բացվի, այլ այս կամ այն փաստաթուղթը հրապարակվի։ Օրենքը քննիչին վերապահել է իրավասություն՝ գործին առնչվող տվյալները ցանկացած ծավալով հրապարակելու՝ ցանկացած ծավալով։ Եթե քննիչը այդպիսի իրավասություն ունի, ուրեմն՝ հնարավոր է դիմել քննիչին թույլտվության համար, որ մենք էլ հրապարակենք որոշակի հատվածներ, որոնք քննիչի կարծիքով չեն խոչընդոտի նախաքննությանը։ Միջնորդելու իրավասություն ունենք»,- ասաց Ալումյանը։ Պաշտպանի խոսքով՝ ինքն անձամբ պատրաստվում է ճշտել, թե ո՞ր տվյալներն է քննիչը համարում նախաքննական գաղտնիք և որը՝ պետական գաղտնիք։

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և դուրս իրենց լիազորությունների շրջանակից։

Գլխավոր դատախազությունն այսօր կբողոքարկի Վերաքննիչի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ պատրաստ են գնալ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որտեղ, երկրորդ նախագահի խոսքով, մեղադրանքը «չբեկանվելու զրոյական շանսեր կան»։

Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ

Մեկնաբանություն
X