Մինչև որտե՞ղ...

Lenta.ru-ի թղթակիցն այցելել է Ստեփանակերտ եւ հարցազրույց ունեցել Ազգային վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանի հետ: Մի քանի օր է՝ ադրբեջանական կայքերը տիրաժավորում են այդ հարցազրույցը՝ հավելելով սեփական մեկնաբանությունները: Հիմնականն այն է, որ Արցախում «իշխանափոխություն է նախապատրաստվում»: Ու՞մ է ձեռնտու, որ այս՝ իրականության հետ նույնիսկ հեռավոր աղերս չունեցող, տեղեկատվական կաղապարը նետվի ռուս-ադրբեջանական մեդիա-տիրույթ:

Ազգային վերածնունդ կուսակցությունը հունիս-հուլիս ամիսներին Ստեփանակերտում մի քանի հավաք է անցկացրել, որոնց մասնակցել է երկու-երեք տասնյակ մարդ: Գործնականում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը հանրային նվազագույն աջակցություն իսկ չունի: Եւ ահա այս իրավիճակում ռուսական մամուլը փորձում է գեներացնել Արցախում «ներքաղաքական ճգնաժամի» թեման: Ազգային վերածնունդ կուսակցությունը տրվում է այդ գայթակղությանը՝ կամա, թե ակամա վերլուծական բնույթի նյութ մատակարարելով ադրբեջանական քարոզչությանը, որի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի եւ Արցախի միջեւ հակասություններ սադրելն է:

Ոչ մի իշխանություն քննադատությունից ապահովագրված չէ, այդ թվում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Բայց նախ քննադատությունը պետք է հասցնել հանրային պահանջվածության մակարդակի, հետո ներկայացնել սեփական պատկերացումները: Իսկ առհասարակ Ազգային վերածնունդը պարտավոր է պահպանել քարոզչա-տեղեկատվական գործունեության մեջ մի սահման, որից այն կողմ սկսվում է արտաքին ազդեցության գործոնը: Այս դեպքում Ազգային վերածնունդն անցել է այդ սահմանը: Գիտակցվա՞ծ քայլ է դա, թե քաղաքական անփորձության արդյու՞նք՝ սա է խնդիրը:

Եթե ձեւակերպումները, որ Ազգային վերածնունդ կուսակցության ներկայացուցիչը թույլ է տվել Lenta.ru-ի հետ հարցազրույցում ոչ թե անձնական պատկերացումների անհասունություն, այլ կուսակցական դիրքորոշում են մատնանշում, ապա արցախյան հասարակությունը եւ քաղաքական մյուս բոլոր ուժերը պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն: Դա չի նշանակում, թե նախագահ Բակո Սահակյանը պետք է քննադատությունից դուրս դիտարկի:

Ոչ, ուղղակի Ազգային վերածնունդ կուսակցությունը պետք է հաշվի նստի աշխարհաքաղաքական իրողությունների, հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների ներկա իրողությունների հետ եւ ձեռնպահ մնա արտաքին ազդեցությամբ ներարցախյան խնդիրներ քննարկելու գայթակղությունից: Հակառակ դեպքում նա կարող է չափազանց հեռու գնալ՝ սահմանակցելով ազգային անվտանգության խնդիրներում դիլետանտության կամ «ազդեցության գործակալության» հետ:

Մեկնաբանություն
X