Մերկելը Հայաստան կայցելի առաջին անգամ․ հայ-գերմանական հարաբերությունները՝ ամփոփ

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 24-25-ը վարչապետ Փաշինյանի հրավերով Հայաստանում կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մերկելը Հայաստան կգա առաջին անգամ, թեև չհաստատված տեղեկություններ կան, որ կանցլերը եղել է Խորհրդային Հայաստանում՝ իբրև զբոսաշրջիկ։

2016 թվականին՝ ապրիլյան զարգացումների ընթացքում, Անգելա Մերկելը Սերժ Սարգսյանի հետ Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ շեշտել է , որ ԳԴ-ն՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, կողմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ և հնարավորինս արագ կարգավորմանը, չնայած, նրա խոսքով, «ինչ ձգձգվել է 25 տարի, մի այցով կամ մի թափով չի լուծվի»։

Գերմանիայի կանցլերը Արցախի խնդրի կարգավորման համար կարևորել էր Հելսինկիյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հետևումը՝ հիմնված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։

Մերկելը կողմ է արտահայտվել նաև հայ-թուքական հարաբերությունների կարգավորմանը և նշել, թե իրենք պատրաստ են նպաստել երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը։ 2016 թվականի հունիսի 2-ին էլ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ի պատասխան դրան հայտարարել էր, որ որոշումն «ամոթալի է» Գերմանիայի խորհրդարանի հեղինակության համար: Կանցլեր Մերկելն ասել էր․ «Գերմանիային Թուրքիայի հետ կապող շատ բան կա, և եթե նույնիսկ առանձին հարցերում տարակարծիք ենք, մեր կապերի լայն շրջանակը, մեր բարեկամությունը, մեր ռազմավարական կապերը հզոր են»։

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները, սակայն, աչքի են ընկնում անկայունությամբ։ Օրինակ՝ երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալ էր հասունացել, երբ Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգել էր «Amnesty International» կազմակերպության` ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանավորվածների թվում էր նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները: Իրավիճակն այնքան էր շիկացել, որ Բեռլինը հայտարարել էր, որ պատրաստ է վերանայել Անկարային զենք-զինամթերք մատակարարելու հարցը:

Մի քանի օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցում էլ Մերկելը և Էրդողանը վճռականություն են հայտնել բարձրաստիճան փոխայցերով և կապերով էլ ավելի ապրապնդել թուրք-գերմանական համագործակցութունը:

Հայաստան -Գերմանիա տնտեսական գործակցությունը

ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ ԱՊՀ, ԵՄ և այլ երկրների թվում առևտաշրջանառության ծավալներով Գերմանիան Հայաստանի երկրորդ գործընկերն է Ռուսատանից (մոտ 28%) հետո, իսկ Եվրամիության երկրների թվում՝ առաջինը։ Առևտրաշրջանառության ընդհանուր հաշվեկշռում ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ներմուծման և արտահանման ծավալները կազմել են 5,2%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1%-ով ավելին։ Ընդ որում՝ Գերմանիայից Հայաստան ներմուծման ծավալներն ավելի մեծ են, քան արտահանմանը։

Երկու երկրների իշխանությունները բազմիցս նշել են՝ ՀՀ-Գերմանիա տնտեսական շփումների մակարդակը կարող է ավելի լավը լինել։

Հավելենք, որ Գերմանիայի կանցլերը մայիսին շնորհավորել էր Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու առթիվ։ Նրանք կարճ հանդիպում են ունեցել Փաշինյանի՝ Բրյուսել այցի ժամանակ։

«Դուք Հայաստանի նոր վարչապետն եք, շնորհավորում եմ Ձեզ»,- ասել է Մերկելը՝ ձեռքը մեկնելով Նիկոլ Փաշինյանին։

Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ

Մեկնաբանություն
X