Եթե ամեն գյուղում լիներ ՔՊ բաժանմունքը, երեւի, ապահովված կլինեինք Շուռնուխի դեպքի նման խայտառակ իրադարձություններից

Մշակութաբան Արա Նեդոլյանը, նախքան օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելը, Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Շուտով հիսուն տարեկան կլինեմ, առաջին անգամ եմ մասնակցելու իշխանական հանրահավաքի»: Արա Նեդոլյանից հետաքրքրվեցինք, թե արդեն իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ելույթից, հանրահավաքից ինչ տպավորություն է ստացել, ինչպես հաջողվեց կառավարությանն ամփոփել 100 օրը:

«Երեկվա հանրահավաքը՝ կյանքումս առաջին պրո-իշխանական հանրահավաքը, որ այցելել եմ՝ թողեց երկակի տպավորություն: Մի կողմից՝ այն ցույց տվեց ժողովրդական համախմբման պահպանումը հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի շուրջ: Այն ընդգծեց ռեւանշիստական ուժերի փաստացի լիգիտիմության իսպառ պակասը և նրանց արդեն կայացած պատմական սնանկացումը: Մյուս կողմից՝ պարզ չեղավ, ինչպես այդքան բացահայտ դե- ֆակտո վիճակը ամրագրել օրինական որոշումներով: Նիկոլ Փաշինյանի առաջարկած մեթոդները՝ սահմանադրական հանրաքվեն ու անցումային արդարադատությունը՝ դեռ որ մշուշոտ եմ պատկերացնում թե ինչպես պետք է իրականացվեն, մի տեսակ ուռճացված են թվում, գերլարում պահանջող:

Եվ այստեղ կա հանրահավաքում գրեթե չշոշափված, կամ թույլ շոշափված երրորդ կողմ` թե հանուն ո՞ր ապագա բարեփոխումների է պետք այդ ամենը, ժողովուրդը, հասարակ մարդը ինչ հեռանկարներ, սպասելիքներ կարող է ակնկալել անձամբ իր համար: Ես կսպասեի, որ ներկայացվեր այդ փայլատակող տեսլականը, և ասվեր՝ ահա, հին քաղաքական համարգի սնանկ այս խումբը բաժանում է ձեզ այս հեռանկարից, ժողովուրդ, ահա հանուն ինչի մենք պետք է կատարենք պետականաշինական այս հերթական ջանքը, գերլարումը:

Նաև ափսոսում եմ, որ չի խոսվում կուսակացաշինության մասին՝ եթե ամեն թաղում, ամեն գյուղում լիներ ՔՊ բաժանմունքը, երեւի, ապահովված կլինեինք Շուռնուխի դեպքի նման խայտառակ իրադարձություններից: Եթե կուսակցությունը վերցներ իր վրա ապագայի տեսալականի, բարեփոխումների ռազմավարության մշակումը բաց և կոլեգիալ եղանակով, հանրային լայն շրջանակների անմիջական մասնակցությամբ, երեւի դա կլիներ կոնկրետ քայլ դեպի ուղիղ ժողովրդավարություն: Հուսով եմ, որ ապագա հանրահավաքներում այդ ամենը կհնչի»,- մեզ հետ զրույցում նշեց Արա Նեդոլյանը:

Մեկնաբանություն
X