Մայրը պատրաստվում է որդու ծննդյան տարեդարձին

Այսօր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է։ Կդառնար 22 տարեկան։

Կմեծանան նրա տարեկիցները, կգան նոր 20 տարեկանները ու Ադամին կհամարեն իրենց հասակակիցը․ Ադամը կմնա ավերժ 20 տարեկան։

Հերոսին շատ են նամակներ գրել, գրում՝ հասցեն Եռաբլուր։ Ամենահուզիչը, որ տպավորվել է իմ մեջ, զգացել եմ , որ հայրենապաշտության գենը հայի մեջ արյան հետ շաղախված է ու հենց արյան բովանդակությունն է, անծանոթ փոքրիկ աղջկա նամակն էր, որ թողել էր հերոսի շիրմի վրա․

«Երբ մեծանամ տղա ունենամ, քո անունով եմ կնքելու նրան, պատմեմ քո հերոսության մասին, ցույց տամ քո նկարը եւ հպարտանամ, որ ես էլ ունեմ Ադամ, ես էլ ունեմ հրեշտակ ու ապագա հերոս: Երդվում եմ: Հանգչիր խաղաղությամբ»:

Ադամին, ինչպես նաև մեր մյուս հերոսներին ուղղված շատ նամակներ եմ կարդացել, խորացել ամեն բառի մեջ ու հասկացել մի բան․ հայ ժողովրդի անարատ, անսպառ Սերը, որ մնայուն է, Զինվորն է։

Ադամ Սահակյանի ֆեյսբուքյան էջում՝ մայրը պատրաստվում է որդու ծննդյան տարեդարձին։ Տեղադրված է լուսանկարներ Սպասում է։

Հիշենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։

Մեկնաբանություն
X