Մեր բիզնեսմենները պարտավոր են համագործակցել մեր գերատեսչությունների հետ․ իրանագետ

Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ իրանցի գործարարների հետ աշխատող հայաստանցի ձեռներեցներին անհրաժեշտ է խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ դեսպանատանը՝ պատահաբար պատժամիջոցային ցուցակում չհայտնվելու նպատակով: Նա միաժամանակ հայտնել է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի վրա ազդելու կամ վնասելու նպատակ չեն հետապնդում:

Միլսի այս հայտարարությունը որոշ վերլուծաբաններ համարեցին ճնշում հայ գործարարների վրա։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Միլսի հայտարարությունը, նշեց․

«Մենք բաց ենք երկխոսության համար բոլոր կողմերի հետ։ Հայաստանի արտգործնախարարությունն աջակցում է հայաստանյան տնտեսվարող սուբյեկտներին, որ վերջիններս ավելի արդյունավետ իրականացնեն իրենց գործունեությունն արտերկրում»։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ հետաքրքրականն այն է, որ նմանօրինակ հայտարարություն առաջին անգամ է արվում դեսպանատան կողմից․ Իրանը 90-ականներից պատժամիջոցների տակ է, բայց այսիպի խորհուրդ չի հնչել․

«Եթե դեսպանի խոսքը ուշադիր լսենք, նա չի ասում, որ «պետք է անպայման գան», այլ ասում է, թե իրենք խորհուրդ են տալիս գալ՝ ավելի տեղեկացված լինելու համար՝ կարո՞ղ են հայկական կազմակերպությունները տուժել, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ մեր բիզնեսմենները պարտավոր են համագործակցել մեր ԱԳՆ-ի, Էկոնոմիկայի նախարարության հետ։ Եթե Միացյալ Նահանգները սա իսկապես անում է իբրև հոգատարություն, ապա շատ ճիշտ կլինի կազմակերպությունների ցուցակները, խորհրդատվությունները տրամադրեն մեր ԱԳՆ-ին, որն էլ իր հերթին կաշխատի մեր բիզնեսմենների հետ»։

- Տիկին Իսկանդարյան, Ձեր կարծիքով այլ պետությունների նկատմամբ քաղաքականություն մշակելիս Միացյալ Նահանգները հաշվի առնո՞ւմ է ռեգիոնալ իրողությունները։

-Որպես կանոն՝ մինչև հիմա հաշվի է առնվել այն հանգմանքը, որ Հայաստանը գտնվում է 2 կողմից շրջափակման մեջ, և երբեք այդքան խիստ քննադատություն, դիրքորոշում Իրանի հետ համագործակցության մասով չի եղել։ Այս պահին չի խոսվում Հայաստանի նկատմամբ որևէ լուրջ գործողություններ իրականացնելու մասին։ Ամեն ինչ դեռ խորհրդատվական մակարդակով է․ «խորհուրդ ենք տալիս», «լավ կլինի» և այլն։ Քանի դեռ առաջին գործողությունը տեղի չի ունեցել, մենք չենք կարող պնդել, թե ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել Հայասատանի վրա։ Սա նոր իրողություն է, որը պետք է ժամանակի ընթացքում հասկանանք՝ սա պարզապես հռետորաբանությո՞ւն է և կոչ են անում համագործակցե՞լ դեսպանատան հետ, թե՞ դրան հաջորդելու են որոշակի գործողություններ։

ԱՄՆ պետդեպարտամենտում Իրանի հարցերով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկրորդական պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք պատժամիջոցների ամբողջ ծավալի կիրառումից հետո կշարունակեն համագործակցել Իրանի հետ։ Նոյեմբերին պատժամիջոցների երկրորդ փուլով նախատեսվում են սահմանափակումներ իրանական նավթի, գազի արտահանման վրա։

Իրանագետի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներից որպես կանոն ամենաշատը տուժում է բանկային համակարգը։ Խնդիր է դառնում առևտրաշրջանառությունը, քանի որ ընկերությունները բիզնեսը կանխիկ գումարով չեն իրականացնում։ ԱՄՆ-ն, Իրանի բանկային համակարգերը պատժամիջոցների տակ գցելով, խնդիրներ է առաջացնում Իրանի գործընկեր երկրների մոտ, այդ թվում նաև՝ Հայաստանի․

«Եվրամիությունը, ՌԴ-ն կոչ են անում մյուս երկիներին համագործակցել Իրանի հետ, և այն կազմակերպություններին, որոնք կընկնեն պատժամիջոցների տակ, ԵՄ-ն խոստանում է փոխհատուցել ծախսերը, վնասները։ Բայց դրանք այնպիսի ահռելի ծախսեր ու երկարուձիգ քննարկումներ են լինելու, որ տվյալ երկրների բիզնես-էլիտային ձեռնտու չի լինելու մտնել այդ կոնֆլիկտային իրավիճակի մեջ։ Արդյունքում՝ բիզնես ընկերությունները պարզապես հրաժարվելու են Իրանի հետ համագործակցությունից»։

Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտատարել էր միջուկային ծրագրից դուրս գալու մասին։ Վաշինգտոնը պնդում է, թե վեց միջնորդ երկրների մասնակցությամբ կնքված համաձայնագրից հետո էլ Թեհրանը չի հրաժարվում միջուկային զենք ստեղծելու քայլերից։ Համաձայնագրի անդամ մյուս երկրները նշել են, որ հավատարիմ են մնում իրենց պարտավորություններին։ Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել «արգելող օրենք»՝ պաշտպանելու իրենց ընկերությունները, որոնք կարող են տուժել հակաիրանական պատժամիջոցների հետևանքով։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, թե իրենց հետ հնարավոր ռազմական ընդհարումը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»։

Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ

Մեկնաբանություն
X