Ոչ, Դուք հակահեղափոխական չեք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, միանշանակ համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հանրահավաքում հնչեցրած մտքերի հետ՝ անկախ նրանից, թե ինչ գնահատականներ են տրվում դրանց։ Մասնավորապես, վարչապետին քննադատում են դատարանների վրա մատ թափ տալու և սպառնալու, խոսքի ազատության վրա ճնշումներ գործադրելու, այլակարծությունը չհանդուրժող մտքեր արտահայտելու, ինչպես նաև իր օգտին սահմանադրական փոփոխություններ անելու վերաբերյալ արած հայտարարությունների համար։ Բայց մարզպետն այս քննադատությունները, բնականաբար, չի կիսում։

«Կոնկրետ ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից և ՔՊ անդամ, վարչապետի կողմից հնչեցված մտքերը լիարժեքորեն կիսում եմ, լիարժեքորեն աջակցում եմ այն կուրսին, որ վարչապետն է հռչակել։ Եվ ինքներս էլ՝ որպես այս պետության քաղաքացի, ապրել ենք նախկին իրականության մեջ և ապրում ենք նոր իրականության մեջ։ Եվ նախկին իրականության մեջ ապրելով` այսօր լսելով վարչապետի ելույթը՝ հիմնավորված փաստերից հետո հնչեցնելու հետագա գործողությունների այդ ճանապարհը, ես կարծում եմ, որ լիարժեքորեն արդարացված է, և վարչապետն իր լիազորությունների նաև իրավասության շրջանակներում ազատ է նման գնահատականներ հնչեցնելու»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետը։

-Վարչապետի՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի իրավասության մե՞ջ է մտնում անկախ դատական իշխանության վրա մատ թափ տալ և ասել՝ խելքդ գլուխդ հավաքիր։

-Տեսեք, վարչապետը քաղաքական, հանրային գործիչ է, բարձրագույն պաշտոնյան է, և այդ հարթակը, որտեղից որ այդ ելույթը հնչեցվում էր, դա նաև կուսակցության քաղաքական այն մարմնի հարթակն է, որը որ այսօր ստանձնել է իշխանությունը և երաշխավորն է նաև այսօրվա կառավարման կուրսի, կառավարման արդյունավետության, բարեփոխումներ իրականացնելու՝ ժողովրդի կողմից ստացած մանդատով։ Եվ էդ մանդատի շրջանակներում հնչեցնելով այդպիսի միտք՝ դա ինստիտուցիոնալ, վարչապետի գործունեության խողովակով մի ընկալեք, Դուք ընկալեք որպես հասարակական-քաղաքական գործչի, ով ընկալում է ամբողջ գործընթացները խորքային իմաստով։ Եվ խորքային իմաստով կան լրջագույն կասկածներ, որ դատական իշխանության մի ճյուղ, մեղմ ասած, օբյեկտիվ և անաչառ գործունեություն չի ծավալում, ասենք, հին գործիչների կամ ուժային կենտրոնից մեկի նկատմամբ։

-Ես Նիկոլ Փաշինյանի այդ ելույթները սիրով ընկալում էի, երբ նա պատգամավոր էր և ավելի ազատ էր իր խոսքում։ Բայց այսօր ես նրան ընկալում եմ որպես գործադիր իշխանության ղեկավարի, ով ունի որոշակի սահմանափակումներ իր հրապարակային խոսքում։ Հիմա ինչպե՞ս հասկանանք, որ վարչապետը անթաքույց բռնանում է խոսքի ազատությանը, ասում է՝ մի միտք արտահայտելուց առաջ պետք է երկար մտածել, սպառնում է դատարաններին և այլն։

-Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, ես այդ տեսակետը չեմ կիսում։

-Կարծում եմ՝ նկատել եք սոցցանցում և հասարակության մեջ տիրող տրամադրությունները, որ նոր իշխանության օրոք մի կողմից խոսվում է դեմոկրատական արժեքների և խոսքի ազատության մասին, մյուս կողմից կա իշխանությանը հարող մի հատված, որ շատերի կողմից անվանվում է զոմբիների հատված, որոնք հարձակվում են այլ կարծիք ունեցողների վրա։

-Տեսեք, ուրեմն, երեկվա հանրահավաքի հետ կապված՝ ես շատ ավելի խոսուն մի դիտարկում եմ ուզում անել։ Ուրեմն, Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր, այսինքն՝ մարդիկ, էն հեղափոխական ու վերջնական զանգվածները, հասարակության այն հատվածը, որն իրավագիտակցության առումով, քաղաքականացվածության առումով ավելի ակտիվ են և ուղղակի ժողովրդավարության պայմաններում իրենց մասնակցայնությունն են ուզում դրսևորել պետության և երկրի կառավարման մեջ, իրենք առնվազն հրապարակում էին, ուշի-ուշով լսում էին, իրենք առնվազն ամբոխային ու Ձեր ասած՝ զոմբի մասսայի վարքագիծ չէին դրսևորում։ Տարբեր քաղաքական ուղղվածության գործիչների՝ հրապարակում գտնվելով՝ հանրահավաքը ինձ մի մեսիջ տվեց, որ ժողովուրդը տիրապետում է իրավիճակին և տերն է այս գործընթացներին։ Առնվազն հրապարակում կանգնած քաղաքացին երեկ դա ապացուցեց, ինչը շատ ողջունում եմ և շնորհակալություն եմ հայտնում քաղաքացուն։

-Ձեր թիմակիցներից շատերը, ձեր աջակիցները իշխանությանը քննադատողներին հակառակ, տարբերվող կարծիք արտահայտողներին որակում են որպես հակահեղափոխական։ Ես՝ ինքս, կողմ եմ եղել հեղափոխության գաղափարին, ուրախացել եմ Սերժ Սարգսյանի հեռացմամբ, բայց այսօր ես էլ կարող եմ քննադատել նոր իշխանություններին ինչ-ինչ հարցերում կամ սուր հարցադրումներ անել։ Հիմա ես հակահեղափոխակա՞ն եմ։

-Ոչ, Դուք հակահեղափոխական չեք, Դուք շատ գիտակից քաղաքացի եք, ու նաև ուրախացնում է ինձ, որ Կոտայքի մարզի քաղաքացի եք։ Իսկ Կոտայքի մարզում մեր քաղաքական առաջնահերթությունը մենք առաջին օրվանից հռչակել ենք՝ Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու։ Հիմա Դուք Ձեր քննադատությամբ, չնայած՝ բացի մի քանի սուբյեկտիվ կարծիքներից, խոշոր հաշվով բավականին առողջ քննադատական թեզեր եք առաջ քաշում, ինչի համար շնորհակալ եմ։ Եվ ես Ձեզ նաև կոչ եմ անում օգնել ինձ Կոտայքի մարզում բնակչին վերափոխենք Հայաստանի Հանրապետության իրավատեր, պահանջատեր, արժանապատիվ կեցվածք ունեցող քաղաքացու։ Դուք հակահեղափոխական չեք՝ իմ դիտարկմամբ։

-Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց նաև, որ սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնելու, որպեսզի ոչ թե վարչապետը հրաժարական տա, այլ Ազգային ժողովը ինքնալուծարվի, որ գնանք արտահերթ ընտրության։ Ինչո՞ւ է վարչապետն ուզում նման փոփոխություններ անել, արդյոք նրա՞ համար, որ ընտրություններին ինքը մնա երկրի ղեկին՝ վարչապետի լծակները ձեռքում և տնօրինի վարչական ռեսուրսներին։

-Վարչապետը մինչև այս տեսակետն առաջ քաշելը շատ լավ հիմնավորեց։ Հիմնական հիմնավորումն այն է, որ քանի որ հենց Ձեր խոսքերով ասած՝ հակահեղափոխական որոշակի նկրտումներ դրսևորող ուժեր ու գործիչներ կան, և կա փոքրիկ, չնչին հավանականություն, որ կարող է այդպիսի վարքագիծ դրսևորվել․․․ Չնայած՝ մեր պարագայում, հանրային այսպիսի պահանջի պարագայում ես՝ ինքս, անձամբ բացառում եմ դա, բայց, ամեն դեպքում, վարչապետի նման մտահոգությունը և դիտարկումը շատ տեղին եմ համարում։ Եվ նման ռիսկից մեր հանրությունը, մեր պետությունը զերծ պահելու համար շատ իրավաչափ է, և արդար, թափանցիկ հանրաքվեի միջոցով հանրությանը հրամցվում է ընտրություն կատարելու հնարավորություն, և այդ ընտրության արդյունքում մեկ այլ գործիքակազմ է առաջարկվում, որպեսզի Ազգային ժողովի ինքնալուծարման այլ տարբերակ առաջարկվի։

-Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ արտահերթ ընտրությունների ժամանակ, մտավախություն կա՞ կամ վա՞խ ունի, որ հակահեղափոխություն կլինի։

-Վախ՝ չէ, բայց ըստ էության՝ նման հնարավորություն մնում է, և նման հավանականություն էլ այսօր դեռ չնչին, բայց կա։

-Իսկ ո՞ւմ կողմից կա այդ հակահեղափոխության ռիսկը, Ռոբերտ Քոչարյանի՞։

-Գիտե՞ք, վերջին մեկ-մեկուկես տասնամյակում պետության ղեկին գտնվող քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների վարք ու կանոնի մեջ այնպիսի դրվագներ, այնպիսի հետագիծ կա, որ այլևս պետք չէ անուններ նշել։ Բոլորիս ամեն ինչ շատ հստակ է ու պարզ է, մանավանդ գիտակից քաղաքացիների, որոնց թվին պատկանում եք նաև Դուք՝ որպես լրագրող։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X