Օգոստոսի 7-ից ոստիկանները այցելում են բնակարաններ

Որոշ ժամանակ առաջ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ բնակչության ռեգիստորի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու եւ վերացնելու նպատակով ոստիկանները այցելելու են բնակարաններ։

Իսկ թե երբվանի՞ց են ոստիկանները այցելելու բնակարաններ, եթե քաղաքացին տվյալներ չի հանձնում, ի՞նչ գործողություններ է անում ոստիկանությունը, այս եւ այլ հարցերին մեր հարցմանն ի պատասխանն արձագանքել են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

-Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ոստիկանները այցելելու են քաղաքացիների բնակարանները։ Երբվանի՞ց են սկսվելու այցելությունները։

-Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ոստիկանները սկսել են այցելել քաղաքացիների բնակարանները 2018թ. օգոստոսի 7-ից։

-Իսկ ինչո՞ւ է ոստիկանությունը վստահ, որ անճշտություններ կան, որ դրանց հայտնաբերելու համար այցելելու է բնակարաններ։

-Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի (Ոստիկանության պարտականությունները անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը և Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելիս) 4-րդ կետի համաձայն, ոստիկանությունը պարտավոր է՝ ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, կազմել և վարել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը (ընտրողների ազգային գրանցամատյան):

Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա, որը մշտապես ենթարկվում է փոփոխությունների և կարող է ունենալ նաև անճշտություններ, որոնք առաջանում են աշխատանքի ընթացքում (աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով հասցեների սխալ նշում, վրիպակներ և այլն)։

Գործնականում հնարավոր է, որ անձի մահվան փաստը օրենքով սահմանված կարգով գրանցվի իրավասու մարմնում, սակայն տեխնիկական խնդրի պատճառով անձնագիրը կամ նույնականացման քարտն անվավեր չճանաչվի, նրա տվյալները մնան բնակչության պետական ռեգիստրում և փոխանցվեն ընտրողների ռեգիստր։ Լինում են նաև դեպքեր, երբ անձը մահացել է այլ պետությունում, և սահմանված կարգով նրա մահը չի գրանցվել ՀՀ իրավասու մարմնում։

Թեև սահմանված կարգով պետական գրանցում չստացած մահվան դեպքում անձի տվյալի առկայությունն ընտրողների ցուցակներում չի համարվում անճշտություն: Այնուամենայնիվ՝ ՀՀ ոստիկանույթունն այդ ուղղությամբ իրականացնում է հսկայածավալ աշխատանք, քանի որ ընտրողների ցուցակում մահացած անձի տվյալի առկայությունը հանրության շրջանում առաջացնում է անվստահության մթնոլորտ։

Վերը նշված և այլ կարգի անճշտություններն ընտրողների ցուցակներում բացառելու նպատակով, բացի սահմանված կարգով դրանք հրապարակելուց, ոստիկանությունը կատարում է նաև այցելություններ քաղաքացիների բնակության վայրեր։

-Ինչո՞ւ նախորդ ընտրությունների ժամանակ այդ հնարավոր անճշտությունների մասին չէր մտածել ոստիկանությունը։

-Վերը նշված պատճառներով ՀՀ ոստիկանությունը, որպես ընտրողների ռեգիստրը վարող և դրանում առկա տեղեկությունների հավաստիության և ամբողջականության համար պատասխանատու լիազոր մարմին, նախորդ ընտրությունների ժամանակ նույնպես կազմակերպել է բնակարաններ այցելելու գործընթաց։ Ընդ որում, նման եղանակով անճշտություններ հայտաբերելու պրոցեսը բավականին արդյունավետ է։

-Ոստիկանները ոստիկանական հագուստներով են այցելելո՞ւ։

-Սահմանված կարգի համաձայն, ոստիկանները քաղաքացիներին այցելելու են համազգեստով:

-Բոլոր ընտրողների բնակարաններն են այցելելո՞ւ, թե այնտեղ, որի վերաբերյալ տեղեկություններ կլինեն։

-Ցանկալի է այցելել հնարավորինս շատ բնակարաններ, որքան թույլ է տալիս ընտրական գործընթացով սահմանված ժամանակահատվածը։ Այցելություններն իրականացվում են նաև տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով («Թեժ գծով» ստացված զանգեր, գրավոր դիմումներ, բողոքներ, ԶԼՄ-ների հրապաարակումներ և այլն)։

-Եթե քաղաքացին ոստիկանին բնակարան չթողնի, տվյալներ չհաղորդի, ի՞նչ է անելու ոստիկանը։

-Թեև օրենքով ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը ՀՀ ոստիկանությունն է, սակայն ընտրական ցուցակների ճշտման գործընթացում ցանկալի է հասարակության, այլ մարմինների և կազմակերպությունների ակտիվությունը։ Կարելի է փաստել, որ քաղաքացիները հիմնականում դրական են տրամադրված նման գործընթացներին, քանի որ այցելությունների արդյունքում ստանում են իրենց համար օգտակար տեղեկություններ։ Օրինակ, տարիներ առաջ գնել են բնակարանը, սակայն նախկին բնակիչները դուրս չեն եկել հաշվառումից, կամ՝ բնակելի տարածության սեփականատերը տեղեկանում է իր իրավունքի մասին, համաձայն որի՝ կարող է դիմել և հաշվառումից հանել սեփականաության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց։

Ընտրական գործընթացի շրջանակներում բնակարաններ այցելելու նպատակը ոչ թե բնակելի տարածության ստուգելն է, այլ՝ քաղաքացիների հետ համատեղ աշխատելը, ցուցակները ճշտելը, հնարավոր թերություններ հայտնաբերելը և դրանք վերացնելը և, եթե քաղաքացին չի ցանկանում տեղեկություններ հայտնել կամ համաձայնություն չի տալիս, որպեսզի ոստիկանության աշխատակիցն այցելի իր բնակարան, այն չի կարող իրականացվել հարկադրաբար։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X