Պետք է հաղթահարել «Ճիշտը մեկն է, և այդ ճիշտը ես եմ» համառ զոռբայությունը

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Լրացավ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնավարման 100 օրը։ Ձեր ակնկալիքներից որո՞նք են իրականություն, եւ որոնք՝ ոչ։ Ի՞նչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ են խանգարել այդ ակնկալիքների իրականացմանը։

-Առաջին ակնկալիքն իրականացավ դեռ մինչև պարոն Փաշինյանի վարչապետ դառնալը, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Երկրորդ և վերջին ակնկալիքս զարմանալիորեն դեռևս իրականություն չի դարձել. դա ամենադասական իմաստով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի՝ արդարացմամբ ազատ արձակումն է:

-100 օրվա պաշտոնավարումից հետո որո՞նք պետք է լինեն ՀՀ վարչապետի եւ նրա կառավարության առաջնահերթությունները։

-Թե որոնք պետք է լինեն ՀՀ վարչապետի և նրա կառավարության առաջնահերթությունները, որքան հասկացել եմ, անձամբ վարչապետի վճռելիքն է:

-Գրեթե մեկ ամիս անց սպասվում են Երեւանի ավագանու ընտրությունները։ Ըստ Ձեզ՝ այս ընտրություններն ինչո՞վ են տարբերվելու նախորդ ընտրություններից, դրանք կարո՞ղ են հող նախապատրաստել ԱԺ արտահերթ ընտրությունների ազատ եւ արդար անցկացման համար։

-Կուզեի, որ ընտրություններ կատարվեին Հայաստանում հավասարության սրբազան իրավունքի պահպանմամբ: Իսկ դա այդպիսին կարող է կոչվել, երբ երկրում քաղկալանավոր չկա: Վստահ չեմ, թե մեր մտածողության մեջ բեկում է եղել. պետք է հաղթահարել համառ զոռբայությունը, երբ «ճիշտը մեկն է, և այդ ճիշտը ես եմ»: Դա մեզ կհանգեցնի արդարամտությունն ու արդարադատությունը շրջանցելու՝ ամբողջատիրությանը հատուկ արտակարգ հանձնաժողովների ստեղծման, որի համար ձերժինսկիներ միշտ էլ կգտնվեն: Իսկ ձերժինսկիականության պարագայում ԱԺ կամ մեկ այլ ընտրություն, և ընդհանրապես Ընտրություն հասկացությունը ձևախեղվում է:

-Անցած երկու տասնամյակում մեր ընդդիմադիր կուսակցությունները հայտնվել են լուսանցքում, իշխանությունների հետապնդումների պատճառով չեն կարողացել իրականացնել լիարժեք գործունեություն։ Ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ է պետք, ի՞նչ քայլեր պետք է անեն նրանք, որպեսզի Հայաստանի ներքաղաքական կյանքում կշիռ եւ ազդեցություն ձեռք բերեն։

Զանգվածային զգացմունքայնության զեղուն մթնոլորտում առաջիկա ամիսներին անհնար է, որ քաղաքական դաշտ ձևավորվի, թեև մեր պետականության համար դա կենսական անհրաժեշտություն է: Արհեստական ընդդիմության կամ վախեցնող խրտվիլակների ձևավորման տեխնոլոգիան միշտ էլ կիրառել են իշխանությունները: Դրա գայթակղությունը հաղթահարելն իրական խիզախություն և քաղաքացիական կամք է պահանջում:

-Տեսանելի ապագայում ովքե՞ր կլինեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմությունը։

-Երբ ֆիքսվի կառավարության գաղափարական և գաղափարախոսական գույնը, միայն այդ պահին հնարավոր կլինի պատասխանել Ձեր հարցին:

Մեկնաբանություն
X