Քրեական օրենսգիրքը չպետք է դառնա երկրի միակ աշխատող օրենքը

Արդարության գաղափարը մարդկության ստեղծած ամենաազնիվ ու օգտակար գաղափարներից է։ Մարդը պետք է պատժվի իր չարագործությունների համար եւ խրախուսվի բարի գործերի համար․ սա է մարդկության գոյության ընթացքում կարմիր թելի նման նրան ուղեկցած ամենակարեւոր սկզբունքը։ Մարդիկ՝ տարբեր հասարակարգերում եւ երկրներում, պայքարել են արդարության հաստատման համար։ Դրա համար պատերազմներ են մղվել, մարդիկ են զոհվել, իշխանություններ են փոխվել, օրենքներ գրվել։ Մարդկությունը հասկացել է, որ առաջ գնում է, զարգանում է այն հասարակությունը, որտեղ արդարության գործակիցը մեծ է, արդարադատության համակարգը կայացած է, այսինքն՝ հանցագործները պատժվում են, իսկ անմեղ մարդիկ հետապնդումների չեն ենթարկվում։ Այս առումով ոչ մի բանական մարդ չի կարող դեմ լինել արդարության հաստատմանը եւ արդարադատության կայացմանը։ Ուստի հանցագործներին պատժելու եւ անմեղներին ազատ արձակելու գործընթացները պետք է խրախուսվեն եւ ոգեւորություն առաջացնեն։ Բայց այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին ամիսներին, անգամ եթե արվում է արդարության հաստատման եւ արդարադատության անվան տակ, մտահոգիչ է եւ վտանգավոր։ Ինչո՞ւ։

Նախ, որովհետեւ այդ արդարադատությունը կամ կոռուպցիայի դեմ պայքարը, որը մղում են երիտասարդ իշխանությունները, մի շարք պատճառներով խոցելի է եւ կողմնակալ։ Յուրաքանչյուրս առնվազն կարող ենք տասը մարդ թվարկել, ովքեր այս շրջանում դուրս են մնացել ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության տեսադաշտից, եւ գոնե 1-2 անուն տալ, որոնք անարդարացիորեն հայտնվել են այդ տեսադաշտում։ Ասենք, ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ Սերժ Սարգսյանը, Սուրիկ Խաչատրյանը կամ Գագիկ Բեգլարյանը դուրս են մնացել պատասխան տվողների ցանկից։ Ինչպե՞ս կարող է բուհի ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրանք չառաջադրվել, իսկ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին առաջադրվել։ Ինչո՞ւ չի հրապարակվում, թե ինչ է պարզել ԱԱԾ-ն Հովիկ Աբրահամյանի եղբոր զենքերի մասով՝ իրո՞ք դրանք կիրառվել են Մարտի 1-ին, ինչպես հայտարարեցին նախօրոք, թե՞ դա ապատեղեկատվություն էր։ Ի՞նչ հայտնաբերեցին իրավապահները «Հայաստան» եւ «Երեւան» հիմնադրամներում ստուգումների արդյունքում՝ ստուգումներից առաջ դրանց տնօրեններին խայտառակեցին՝ ձերբակալեցին, իսկ ստուգումների արդյունքները, չգիտես ինչու, չեն հրապարակում, որ հասկանանք, թե ինչքան եւ ինչ են գողացել այդ անձինք։ Շատ հարցեր ու հարցականներ կան։ Բայց սա էլ չէ խնդիրը՝ ո՞վ չի անսխալական․ իրավապահներն էլ կարող են սխալվել, վրիպել։ Ո՛չ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է գերմարդ, ո՛չ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Եթե չասենք, որ դեռ լիքը բան ունեն սովորելու եւ հասկանալու։ Խնդիրն այն է, որ հետհեղափոխական Հայաստանում չի կարելի նման գործելաոճ որդեգրել։

Նախ, որովհետեւ շիկացած ու հուզական մթնոլորտը նպաստավոր միջավայր չէ արդարադատության համար։ Նման միջավայրում, երբ իշխանավորները երիտասարդ են, ֆեյսբուքյան հանրությունը՝ վրիժառու, նախկինների հանդեպ ատելությունն ու չարությունը կրիտիկական չափերի են հասել, արդարադատությունը, որպես կանոն, ծառայելու է այդ պատվերին՝ հանրային պահանջին, որը չի կարող օբյեկտիվ լինել։ Եվ օրենքն ու օրինականությունը, ապացույցներն են ու հիմքերը մղվելու են հազարերորդ պլան, սկսելու է գործել վենդետայի, հաշվեհարդարի, շտապողականության, արագ զեկուցելու, իրար հետ մրցելու ինստիտուտը։ Շատ դժվար է քննիչների, դատախազների ու դատավորների համար մնալ անկողմնակալ եւ կատարել նորմալ քննություն, երբ համացանցում հաշվեհարդարի մթնոլորտ է տիրում, իսկ հակառակը մտածողները վախենում են խոսել։ Ի՜նչ օրինական քննության մասին կարող է խոսք գնալ, երբ անգամ մեղադրյալի հարցազրույցը վրդովմունքի ալիք է բարձրացնում, եւ հայհոյանքներն ու վիրավորանքը գերազանցում են բոլոր ընդունելի սահմանները։ Մինչդեռ թվում էր, թե հանրությունն ինքը պետք է պահանջի, որ իր առաջ մեղք գործած անձը խոսի, բացատրի, պատասխանի բոլոր հարցերին, ինչու չէ՝ արդարանա։ Չէ՞ որ անգամ մահապատժից առաջ եւ անգամ միջնադարում մարդուն վերջին խոսքի իրավունք են տվել։ Այս հոգեբանական ճնշումներն իրավապահների վրա կարելի է նաեւ հոգեբանական տեռոր կոչել, որին դիմակայել քչերը կկարողանան։

Պետք չէ նաեւ մոռանալ, որ այսօր արդարադատություն կիրառողներն էլ շատ փորձառու չեն եւ պաշտոնյաների, նախկին իշխանավորների, մեծահարուստների ու օլիգարխների նկատմամբ արդարադատություն իրականացնելու փորձ, պարզապես, չունեն։ Իսկ դա լուրջ փորձառություն, իմաստնություն եւ անկողմնակալություն է պահանջում իրավապահներից։ Հակառակ դեպքում կարող է ստացվել, որ պարզ քաղաքական հաշվեհարդար է գնում՝ արդարության հաստատման եւ կոոուպցիայի դեմ պայքարի ազնիվ նպատակի անվան տակ, ինչը, կարծում եմ, ցանկալի չէ նաեւ իշխանությունների համար։ Այսինքն՝ մյուս լուրջ պատճառը, որ այսօր չի կարելի քրեական հետապնդումներով շատ ոգեւորվել, այն է, որ գործիքներից ամենակարեւորը՝ իրավականը, պատրաստ չէ նման բեռ իր ուսերին տանելու։

Եվ երրորդ պատճառը, որ չի կարելի այսօր Քրեական օրենսգիրքը դարձնել երկրում միակ աշխատող օրենքն այն է, որ առջեւում ընտրություններ են։ Նախընտրական տարիներին իշխանական տարբեր մանիպուլյացիաների, վհուկների որսի, կեղծ քարոզչության, «հայլուրական հաջողությունների»՝ կարմիր ժապավեններ կտրելուց մինչեւ տնտեսական հզոր աճի նկարագրություններ, միշտ ենք ականատես եղել։ Դա նախկին իշխանությունների գործելաոճն էր, որից կարծում էինք՝ ազգովին հրաժարվել ենք։ Չենք ուզում, որ նորերն էլ տրվեն այդ էժան գայթակղություններին եւ «լապշա կախեն» հանրության ականջներից։ Ուզում ենք երկրում արդար, ազնիվ, հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր քաղաքական ուժերի համար։ Ուզում ենք, որ ոչ մեկն իրեն ստվերված ու անտեսված չզգա եւ իր գաղափարները կարողանա հասցնել հասարակությանը։ Չենք ուզում, որ Սերժ Սարգսյանին ուղղված քծնանքի մթնոլորտը փոխարինվի Նիկոլ Փաշինյանին ուղղված քծնանքի մթնոլորտով։ Կուսակցությունների ղեկավարները գլուխ չկոտրեն Նիկոլ Փաշինյանի ընդունելությանն արժանանալու եւ նրա ձեռքը սեղմելու համար։ Իսկ իրավապահները չծառայեն ձայներ բերելու անպատվաբեր գործընթացին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X