Լևոն Հայրապետյանի ժառանգությունը՝ կռվախնձոր նրա աղջիկների միջև

Հայտնի բարերար, գործարար, 2017-ին բանտում մահացած ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանի 2 դուստեր միջեւ կռիվ է ընկել․ վեճի թեման հոր ժառանգությունն է։ Մեզ տեղեկություններ են հասել, որ աղջիկներից մեկը ցանկանում է խոչընդոտել Հայաստանում բնակվող Հայրապետյանի մյուս աղջկան՝ 16-ամյա Զարուհուն, որ նա չստանա ժառանգության իր մասնաբաժինը։

Մեզ հետ զրույցում Զարուհու մորեղբայրը նշեց, որ ինքն այս պահին ոչինչ ասել չի կարող, սակայն այդ հարցով դատական նիստեր են ընթանում։ Նրանց փաստաբան Մակար Եղիազարյանը պատմեց եղելությունը։ Ըստ փաստաբանի՝ Հայրապետյանը չի ճանաչել հայրությունը, ինչն իրենք արել են նրա մահից հետո՝ ԴՆԹ թեստի միջոցով, սակայն Մոսկվայում բնակվող, մեկ այլ կնոջից ունեցած դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը, խոչընդոտում է այդ պրոցեսին․ «Լեւոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհին, որն ամենափոքր ժառանգն է, 16 տարեկան է։ Մինչեւ Հայրապետյանի մահը հայրությունն ընդունված չէր զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ ծնվելու պահին Հայաստանում չի եղել, եւ ծննդյան վկայականում մոր ազգանունով է գրվել։ Սակայն ամբողջ կյանքի ընթացքում Լեւոնը Զարուհուն ընդունել է որպես հարազատ աղջկա, դրա մասին կվկայեն, պատրաստ են դատարանում ցուցմունք տալ Լեւոնի հարազատ եղբայրները, շրջապատում ճանաչող ցանկացած անձ, ընդհուպ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, որ նույնիսկ նամակ է գրել՝ ուղղված դատարանին, որով հաստատել է, որ բազմիցս տեսել է Լեւոնին իր դստեր հետ իրեն այցելելիս, եւ հաստատել է, որ Լեւոնը Զարուհուն վերաբերվել է ինչպես հոգատար հայր։

Այսօր մեկ այլ ժառանգ՝ Անժելիկա Հայրապետյանը, որը բնակվում է Մոսկվայում, ինչ-որ անձանց դրդմամբ փորձում է դատական ճանապարհով վիճարկել Զարուհու նկատմամբ հայրության ճանաչման հարցը։ Հայրության ճանաչումը հատուկ վարույթով իրականացվող գործընթաց է, այն ենթակա է լուծման հատուկ վարույթի շրջանակում, երկրորդ՝ պատասխանող կողմ չկա, ընդամենը դատարանը հաստատում է։ Առաջին ատյանի դատարանը հաստատել էր այդ փաստը՝ բավարար ապացույցների արդյունքում, որ Զարուհին հանդիսանում է Լեւոն Հայրապետյանի դուստրը։ Դրա հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում, այսինքն՝ ծննդյան վկայական է տրվել, որտեղ նշված է, որ Լեւոն Հայրապետյանը հանդիսանում է Զարուհու հայրը։ Դրանից հետո Անժելիկա Հայրապետյանը ներկայացնում է Վերաքննիչ բողոք՝ նշելով, որ իրեն մասնակից չեն դարձրել գործին, եւ քանի որ դա իր իրավունքներին վերաբերող վեճ է, հետեւաբար՝ դատարանը պետք է բեկանի նշված դատական ակտը։

Մենք չենք ընդունել այդ փաստարկը, որովհետեւ այդտեղ իրավունքի վերաբերյալ վեճ գոյություն չունի, ընդամենը գործ է գնում հայրության ճանաչման մասին, այսինքն՝ ինչ-որ մեկի հայրության ճանաչումը մեկ այլ երեխայի համար ուղղակիորեն իրավունքներ եւ պարտականություններ չի առաջացնում, որովհետեւ ժառանգության ընդունումը մեկ այլ հարց է, հայրության ճանաչումը՝ մեկ այլ հարց։ Ինչ-ինչ պատճառներով, մեր համար անհասկանալի հիմնավորումներով Վերաքննիչը բեկանեց այդ դատական ակտը՝ նշելով, որ առկա է իրավունքի վերաբերյալ վեճ։ Մենք Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկեցինք Վճռաբեկ դատարան, սակայն այն վերադարձրեց դիմումը՝ գտնելով, որ դիմումը վարույթ ընդունելու հիմքեր առկա չեն։ Մենք ներկայում պատրաստվում ենք ներկայացնել այդ հարցով Սահմանադրական դատարան՝ տվյալ նորմի սահմանադրականության հետ կապված։

Բացի այդ, մենք ներկայացրինք հայցային վարույթով հայց՝ նույն՝ հայրության հաստատման պահանջով, արդեն իսկ մյուս ժառանգներին ներգրավելով որպես պատասխանող։ Մենք տեսանք, որ մյուս ժառանգը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտել հայրության ճանաչմանը եւ, հետեւաբար, ժառանգության ընդունմանը, մեզ ապահովագրելու համար ձեռք բերեցինք ապացույցներ՝ տվյալ փաստն ապացուցելու համար, մասնավորապես՝ Լեւոն Հայրապետյանի 2 հարազատ եղբայրների հետ իրականացվեց ԴՆԹ փորձաքննություն, եւ փորձաքննության արդյունքում փորձագետը նշեց, որ 99 տոկոս հավանականությամբ տվյալ անձինք հանդիսանում են Զարուհու հարազատ հորեղբայրները։ Մենք պահանջեցինք, որ մեկ այլ կնոջից 2 աղջիկները, որոնք ԱՄՆ-ում են, գան եւ իրենց փորձանմուշը տրամադրեն։ Ներկայում ընթանում է գործի քննությունը»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, Անժելիկա Հայրապետյանի նպատակը Զարուհուն ժառանգությունից զրկելն է․ «Պատկերացնո՞ւմ եք, որ ժառանգական զանգվածը փոքր չէ, եւ քույրը փորձում է ամեն կերպ խոչընդոտներ հարուցել։ Մենք ունենք մտահոգություններ նաեւ ապօրինությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում Արցախում, մասնավորապես՝ Վանք գյուղում։ Այդտեղ Լեւոն Հայրապետյանը հիմնել է գրեթե ամեն ինչ՝ դպրոց, մանկապարտեզ, գյուղապետարան, հյուրանոցներ, փայտամշակման գործարան, որոնք, մեղմ ասած, պատշաճ չեն պահպանվում, եւ ոտնահարվում են ժառանգների օրինական իրավունքներն ու շահերը։ Այսինքն՝ այդ ամենն այսօր շահագործվում է, սակայն որեւէ եկամտաբերություն ինչ-որ պատճառներով չի ապահովվում։ ԱՄՆ-ում բնակվող երկու աղջիկները մեզ հայտնել են, որ դեմ չեն, խնդիր չունեն այդ հարցում։ Քույրերից մեկը պատրաստվում է գալ Հայաստան, որպեսզի նաեւ տրամադրի համապատասխան փորձանմուշ»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X