Բացում ենք արխիվները

Քանի որ արխիվները բացվում են, եւ անցյալի մութ դիպվածների մասին այս օրերին հրապարակումներ են արվում, մեզ 2008 թվականի ընտրություններից հետո Սահմանադրական դատարանում Տեր-Պետրոսյանի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությունից որոշ մանրամասներ պատմեցին։ Ճիշտ է՝ հայցվոր կողմի փաստարկները քանակապես շատ չէին 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրությունների համեմատ, բայց քիչ էլ չէին, եւ ՍԴ-ն, առաջնորդվելով ներքին համոզմունքով, կարող էր անվավեր ճանաչել կամ գոնե միջանկյալ որոշում ընդունել, ինչպես արեց 2003 թվականին՝ մեկ տարի անց վստահության հանրաքվեի մասին որոշում կայացնելով։ Այդ որոշումը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանն արհամարհեց, եւ արդյունքում կրկին մարդիկ փողոց դուրս եկան, բայց արդարադատության տեսանկյունից այն հետաքրքիր գաղափար էր։

Ինչ վերաբերում է 2008-ին, ապա, մեր տեղեկություններով, ՍԴ 9 հոգանոց կազմից առնվազն 2 անդամ այլ կարծիք է ունեցել՝ հանգուցյալ Ռաֆայել Պապայանը եւ Վալերի Պողոսյանը, ում նկատմամբ ճնշումների կասկածով այժմ ՀՔԾ-ն գործ է քննում, որտեղ մեղադրանք է առաջադրվել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին։ Գործի քննությունից հետո ՍԴ-ն պետք է մտներ խորհրդակցական սենյակ եւ ներսում քվեարկությամբ որոշեր իր վերաբերմունքն ընտրությունների եւ ներկայացված հայցի նկատմամբ։ Խորհրդակցական սենյակի քննարկումը եւ քվեարկությունը, հիշեցնենք, գաղտնի են, որոշումը կայացվելուց հետո չի հրապարակվում, թե ով ինչպես է քվեարկել, հրապարակվում է միայն կայացված որոշումը։

Մեր տեղեկություններով, 9 անդամից երկուսը՝ Պապայանն ու Պողոսյանը, նախապես տեղեկացրել են, որ իրենք չեն կարող հաստատել ԿԸՀ արդյունքները, սակայն Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ դա չի կարող ազդել վերջնական եզրակացության վրա, քանի որ իրենք ունեն 7 կողմ ձայն՝ 2 «դեմ»-ը եղանակ չի ստեղծելու, ուստի կարող են նաեւ դեմ քվեարկել։ Սակայն Վալերի Պողոսյանը «հիվանդության պատճառով» չի ներկայացել նիստին։ Ռաֆայել Պապայանն էլ մասնակցել է ու դեմ է քվեարկել, եւ որոշումը կայացվել է 7 կողմ ձայնով, որոնց մեջ՝ նաեւ Կիմ Բալայանի ձայնը։

Մեկնաբանություն
X