Քաղաքականություն

Արեգակը ծագում է արևելքից և մայր է մտնում արևմուտքում, կամ՝ Արսեն Թորոսյանի 100 օրը

100 օրվա ավանդույթը Հայաստանում ձեւավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Չորրորդ իշխանությունը, ըմբռնումով մոտենալով առանցքային պաշտոն զբաղեցնող չինովնիկին, բարի կամք է դրսեւորում՝ նրան 100 օր հարցեր չտալ, թողնել, որ հանգիստ աշխատի, ապա նոր պատասխանի լրագրողների հարցերին: Մեր նոր նախարարները, սակայն, այնքան են խոսում, «լայվ» մտնում, «չատվում» լրագրողների հետ, հարկ եղած դեպքում էլ «բլոկ» գցում նրանց, որ 100 օր ասվածը կորցրել է իմաստը եւ դարձել խոսելու եւս մեկ առիթ, ինչպես առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար: Նա երեկ հաշվետվություն է հրապարակել, որում կետ առ կետ նշել է 3 ամսվա աշխատանքները: Դրանց թվում կան կարեւոր ձեռքբերումներ, կան պիտանի գործեր, ինչպես, օրինակ, սրտի ստենտավորման գների նվազեցումը՝ «բանակցությունների եւ ծախսերի օպտիմալացման արդյունքում»: «Հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն»,- գրված է հաշվետվության մեջ, կամ՝ պոլիկլինիկաներում աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացումը` ներքին տնտեսումների հաշվին, Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկը, Տուբերկուլյոզի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացումը՝ «ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ», կամ էլ, ասենք, «մանկական եւ մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրումը»: Դեռ հիշում ենք սկանդալային նախարար Լեւոն Ալթունյանի խոսքերը, թե մահացած ծննդկանների գործերով նախարարությունը չի զբաղվելու, դրանով զբաղվում են դատական մարմինները:

Քանի՞ առնետ է սատկել, եթե աղբը չի մաքրվում

Սակայն հաշվետվության մյուս կետերում նախարարը մի լավ զվարճացել է: Որպես արված գործ՝ նա ներկայացնում է իր հանդիպումները տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների, դեսպանների հետ, իր գործուղումները, որոնց ընթացքում «առարկայական» քննարկումներ է ունեցել՝ հույս ունենալով, որ հանրությանը դա եւս կուրախացնի: Հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացումը նախարարը եւս իր ձեռքբերումն է համարում, մինչդեռ սա աշխատանք է, որը նախարարությունը կատարել է եւ որի մասին հանրությանը զեկուցել է իր գոյության բոլոր տարիներին: Լավ է կատարել, թե վատ, ուժեղ է հսկել, թե ավելի ուժեղ, հասարակ մահկանացուներս երբեք չենք իմացել, քանի որ ո՛չ սատկած առնետների թիվն է մեզ ներկայացվել, ո՛չ էլ վիրուսային եւ աղիքային հիվանդությունների վիճակագրությունը: Տեսնելով, թե Երեւանի փողոցներում ինչ արագությամբ են ավելանում աղբակույտերը, համաճարակային իրավիճակի ուժեղացված հսկողությունը միֆ է թվում:

Մի «ձեռքբերման» պատմություն

Արսեն Թորոսյանի հաշվետվության մեջ էլեկտրոնային առողջապահական համակարգին երեք կետ է նվիրված՝ տեխնիկական եւ տվյալների անվտանգության խնդիրների շտկում, պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում, բուժօգնության դեպքերի անհատական վարման ինստիտուտի ներդրում: Հայաստանում ներդրված էլեկտրոնային առողջապահության համակարգը թանկ է եւ անարդյունավետ: Այս տարվա բյուջեով կառավարությունը մոտ 240 մլն դրամ է հատկացրել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին: Ինչո՞ւ վճարել eHealth-ի ծառայությունների համար, երբ այդ ծառայությունները կարելի է ստանալ միանգամայն անվճար՝ այս հարցը կառավարության առաջ այս տարի դրել էր Մոսկվայից ժամանած ծրագրավորողների խումբը: Նրանք առողջապահության նախարարությանը ձեռնտու առաջարկ են ներկայացրել՝ ներդնել էլեկտրոնային առողջապահության մի համակարգ, որը նրանք հաջողությամբ աշխատեցնում են Մոսկվայում: Ծրագրավորողները երկու ամիս չինովնիկների դռներն ընկան: Թորոսյանը զբաղված էր եւ ժամանակ չգտավ նրանց համար: Նրա օգնականն ընդունեց մասնագետներին, խոստացավ պատասխանել եւ չկատարեց խոստումը: Նրանք սպասեցին-սպասեցին ու մեկնեցին Մոսկվա:

Արեգակն ու Արսեն Թորոսյանը

Սեւանա լիճը նախարարի հաշվետվության մեջ մի առանձին թեմա է: «Սեւանա լճի ջրի որակական մոնիթորինգ, բնակչության իրազեկման բարձրացում, ակտիվ հանգստի շրջանում Սեւան-Երեւան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում»,- թվարկում է նախարարը: Օրերս նա Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ նույնիսկ մերկացել էր ու իր սելֆիի ձողը տնկած, «լայվ» մտել՝ Սեւանա ջրերում «լողանալով»: Կառավարման մասնագետ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ կատակեց այս առիթով. «Սեւանա լճում լողում են կամ լող են տալիս, իսկ բաղնիքում կամ լոգարանում լողանում են»:

Երբ Մկրտչյանին զանգեցինք ու խնդրեցինք մեկնաբանել նախարարի 100 օրվա հաշվետվությունը, բարձր տրամադրություն ուներ: «Իր ամենօրյա աշխատանքն է ներկայացրել նախարարը՝ առավոտյան արթնացա, ատամներս լվացի, սուրճ խմեցի, գնացի հանդիպեցի սրան, նրան: Համակարգային խնդիրների քննարկման, օրենսդրական լուրջ բացերի, խնդիրների մասին, որոնք բերում են կոռուպցիոն ռիսկերի, ոչ մի խոսք: Պետք է օրենսդրական լուրջ բարեփոխումներ նախապատրաստեին այսօր։ Նախ պետք է օրենսդրորեն հստակեցվեն պետության, ՏԻ մարմինների, առողջ համակարգի եւ քաղաքացիների պարտավորությունները եւ լիազորությունները, եւ երկրորդը՝ պետք է առողջապահության համակարգն արդյունավետ դառնա: Այդ մասին էլ ոչ մի խոսք չկա»: Ինչ քաղաքականություն է մշակում նախարարությունը, ինչ գործողությունների ծրագիր ունի, կառավարության ծրագրից բխող ինչ ոլորտային քայլեր են արվելու, ինչ ժամանակում՝ այս հարցերի պատասխաններն Արարատ Մկրտչյանը չի գտել: «Թվարկված կետերի մեծ մասը նախորդից եկող նախաձեռնումներ են, ինչը դրական է: Օրինակ, շտապօգնության մեքենաների ձեռքբերումը: Գրանտային այս ծրագրի շուրջ դեռ նախորդ երկու նախարարների օրոք էին քննարկումներ եւ քայլեր արվել:

Բայց, ընդհանուր առմամբ, հաշվետվության առումով ցանկություն է առաջանում հանրահայտ ձեւակերպումը հնչեցնել՝ արեգակը ծագում է արեւելքից, անցնում է երկնակամարով եւ մայր է մտնում արեւմուտքից»,- ասում է Արարատ Մկրտչյանը: Նա նաեւ BACK IN THE USSR (վերադարձ դեպի Սովետ) տպավորությունն է ստացել հրապարակված փաստաթղթից: «Օրինակ, սրտի ստենտավորման գների նվազումն է նման տրամադրություն ստեղծում: Ինչո՞ւ է նախարարը խառնվում շուկայական պրոցեսին: Ավելի լավ է հարկային արտոնություններ տվեք ստենտավորման գործընթացում մատակարարումներ կատարողներին, ապրանքի ձեռքբերման ու հետո ներմուծման պրոցեսը հեշտացրեք, դա ավելի արդյունավետ կլինի: Թե չէ՝ էսօր բանակցեցիք գների նվազման շուրջ, վաղը կարող է գների փոփոխություն լինել: Դուք մտնում եք շուկայական պրոցեսների մեջ, խառնվել գների ձեւավորմանը, ասել՝ տղերք, մի քիչ իջեցրեք, նման գործելաոճը հարատեւ չի լինի։ Նույնը՝ պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձի 15 տոկոսով բարձրացման մասին: Առաջնային բուժհամակարգը ֆինանսավորվում է մեկ շնչի հաշվարկով: Ասել, որ բոլորի աշխատավարձը 15 տոկոսով բարձրանում է, նշանակում է վերեւից տնտեսվարողին ցուցումներ տալ: Կարելի էր, ասենք, գրել՝ մեկ շնչին ընկնող գումարն էսինչ չափով բարձրացնել: Իսկ այս ձեւակերպումներն անմիջապես խոսում են պոպուլիզմի մասին»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X