Թիրախներ ու թշնամիներ

Ներշնչանքը, իհարկե, կարեւոր բան է։ Կարելի է ասել, որ 40 րոպեում վերացրել ենք կոռուպցիան ու մենաշնորհը։ Կարելի է հայտարարել, որ 2 ամսում հարկային մուտքերն ու տների գներն անսպասելի աճել են, եւ ներգաղթ է սկսվել։ Կարելի է հայտարարել, որ Մարտի 1-ի հանցագործությունը ողջ ծավալով բացահայտված է, եւ ոճրագործները պետք է նստեն։ Կարելի է երդվել, որ Ղարաբաղի հարցով որեւէ փոխզիջման չենք գնալու, իսկ Ռուսաստանի հետ արտակարգ լավ հարաբերություններ ենք կառուցելու։ «Էն, ինչ որ ասել ենք, արել ենք», «Մենք հաղթել ենք», «Մեր երկրում հաստատվել է ժողովրդի իշխանությունը» եւ այլն։

Առհասարակ, կարելի է ասել այն, ինչ ուզում են լսել մարդիկ, եւ այդ մարդկանց բազմությունը քեզ կողջունի ու կաստվածացնի։ Բայց խելացի մարդիկ հասկանում են, որ այդ հայտարարություններն ընդամենը հայտարարություններ են, եւ խոսքն ու գործը կարող են իրարից շատ տարբեր լինել։ Ընդհանրապես, խելացի մարդիկ ոչ թե դիմացինի խոսքով են դատում նրա մասին, անգամ եթե խոսողն անչափ սիրելի անձնավորություն է, այլ գործերով, կոնկրետ քայլերով։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ձեռքբերումների մասին յուրաքանչյուրը կարող է դատել իր իսկ փորձով կամ իր աչքի տեսածով, այլ ոչ թե լսածով։

Խելացի մարդիկ կարող են նաեւ նկատել, որ մարդկանց համակրանքը շահելու համար նոր իշխանությունը դեռ պայքարի թիրախներ ու թշնամիներ է փնտրում։ Եվ քանի որ նոր թիրախներ, գաղափարներ ու նպատակներ չկան, էլի ասպարեզ են բերվում նախկին իշխանությունները։ Եվ մի նոր թիրախ է ավելանում՝ ծախված ու նախկինների պատվերը կատարող դատական համակարգը, որին ուղղված տեքստը մասամբ նախազգուշական է, մասամբ՝ սպառնալից․ անցումային դատարաններ ձեւավորելու ծրագրով, որը ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկում։

Մեկնաբանություն
X