Անգելա Մերկելին մենք կարող ենք հետաքրքրել թավշյա հեղափոխությամբ

Այսօրվա լրահոսում կար մի ուշագրավ հայտարարություն, որը դժվար թե վրիպի անգամ հանրահավաքով տարված քաղաքացիների ուշադրությունից։ Խոսքը օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի մասին է։ Սուղ տեղեկատվության մեջ նշված է, որ այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Անգելա Մերկելի գլխավորությամբ։ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը շեշտում է, որ այդ այցը տարածաշրջանային է, քանի որ Անգելա Մերկելն այցելելու է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան։ Եվ այդ այցը, ըստ նրա, տարածաշրջանային համատեքստում դրական ազդեցություն կարող է ունենալ։

«Նոր իշխանությունների համար դա շատ կարեւոր է, քանի որ այն ամենամեծ եւ լուրջ այցելությունն է Հայաստան։ Մեր իշխանություններին շանս է տրվում ավելի արդյունավետ զարգացնել հարաբերությունները Գերմանիայի հետ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։ Թավշյա հեղափոխությունից հետո էլ Ադրբեջանը չի հրաժարվում իր հավակնություններից, պարբերաբար պատերազմի վերսկսման մասին լուրեր են հայտնվում մամուլի էջերում։

«Նման մակարդակի այցի ժամանակ ոչ մեկը չի համարձակվի պատերազմ սկսել։ Սա լուրջ այցելություն է, որին պատրաստվում են եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները, եւ՛ վրացիները։ Եվ այս դեպքում ոչ թե կմտածեն պատերազմի մասին, այլ այն մասին, թե ինչպես հաջող բանակցություններ վարեն Մերկելի հետ։ Այս համատեքստում էլ նման այցը զսպիչ մեխանիզմ կարող է լինել այս այցելությունը։ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա բացատրել Հայաստանում ընթացող պրոցեսների խորությունը։ Ես չեմ բացառում, որ Գերմանիան, որը Եվրամիության լուրջ դոնորն է, կարող է ֆինանսական, խորհրդատվական, տեխնիկական աջակցություն կարող է ցուցաբերել։ Մենք կարող ենք Մերկելին հետաքրքրել նրանով, որ իրականացրել ենք թավշյա հեղափոխություն, կա պայքար կոռուպցիայի դեմ, ժողովրդավարական երկիր ենք դառնում։ Այդ համատեքստում մենք իսկապես կարող են հետաքրքրել։ Իհարկե, հակամարտության մասին էլ կարող ենք ներկայացնել իրողությունները»,- արձագանքեց Ստեփան Գրիգորյանը։

Մեկնաբանություն
X