Մենք հասկանում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե Նիկոլ Փաշինյանը ձախողվի

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ իր կուսակիցները մասնակցելու են այսօր Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

«Ժառանգությունը հեղափոխություն իրականացրած ուժերից է, մենք հասկանում ենք, թե աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական առումով ինչ իրավիճակում ենք գտնվում։ Մենք հասկանում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե Նիկոլ Փաշինյանը ձախողվի իր գործունեության ընթացքում։ Անկախ այն բանից, որ մենք իշխանության մեջ չենք, «Ժառանգությունը», որպես կուսակցություն, մասնակցելու է այդ հանրահավաքին»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը։

-Ոչ միայն պետք է ներկայացվի, թե ինչ է արվում, այլ նաեւ պետք է ներկայացվի, թե ինչ է նախատեսվում արտահերթ ընտրությունների համար։ Հրապարակը Նիկոլ Փաշինյանին լիազորել է՝ անցկացնելու արտահերթ ԱԺ ընտրություններ, ինքն այդ օրակարգով է դարձել ՀՀ վարչապետ։

-Իսկ ո՞րը պետք է լինի արտահերթ ընտրություններ անցկացնելու ողջամիտ ժամկետը։

-Կարծում եմ, որքան շուտ, այնքան լավ։

-Լրացել է կառավարության գործունեության 100 օրը։ ՀՀ վարչապետը, կառավարության անդամները ներկայացրել են հաշվետվություն, թե անցած 100 օրերի ընթացքում ինչ խնդիրներ են փորձել լուծել, ինչ գործունեություն են իրականացրել։ Որքանո՞վ են անցած 100 օրերի ընթացքում Ձեր ակնկալիքները իրականացել։

-Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում է ներկայացնելու նաեւ, թե ինչ է արել 100 օրվա ընթացքում։ Ես չեմ պատրաստվում քննադատել կառավարության կամ որեւէ նախարարի գործունեությունը այն պարզ պատճառով, որ կառավարությունը ծրագիր չի ներկայացրել հանրությանը, ընդամենը պետք էր արտահերթ ընտրությունների համար ստեղծել իրավիճակ, այնպիսի իրավիճակ, որ կապահովի ազատ, արդար ընտրությունների անցկացումը։ Այդ իսկ պատճառով էլ չեմ հետեւել նախարարների անհատական գործունեությանը։

-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ տեղի ունենա հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիա։

-Ինչպես Ազատ Արշակյանն է ներկայացրել, ես այդ կոնսոլիդացիան տեսնում եմ նույն շրջանակներում։ Դա սահմանադրական փոփոխությունների բացակայությունն է, միակուսակցական համակարգի ստեղծումն է, տնտեսական համակարգը համաշխարհային տնտեսական համակարգին չկապելն է եւ այնպիսի քայլերի իրականացումը, որը հասարակությանը կհեռացնի իշխանություններից։ Իսկ այդ դեպքում նախկին համակարգում եղած որոշակի ուժեր հնարավորություն կունենան տիրանալու իշխանությանը։

-Հասարակության ո՞ր շերտերն են շահագրգիռ Նիկոլ Փաշինյանի ձախողման հարցում։

-Նախկին իշխանության մեջ տեղ գտած շերտերը, որոնք օգտվել են պետական հարստության յուրացումից։ Հասարակության լայն շերտերը շահագրգիռ լինել չեն կարող, ընդամենը կարող են հիասթափություն ապրելով մի կողմ քաշվել, ինչի իրավունքն ունեն։ Եվ «Ժառանգությունը» կոչ է անում բոլորին երբեւիցե չընկնել ապատիայի մեջ, չհիասթափվել։ Նրանք կարող են քննադատել, բայց ոչ երբեք ընկնել ապատիայի մեջ։

Մենք հասկանում ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախովի, ապա դա մեծ հարված կլինի մեր քաղաքացիներին։

-Համացանցում տարածվել է տեղեկություն, նաեւ՝ տեսանյութ, որ Արցախից հազարից ավելի քաղաքացի է գալիս Երեւան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։ Հայաստանում ընդդիմությունը տարիներ շարունակ բազմաթիվ հանրահավաքներ է հրավիրել, սակայն Արցախից ոչ մի արձագանք չի եղել, արցախցիները սովորաբար չեզոքություն են պահպանել։ Ինչո՞վ եք բացատրում այս նախադեպը։

-Նորմալ է, Արցախը Հայաստանի մի մասն է, եւ ակնհայտ է, որ այնտեղի քաղաքացիները եւս պետք է մասնակցեն Երեւանում տեղի ունեցող հանրահավաքին։

Մեկնաբանություն
X