«Հայաստանի Հանրապետություն» թերթն արձակուրդում է

Քաղաքացիներից մեկը զանգել էր խմբագրություն եւ ասում էր, որ չի հիշում որեւէ ժամանակ, երբ պետական «Հայաստանի Հանրապետություն» թերթը լույս չտեսնի՝ ամառ, թե ձմեռ, հիմա իմացել է, որ թերթը չի տպվում եւ հետաքրքրվում էր՝ փակե՞լ են «Հայաստանի Հանրապետությունը», թե՞ արձակուրդ է գնացել։ Մենք զանգահարեցինք «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին, քանի որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը, «Արմենպրես» գործակալությունը գործում են որպես մեկ միավոր, որը կոչվում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ։ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառը միայն խմբագրակազմի արձակուրդում լինելն է․««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը արձակուրդում է, ճիշտ չէ, որ անհիշելի ժամանակներից չի տպվում, թերթը պարզապես արձակուրդում է, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գնացել են արձակուրդ, նման բան չկա։ Երևի առաջիկա շաբաթվա ընթացքում թերթը կսկսի տպագրվել»։

Նկատի ունենալով, որ «Արմենպրեսը» պետական լրատվական գործակալություն է, հարցրինք, թե իրենց աշխատաոճում հեղափոխությունից հետո փոփոխություններ եղե՞լ են, Անանյանը պնդեց, որ աշխատում են նախկինի նման պրոֆեսիոնալ, և առաջարկեց նաև, օգտագործելով առիթը, որ այս տարի լրանում է գործակալության 100-ամյակը, հարցազրույց անենք իրենց աշխատանքի մասին, որը սիրով ընդունեցինք․

««Արմենպրեսը» ինչպես միշտ, այնպես էլ հիմա շարունակում է շատ պրոֆեսիոնալ աշխատել, եթե ցանկություն ունեք այդ թեմայով մեծ հարցազրույց անել, մեծ սիրով, եկեք անենք, մեզ էլ է հետաքրքիր։ Այս տարի մեր 100-ամյակն է, մեզ համար լավ առիթ է»,- ասաց տնօրենը։

Նշենք նաև, որ ամիսներ առաջ Արամ Անանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք փնտրտուքների մեջ են, որպեսզի Հայաստանի պետական ԶԼՄ-ները լինեն պահանջված, թերթերի տպաքանակներն ավելանան։ Արամ Անանյանը կարծում է, որ պետական ԶԼՄ-ները թե՛ բովանդակային, թե՛ ձեւի, թե՛ լրավությունը մատուցելու առումով պետք է լինեն որակյալ, որպեսզի դառնան քննարկումների այնպիսի հարթակ, որի միջոցով կարեւոր խնդիրները նաեւ հետաքրքրեն հանրությանը։ Սրանից զատ, նա կարծում է, որ ընթերցողին պետք է վերադարձնել տպագիր մամուլ։

«Կարծում ենք, որ տպագիր մամուլն էլ ունի ապագա։ Այսօրվա միջազգային միտումները վկայում են, որ մամուլն ունի մեծ, չօգտագործված ներուժ։ Մեր օրինակով մեր մյուս գործընկերների հետ պետք է ցույց տանք այն հնարավորությունները, թե ինչպես կարող ենք միասին շարժվել առաջ, որովհետեւ չենք հավատում բացասական կանխատեսումներին։ Ընդհակառակը՝ կարծում ենք, որ տպագիր մամուլը պահանջված է եւ կարող է ավելի պահանջված լինել»,- ասաց Արամ Անանյանը։

Եվ որպեսզի պետական ԶԼՄ-ները դիմանան մրցակցությանը, շուկայում լինեն պահանջված, Արամ Անանյանը նշում է, որ հատուկ ուշադրություն են դարձնելու «տեսաբովանդակությանը»։ Ի դեպ, ինքը՝ Արամ Անանյանը՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի որդին է եւ անձամբ մեծ սեր ունի ընթերցանության ու գրքի նկատմամբ։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X