Հայտնի է ՊԵԿ օպերվարչության ապագա պետի անունը

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որին կասկածում են կոռուպցիոն վարքագիծ ունենալու մեջ, եւ որի վերաբերյալ ծառայողական քննություն է իրականացվում, դեռ շարունակում է պաշտոնավարել։ Նրա ազատման հրամանը չկա, սակայն արդեն օպերվարչության նոր, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել՝ Լեւոն Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է «Հրապարակի» իրազեկ աղբյուրը։ Լեւոն Հովհաննիսյանը ղեկավարել է Արաբկիրի տեսչության օպերբաժինը, իսկ վերջին երկու ամսում աշխատել է որպես ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ։ Նշենք, որ օպերատիվ հսկողության վարչության պետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի եղբոր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի սանիկն է եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորը։ Գագիկ Հարությունյանը ՊԵԿ օպերվարչությունում եւս մի ազդեցիկ բարեկամ ունի՝ ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը նրա փեսան է։

Նա միլիոնատեր պաշտոնյաներից է, որի համար աշխատավարձը թոշակի պես մի բան է։ Ո՛չ հեղափոխությունից առաջ էր նա գնում աշխատանքի, ո՛չ էլ հեղափոխությունից հետո։ «Շառլոթի» Կարենի մյուս տեղակալը Դավիթ Դավթյանն է, որն անցյալ տարի աչքի ընկավ նրանով, որ մեկ շաբաթում երեք տարբեր պաշտոններ զբաղեցրեց ՊԵԿ-ում, ապա տեղափոխվեց ֆիննախ։ Երրորդ տեղակալն էլ ամենատարիքովն է՝ «չեկիստ» Ջհան Հովհաննիսյանը, որն այս պաշտոնում է անհիշելի ժամանակներից, եւ որի ծառայությունն ազգային անվտանգության կառույցում առանձին տողով նշված է նրա պաշտոնական կենսագրության մեջ։ Փաստորեն, այս երեք տեղակալներից եւ ոչ մեկը, հավանաբար, չի արժանացել ՊԵԿ նախագահի վստահությանը, ահա ինչու նա կարեւորագույն այս վարչության ղեկավարի թեկնածուին բերել է այլ ստորաբաժանումից՝ ներքին անվտանգության վարչությունից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X