Քաղաքական շատ գործիչներ մոռանում են, թե ինչ են ասել նախկինում

Օգոստոսի 14-ին պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն մի խումբ քաղաքացիներ, որոնց մեջ կային նաեւ նոր իշխանության ներկայացուցիչներ, այն տապալեցին։ Իսկ պատճառն էլ այն էր, որ վերաքննիչ դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս խափանման միջոց կալանքը չեղարկելու մասին։ Թեմայի շուրջ խոսեցինք ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, մենք ականատեսը եղանք մի դեպքի, երբ վճռաբեկ դատարանը նման հնչեղություն ունեցող գործով առաջին ատյանի դատարանի վճռին հակասող վճիռ է կայացնում։ Սա արդարադատության դրսեւորո՞ւմ է, թե՞ այլ պատճառներ կարող են լինել։

-Եզրակացություններ չի կարելի անել, քանի դեռ որոշմանը ծանոթ չենք, որոշումը պետք է միշտ ուշադիր կարդալ, գնահատել, քննարկել, տեսնել, թե ինչ հիմնավորումներ կան, եւ հետո նոր անդրադառնալ այդ հարցին։ Դրա համար ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, առավել եւս կա 3-րդ ատյան՝ վճռաբեկ դատարանը, երբ գործն այնտեղ էլ գնա, ու դրանով գնահատական տրվի ե՛ւ 1-ին ատյանի որոշմանը, ե՛ւ վերաքննիչի որոշմանը, նոր դրանից հետո կարելի է ինչ-որ հարցերի շուրջ խոսել եւ համապատասխան եզրակացություններ անել։ Ես միայն մի բան ավելացնեմ, որը մեր մեջ չկա, դա այն է, որ դատարանի մասին մեր պատկերացումներն այլ են, եւ հասարակության մեջ իրավական գիտակցություն չկա։ Դեռ 2005 թվականին մի հոդվածում գրել եմ, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որեւէ դատարանի որոշման վերաբերյալ խոսել, գնահատել, լավ կամ վատ ասել, դատարանի որոշումը ենթակա է կատարման բոլոր այն մարմինների կողմից, որոնց այդ որոշումը վերաբերում է։ Սա է, որ կցանկանամ բոլոր պաշտոնյաներին հասնի, որպեսզի հասկանան, թե դատարանն ինչ է, որովհետեւ ամեն մի ասվածը, վերջիվերջո, այս կամ այն ձեւով դառնում է ճնշում դատարանի նկատմամբ։ Սրանից ելնելով՝ համապատասխան գնահատական որեւէ դատարանի վերաբերյալ այսօր ես տալ չեմ կարող։

-Քոչարյանի կողմը հայտարարեց, որ դա քաղաքական հետապնդում է։

-Թող ամեն մեկն իր կարծիքը հայտնի, ի դեպ՝ ես մոռացա ասել, որ քաղաքացիները, հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն դատարանի որոշման մասին իրենց կարծիքը հայտնելու, կարող է ասել՝ լավ որոշում է, կարող է ասել՝ վատ որոշում է, դատավորը կաշառք է վերցրել, ինչ ասես, կարող են ասել, դա իրենց իրավունքն է, բայց պաշտոնյան իրավունք չունի․ սա է տարբերությունը։

-Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալումն իրավաչափ կարելի՞ է համարել՝ նկատի ունենալով, որ այնտեղ պաշտոնյաներ չկային։

-Ես ասում եմ՝ մենք վարժ չենք, սովոր չենք, որ դատարանը մերժում է դատախազության, քննչական մարմինների առաջարկությունը։ Դա շատ նորմալ է, բնական է, եւ դա ցույց է տալիս, թե որքանով է դատարանն իր անկախությունը ցույց տալիս։ Ընդ որում՝ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դատախազությունն ու այդ քննչական մարմինները լինեն համապատասխան չափով անկախ։ Այսինքն՝ սա մրցակցություն պիտի լինի ուժերի միջեւ։ Դատարանը կատարում է դեր, նա իրավարար է, նա մինչեւ 2 կողմին չլսի, չի կարող որոշում ընդունել, սա է ամբողջ իմաստը։ Կա մեղադրյալ եւ կա մեղադրող։ Դատարանի գործը դա է։

-Այնտեղ կային նաեւ նախկին պաշտոնյաներ։

-Դա արդեն կարեւոր չէ, դա բնական է, շատ բնական։ Միշտ էլ կան մարդիկ, որոնց մեղադրանքներ են առաջադրված, եւ մարդկանց մի մասը կարծում է, որ ճիշտ է արվել, մյուս մասն էլ կարծում է, որ իրենց բարեկամին, հարազատին, ընկերոջը վարկաբեկում են եւ այլն։ Մանավանդ քաղաքական դեմքերի շուրջ միշտ այդ բանը կա, ուղղակի ես կուզեի, որ, այնուամենայնիվ, մի բան բոլորը հիշեն, որը, դժբախտաբար, ամնեզիայի հետեւանք է շատ քաղաքական գործիչների մոտ։ Մոռանում են, թե նախկինում նման դեպքերի վերաբերյալ իրենք ինչ են ասել, ինչ են հայտարարել։ Շատ գործիչներ այսօր ասում են՝ այսինչ բանն այսպես չէ, քաղաքական հետապնդում է։ Մի տարի առաջ իրենք ի՞նչ էին պատասխանում նման դեպքերում, որ գործը գտնվում է քննչական մարմիններում, իրավապահ մարմինները կավարտեն աշխատանքը, որոշում կկայացնեն, նոր մենք դրա մասին կխոսենք, հիմա արդեն տեղերը փոխվել են, եւ դա արդեն ամնեզիայի նշան է։

-Ռոբերտ Քոչարյանի գործը հնարավո՞ր է, որ Սահմանադրական դատարան հասնի։

-Ոչ, կարծում եմ, որ ոչ։ Սահմանադրական դատարանի իրավասությունների մեջ նման խնդիր չկա։ Այդ հարցերով վճռաբեկ դատարանը Հայաստանում վերջին ատյանն է։ Սահմանադրական դատարանի հիմնական գործն օրենքի հետ է առնչվում, այսինքն՝ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ․ սա է Սահմանադրական դատարանի հիմնական առաքելությունը։ Կարող է դառնալ, եթե հանկարծ պարոն Քոչարյանը որոշի, որ այստեղ կա օրենքի խախտում, այսինքն՝ այն օրենքը, որով իրեն մեղադրում են, Սահմանադրությանը չհամապատասխանի, ինքը կարող է դիմել Սահմանադրական դատարան այդ օրենքի հարցով, ոչ թե իր քրեական գործի, այն օրենքի, որը կիրառվել է իր նկատմամբ։

-Հայաստանում հեղափոխությունից հետո մենք ականատես եղանք տարբեր սենսացիոն բացահայտումների, նման բացահայտումները հեղափոխություններից հետո բնակա՞ն են, Դուք սպասո՞ւմ էիք։

-Ինձ թվում է՝ բնական է եւ անհրաժեշտ է։ Ուղղակի ես այդ հարցի առնչությամբ կցանկանայի մի բան ասել՝ նախեւառաջ հեղափոխությունը կատարել է ոչ թե ժողովուրդը, այլ հեղափոխությունը նախապատրաստել են նախկին իշխանությունները․ եթե նրանք ժողովրդին այդ վիճակի մեջ չգցեին, ով էլ լիներ, Նիկոլն էլ լիներ, Չե Գեւարան էլ գար, ժողովուրդը ոտքի չէր կանգնի, մի հազար-2 հազար հոգի կարող է հավաքվեին, բայց այդպիսի զանգվածային դժգոհություն չէր արտահայտվի, եթե նրանցից յուրաքանչյուրը՝ ամեն մեկն իր չափով, իրեն պատշաճ պահած լիներ։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով ոչինչ չի արել, բայց ապրի ինքը, որ կարողացավ այդ պահին կազմակերպել եւ այդ գործը հասցնել ավարտին։ Չնայած սա դեռ ավարտ չէ, այդ հեղափոխությունը միայն սկիզբն է, առաջին քայլը, բայց չափազանց կարեւոր, շատ փայլուն քայլ է, եւ դա մեր ժողովրդին շատ էր պետք։ Դա մեր ժողովրդին սովորեցրեց մի բան՝ բոլորս միասին վերհիշեցինք, որ եթե իշխանությունը, որը վաղը պետք է գա, իրեն լավ չպահի, այդ վիճակի մեջ է ընկնելու։ Այս իմաստով սա մեծ դաս էր բոլորիս համար, նաեւ՝ այսօրվա իշխանությունների։

-Պարոն Պողոսյան, ի՞նչ եք կարծում` Մարտի 1-ը կբացահայտվի՞։

-Դա պետք է քննչական մարմիններին հարցնել, ես դիտարկում չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ, որովհետեւ ես փաստերին չեմ տիրապետում։ Դա կախված է այն բանից, թե մեր այսօրվա իշխանությունները որքանով հետեւողական կլինեն, բայց չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ընդհանրապես, եթե դիմենք պատմությանը, կոպիտ ասած, կատարված հանցագործությունների 99 տոկոսը կարող է բացահայտվել, շատ քիչ հանցագործություններ կարող են լինել, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող բացահայտվել, բայց սկզբունքորեն չբացահայտվող հանցագործություն չկա։ Եվ քանի դեռ մեր հանրապետությունը չի հասել այն վիճակին, որ գործի պատժի անխուսափելիության սկզբունքը, մենք հազիվ թե առաջընթաց ունենանք։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X