Ախուրյանի շաքարի գործարանը փակ է

Հեղափոխությունից հետո շաքար ներմուծողներն ավելացան, շաքարի գինն ընկավ միջինը հարյուր դրամով։ 2017 թվականին այն 390-415 դրամ էր, հիմա մեկ կիլոգրամ շաքարի գինը տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Էժանացումը կազմել է մոտ 100 դրամ։ Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, վերջին մեկ տարվա կտրվածքով գնանկումը շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում կազմում է 16.8%, իսկ 2018 թվականի հունիսի համեմատ՝ 4.8%։ Շաքարի էժանացումից Սամվել Ալեքսանյանն էապես չի տուժում, քանի որ նրան պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը ներմուծում է շաքարեղեգի հումք, որն ազատված է մաքսատուրքից եւ տեղում շաքարավազ է արտադրում։ Այս արտադրանքի ինքնարժեքն ամեն դեպքում ավելի ցածր է, քան ներմուծվածինը։ Սակայն մեզ լուրեր են հասել, որ Ախուրյանի գործարանը փակվելու եզրին է, որ ԱԺ պատգամավորին այլեւս ձեռք չի տալիս գործարան աշխատեցնելը։ Շիրակի մարզում Ախուրյանի գործարանի փակման մասին չէին լսել։ «Այս տարի գործարանն ընդամենը երեք ամիս է աշխատել,- ասաց Ախուրյանի մեր աղբյուրը,- հնարավոր է, որ մարդկանց թվացել է, թե այն փակվում է»։

Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը «Հրապարակին» հայտնեց, որ չի հավատում, թե շաքարի գործարանը կփակվի։ «Այնքան ներդրում է արել, փող է ծախսել, որ հիմա փակի՞»։ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը եւս տեղյակ չէր գործարանի փակվելու մասին։ «Առաջինը Ձեզնից եմ լսում»,- ասաց նա։ 8 տարի առաջ, երբ գործարար եւ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը նոր էր բացում իր գործարանը, այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը՝ մարզպետով, գյուղնախարարով հանդերձ, սարեր էր խոստանում գյուղացիներին, թե աշխատատեղեր կբացեն, գործազուրկները գործարանին օր ու գիշեր հումք մատակարարելով կհարստանան, ճակնդեղի պլանտատորներ կդառնան։ Սակայն խոստումները մարեցին օդում։ Գործարանը թերբեռնված էր աշխատում, պարբերաբար կանգնում էր, աշխատողներն էլ ամիսներով պարապուրդի էին մատնվում։ Այս վիճակում էլ այն տարեկան 70-90 հազար տոննա շաքարավազ է արտադրում։ Ի՞նչ վիճակ է այսօր, ո՞րն է գործարանի փակման մասին լուրերի հիմքը։ Մեզ հաջողվեց կապվել Ախուրյանի գործարանի նախկին ղեկավարներից Հրայր Շառոյանի հետ եւ նրան ուղղել հարցերը։ Նա համարյա հաստատեց մեր տեղեկությունները։ «Կարող եմ միայն ասել, որ գործարանն այժմ չի աշխատում։ Այն վերանորոգման ընթացքում է։ Մինչեւ օգոստոսի տասը այն աշխատել է։ Այլ տեղեկություններ հայտնել չեմ կարող»։

Օրվա ավարտին վերջապես հաջողվեց կապ հաստատել Ախուրյանի շաքարի գործարանի տնօրեն Էդուարդ Բաբայանի հետ։ Նա պարզաբանեց․ «Հումքը վերջացել է, գործարանը փակվել է։ Հիմա մաքրում ենք, ապարատները պատրաստում ենք հաջորդ գործարկմանը։ 60 հազար տոննա շաքար կա, որն արտադրել ենք, պետք է Հայաստանում վաճառենք, որ նոր «պուսկ» անենք։ Երբ գործարանը նոր էինք բացում, հույս ունեինք, որ մի քիչ Վրաստանը կառնի, մի քիչ՝ Իրանը, մի քիչ՝ Ռուսաստանը, բայց մեզանից ոչ ոք չի գնում շաքար։ Մենք արտադրում ենք մեզ համար, իսկ գործարանը շատ հզոր է։ Մենք տարեկան 3-4 ամիս աշխատելով՝ արտադրում ենք այնքան, որքան սովետական Հայաստանը՝ մեկ տարում։ Հենց տեսնում ենք, որ արտադրանքը վերջանում է, կանգնեցնում ենք, վերանորոգում ենք, նորից «պուսկ» ենք անում»։ Հնարավո՞ր է, որ շաքարավազի էժանացումը ազդել է ձեր եկամուտների վրա, եւ դուք ուզում եք փակել գործարանը։ Ի պատասխան, Բաբայանը նշեց․ «Ֆանտազյոր մարդիկ ինչ ասես, կարող են խոսել։ Ինչո՞ւ պետք է փակենք մի գործարան, որում այդքան ներդրում ենք կատարել։ Մեր աշխատողների մոտավորապես մեկ երրորդին ներգրավել ենք կապիտալ նորոգման աշխատանքներին, որ պարապ չմնան»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X