Ռոբերտ Քոչարյանի թիմն ամբողջ թափով գործի է անցել

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու, ապա բաց թողնելու գործընթացը որոշ վերլուծաբաններ գնահատեցին որպես նրան քաղաքական դաշտ վերադարձնելու գործընթաց, որտեղ նրան ընտրության տեղ չթողեցին՝ պարտադրելով վերադառնալ եւ ներգրավվել քաղաքական պրոցեսներին։ Նրանք կարծում են, որ Քոչարյանը կշարունակեր «երիտասարդ թոշակառուի» իր կյանքը, եթե այս քրեական գործը չհարուցվեր, եւ նրան չստիպեին ինքնապաշտպանությունից դրդված ինչ-որ քայլերի դիմել։ Եվ որքան էլ հանրությունը զայրանա ու համարի, որ նա սուսուփուս պետք է գա ու նստի՝ չօգտվելով անգամ մեղադրյալներին վերապահվող իրավունքներից, նա եւ իր շրջապատը, բնական չեն, լռելու եւ ձեռնարկելու են բոլոր քայլերը՝ նախ քրեական մեղադրանքներից ազատվելու, ապա, սեփական պաշտպանվածությունը մեծացնելու նկատառումներից ելնելով, քաղաքական գործունեություն ծավալելու եւ հասարակական նպաստավոր կարծիք ձեւավորելու համար։

Այս տեսանկյունից բնական է նաեւ այն, որ քոչարյանական թիմում մտածում են հանրային կարծիք ձեւավորելու, գուցե նաեւ քաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակով լրատվական հարթակներ ձեռք բերելու կամ տնօրինելու մասին։ Թերեւս այս կոնտեքստում է պետք դիտարկել այն լուրերը, թե քոչարյանականները «հեռուստատեսություններ եւ կայքեր են առնում»։ Տարբեր գնահատականներ են հնչում, ըստ որոնցից մեկի՝ Քոչարյանը 5 TV է ձեռք բերել, որոնց մեջ կան ե՛ւ «Պանարմենիան գրուպ»-ին պատկանող «Արմնյուզ»-ի, ե՛ւ Սամվել Մայրապետյանին պատկանող Հ2-ի, ե՛ւ «Արարատ» հեռուստաընկերության, անգամ Հ3-ի անունները։ Սակայն մեզ ասացին, որ առայժմ կարող է խոսք գնալ միայն մեկ հեռուստաընկերության՝ Հանրապետականին պատկանող «Արարատ»-ի մասին, որը ո՛չ բովանդակությամբ, ո՛չ ֆինանսապես այս տարիներին այդպես էլ չկայացավ եւ մեծ լսարան ձեռք չբերեց։ Վերջին շրջանում այս հեռուստաընկերությունում դժվարությամբ էին աշխատավարձ տալիս, շատ կադրեր հեռացան։ Ասում էին, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի ուսերին են բարդել ընկերությունը պահելու հոգսը, նա էլ տրտնջում է։ Իշխանափոխությունից հետո լուրեր տարածվեցին, որ ՀՀԿ-ում որոշել են ռեբրենդինգ իրականացնել եւ «Արարատ»-ը դարձնել ընդդիմադիր ու ակտիվ հեռուստաընկերություն։ Եթե Հանրապետականն ուզում էր գոնե Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել եւ որոշակի քվե տանել, ապա հեռուստաընկերություն ունենալը, հրապարակային գործունեություն ծավալելը, լուսաբանվելը պետք է կարեւորեր եւ հասկանար դրա կարեւորությունը։ Բայց ընդամենը օրեր առաջ տեղեկացանք, որ շաբաթն ուրբաթից շուտ է եկել՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ի ձեռքից վերցրել է այն, ինչը նրան պետք չէ՝ «Արարատ»-ը։ Որոշ տվյալներով՝ բավականին մեծ գումարի դիմաց։ Նաեւ փակել է աշխատավարձերի պարտքերը։ Թեեւ չի բացառվում, որ «Արարատ»-ն այլեւս դառնա համատեղ օգտագործման ալիք՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համար։ Նորից, ըստ լուրերի, վերջին տարիներին հին ընկերների սառած հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են, եւ հնարավոր է նրանք միավորվեն ընդհանուր թշնամու դեմ։

Ըստ այս լուրերի, «Արարատ»-ն այժմ վերազինվում է Քոչարյանի թիմի հսկողության ներքո։ Բնականաբար, գաղափարական կառավարումը կիրականացնի Վիկտոր Սողոմոնյանը։ Տալիս են նաեւ Հանրային հեռուստաընկերության նախկին ղեկավար, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի անունը, սակայն կոնկրետ տնօրենի կամ համակարգողի պաշտոնը վստահվելու է Հարություն Հարությունյանին՝ Հանրայինի քաղաքական եւ լրատվական ծրագրերի ղեկավարին, ում նոր իշխանություններն ազատեցին աշխատանքից։ Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Հարություն Հարությունյանից, թե ճի՞շտ է, որ մոտ օրերս աշխատանքի է անցնելու «Արարատ»-ում։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ուրիշ առաջարկներ էլ է ստացել, դեռ մտածում է․ «Դեռ ոչ, կան տարբեր առաջարկներ, ես ուսումնասիրում եմ, կարեւոր չէ, թե որտեղից… ես հիմա ինձ համար հանգստանում եմ, մի քիչ զբաղվում եմ, մի քիչ ուսումնասիրում եմ, չի բացառվում, որ մոտ ժամանակներս որեւէ տեղ որեւէ բան կանեմ, բայց այս պահին ես որեւէ տեղ չեմ գնացել։ Կայքերից են հրավիրել, քննարկում եմ, էլի, երեւի կաշխատեմ որպես խմբագիր, իմ տարիքում ես չեմ կարող լրագրող աշխատել»։

Հարություն Հարությունյանի խոսքով՝ այս ընթացքում աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել․ «Այս ընթացքում հասցրել եմ նույնիսկ մի երկուսին մերժել՝ ասելով, որ չեմ ուզում։ Կարեւոր չէ, թե ում եմ մերժել, իմ անձը պետք չէ այդքան կարեւորել, դուք հիմա պետք է ավելի կարեւորեք նրանց, ովքեր աշխատում են, խոշորացույցի տակ պահեք նրանց աշխատանքը, ինչպես իմ աշխատանքն էիք խոշորացույցի տակ պահում։ Ես հիմա սովորական, հասարակ քաղաքացի եմ, նույնիսկ «հպարտ» էլ չեմ, հասարակ քաղաքացի եմ, ավելի լավ է «հպարտ» քաղաքացիներին խոշորացույցի տակ պահեք»։

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեցինք, թե ունի՞ որեւէ տեղեկատվություն այն մասին, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռք է բերել TV-ներ, այդ ձեռքբերումն ինչպե՞ս է ամրագրվում, եւ արդյոք իրենք տեղեկացվո՞ւմ են այդ մասին։ «Մենք նման տեղեկատվություն չունենք, մեզ մոտ միայն տնօրենների փոփոխությունն է երեւում, իսկ նման փոփոխություն դեռ չկա։ Այսինքն՝ պարտավոր չեն մեզ տեղեկացնել սեփականատերերի փոփոխության դեպքում, մեզ մոտ երեւում է միայն տնօրենի, կամ եթե անվանման հետ կապված փոփոխություն է լինում՝ դա»։ Այնուհանդերձ, եթե հեռուստաընկերության սեփականատերը որոշել է վաճառել իր հեռուստաալիքը, ի՞նչ ընթացակարգ պետք է պահպանվի, որտե՞ղ է այդ փոփոխությունը երեւում։ «Ենթադրում եմ՝ պետռեգիստրում, ինչպես որ յուրաքանչյուր ՍՊԸ-ի դեպքում, քանի որ բոլոր հեռուստաընկերություններն էլ իրավաբանական անձեր են»,-ասաց Բունիաթյանն ու եւս մեկ անգամ նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, պաշտոնական ոչ մի նամակ, դիմում չեն ստացել։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մեկնաբանություն
X