Նախարարությունը կխրախուսի 50 արվեստագետի՝ յուրաքանչյուրին տրամադրելով մեկ մլն դրամ (տեսանյութ)

Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ազդարարվեց երկու նախարարության համատեղ նոր ծրագրերի մասին։ Առաջին ծրագիրը ամբողջ հանրապետությունով մեկ ներդրվող աբոնեմենտային համակարգն է: Կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն՝ թատրոն, թանգարան կամ պատկերասրահ եւ համերգասրահ։ Իսկ մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան, այսինքն՝ 350 հազար հատ:

Նախարարաները կարեւոր համարեցին 30 տարի անց աբոնեմենտային համակարգի վերագործարկումը hանրապետությունում, որի համար նախատեսվել է 400 մլն դրամ։

Մակունցն ընդգծում է՝ ցանկացած ոլորտի զարգացում պայմանավորված է հանդիսատեսով, ում մոտ որոշակի տարիքից սկսած ձեւավորվում է ճաշակ արվեստի նկատմամբ․ «Դա էր պատճառը, որ որոշեցինք մեկնարկ տալ մի հետարքրիր դրամաշնորհային ծրագիր, որը կոչվում է «Քո արվեստը դպրոցում»։ Այն ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ եւ գրականություն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն` մի քանի բաղադրիչներով: Բաղադրիչը պետք է ունենա ինտերակտիվ, ներառող, ստեղծագործ մոտեցումը, հետաքրքիր գաղափար լինի, որը կմեծացնի հետարքրքրությունը տվյալ ոլորտի նկատմամբ»,-ասաց նա ու հավելեց, որ նախագծի նպատակն է զարգացնել ստեղծագործ, քննադատական եւ վերլուծական միտքը:

Այս ծրագրի համար կընտրվի 50 արվեստագետ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Նաեւ վիճակահանությամբ կընտրվեն այն 30 դպրոցները` ՀՀ տարբեր մարզերից, որտեղ արվեստագետներն իրենց նախընտրելի ձեւաչափով կներկայացնեն իրենց ծրագրերը կրթական հաստատություններում:

Թե այդ ծրագիրն իրենցից ի՞նչ է ներկայացնում՝ աշխատարաններ, սեմինարներ, վարպետության դասեր, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր արվեստագետ ինքը կարող է ընտրել ձեւաչափը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X