Ոստիկանությունը նույնքան հանդուրժո՞ղ էր ակտիվիստների նկատմամբ, որքան հանդուրժող է համասեռամոլների հանդեպ

ՀՀ ոստիկանապետ Վալերիր Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկու օր առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում տեղի ունեցած միջադեպին, երբ համասեռամոլները ներխուժել էին բաժին և հարվածել ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով երկու ոստիկան ստացել էր մարմնական վանսվածք։ Օսիպյանը նախ նշեց, որ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, և համասեռամոլները, օգտվելով այդ առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժին։

«Ոստիկանությունը եղել է և կա ուժեղ, և որևէ մեկը թող չկասծակի, որ որևէ մեկը կարող է ներխուժել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում։ Նա կստանա համապատասխան օրենքի ուժով պատասխան»,-խրոխտ կերպով հայտարարեց Օսիպյանը։

Hraparak.am-ը նկատեց՝ փաստն այն է, որ արդեն ներխուժել են։ «Ես մի փոքր առաջ ասացի, չէ՞, որ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն այդ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց ոստիկանապետը։

-Բայց ակտիվիստների նկատմամբ այդպես հանդուրժող չէր ոստիկանությունը նախկինում։

-Ո՞ր ակտիվիստների։

-Քաղաքական ակտիվիստների, որոնք ժամանակին պայքարում էին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Նրանց նկատմամբ ոստիկանությունը հաճախ շատ կոպիտ և բիրտ մեթոդներ էր կիրառում, հիմա համասեռամոլների նկատմամբ հանկարծ դարձավ հանդուրժո՞ղ։

-Դուք սխալվում եք, հարգելի լրագրող։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, միշտ իր գործունեության ընթացքում ոստիկանությունը բազմիցս․․․ ես եմ հայտարարությամբ հանդես եկել դեռ լինելով Երևանի փոխոստիկանապետ, որ ոստիկանությունը դրսևորում է հանդուրժողականությունը։ Պետք է, գնահատելով տվյալ իրավիճակը, դրսևորել հանդուրժողականություն ցանկացած իրավիճակում։

-Օրինակ՝ փորձե՞լ եք այդ համասեռամոլներին քարշ տալով մտցնել խուց կամ մեքենա, այնպես անել, որ նրանք ձեր նկատմամբ բռնություն չգործադրեն։ Ուղղակի աբսուրդ է՝ «նոր Հայաստանում» համասեռամոլները ոստիկան են ծեծում ոստիկանական բաժանմունքում։

-Ուրեմն այդպիսի բան չի եղել, որ ոստիկան ծեծեն։ Եթե մեկ-երկու անկանոն շարժը կամ հարվածել են ոստիկանության աշխատակցին, չի կարելի ենթադրել, որ ծեծել են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X