Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը․ ՀՔԾ պետ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Մարտի մեկի գործով հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այդ գործին։ «Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,-հայտարարեց Սասուն խաչատրյանը։

Թե երբ են նախատեսում կանչել նրան հարցաքննության, ՀՔԾ պետն ասաց․ «Դա արդեն քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է քննիչը՝ ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից։ Քննիչն է որոշում, թե ում, երբ և ինչ հարցերի շուրջ հարցաքննի։

Դա քննության տակտիկա է, և պետք է քննիչին թողնել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննութունն ինքնին ինքնանպատակ չէ»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի որոշմամբ ազատ արձակմանը, Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ դատախազությունը Վճռաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը։

Հարցին՝ Քոչարյանն այս պահին կարո՞ղ է լքել երկիրը, Խաչատրյանն ասաց, որ չի կարծում, թե Քոչարյանը կփորձի նման բան անել։ Բայց և նշեց, որ այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, այսիքն՝ նա կարող է ազատ լքել երկիրը։Բայց, եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, և կկիրառվի խափանման միջոց»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X