Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքի որոշումը բողոքարկվելու է

«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարում է.

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու և կալանավորելու վերաբերյալ: Հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը՝ խնդրելով Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին տեղեկացնել իրենց: Նշվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 07/08/2018թ-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով նախատեսված արարքի համար /խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով/, նույն օրը Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: 08/08/2018թ-ին դատարանը որոշել է տիկին Ֆարմանյանին կալանավորել:

Նշված հանգամանքների մասին Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների, ինչպես նաև դատական նիստին ներկայանալու մասին: Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը գտնվել է ամենամյա արձակուրդում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս, իսկ իրադարձությունների նման ընթացքի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից, իսկ փաստաբանն առձեռն ստացել է դատավարական փաստաթղթերը և կից նյութերը միայն 12/08/2018թ․-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում:

Ստացված նյութերից պարզ է դարձել, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության համար հիմք է հանդիսացել այն, որ Անահիտ Ֆարմանյանը, ըստ քննիչի և դատարանի, կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից: Չբացահայտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը՝ անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ տիկին Ֆարմանյանը մինչև արձակուրդ գնալը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների, չի ունեցել դատավարական որևէ կարգավիճակ, դեռևս 19/07/2018թ․ փաստաբանի միջոցով տեղեկացրել է քննիչին դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին, անձամբ և փաստաբանի միջոցով մի քանի անգամ քննիչին և ոստիկանությանը տեղեկացրել է, որ ծանուցագիր ստանալու դեպքում ներկայանալու է վարույթն իրականացնող մարմնին /առկա են հիմնավորող ապացույցներ/, 30/08/2018թ․ երեկոյան քննիչը հեռախոսով դիմել է փաստաբանին հրավիրելով վերջինիս վստահորդին հաջորդ օրը ներկայանալ իրավապահ մարմիններին, այդ պահին արդեն արձակուդում գտնվող Անահիտ Ֆարմանյանը Հայաստանից մեկնելու ճանապարհին է եղել և մինչև հաջորդ օրը հնարավոր չի եղել նրան տեղեկացնել հրավերի մասին, Տիկին Ֆարմանյանի բացակայության և գտնվելու վայրի մասին վաղ առավոտյան փաստաբանը հայտնել է քննիչին՝ նշելով, որ վստահորդը վերադառնալու է 2-3 շաբաթից, սակայն քննիչը չի հայտնել կարգավիճակի փոփոխության կամ ՀՀ շտապ վերադառնալու անհրաժեշտության մասին: Նշված փաստերի լույսի ներքո անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին: Նույն պատճառաբանությամբ անհիմն է Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը, որը սեղմ ժամկետում բողոքարկվելու է:

Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքին /խարդախություն/, ապա բողոքարկվելու է նաև այդ որոշումը՝ հաշվի առնելով, որ տիկին Ֆարմանյանը ոչ անձամբ, ոչ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով: Կարևոր է ընդգծել, որ նշված իրավիճակում իրավական կոշտ գնահատականի են արժանի նաեւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց գործողությունները, սակայն ներկայում դեռևս անհրաժեշտ չենք համարում դրանց հրապարակումը: Տիկին Ֆարմանյանի նկատմամբ ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հետագա հնարավոր ոչ օրինական գործողությունների համար մեղավոր անձանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու հարցում տիկին Ֆարմանյանին տրամադրելու ենք անհրաժեշտ իրավաբանական աջակցություն: Հաշվի առնելով, որ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը ձախողվել է ոչ Անահիտ Ֆարմանյանի մեղքով, և նա մտավախություն ունի, որ կրկին կենթարկվի ոչ իրավաչափ սահմանափակումների, տիկին Ֆարմանյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն միայն նշված բողոքների քննության ավարտից հետո:

Մեկնաբանություն
X