Իրավունք

Արթուր Վարդանյանը հնարավոր է լյարդի քաղցկեղ ունի, նաեւ՝ ազատվելու մեծ հույս

«Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ կրակոցներ են եղել, մահ, բայց նրանց մեկ առ մեկ բաց են թողնում, իսկ Արթուր Վարդանյանը, որը, ըստ մեղադրանքի, փորձել է տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը, ինչը դեռ ապացուցման ենթակա է, արդեն 3 տարի է՝ նստած է։ Այս հարցադրումն ավելի հաճախակի է հնչում Արթուր Վարդանյանին համակրող, նրա ընտանիքին մոտ կանգնած անձանց, նաեւ սիրիահայերի կողմից։ Սիրիայի հայությունը, որն Արթուր Վարդանյանին ճանաչում է ոչ թե որպես բանդայի պարագլխի, այլ հայրենասիրական մղումներով տոգորված երիտասարդի, հետախույզ Վալերիկ Վարդանյանի որդու եւ Քեսաբի ինքնապաշտպանության կազմակերպչի, աշխարհի տարբեր անկյուններում ուշադիր հետեւում է Նորք-Մարաշում հայտնաբերված «բանդայի» գործով դատաքննությանը։ Իսկ Հայաստանում Արթուր Վարդանյանն ընկալվում է գրեթե որպես ահաբեկիչ։ Նրան մեղադրում են հնարավոր եւ անհնար մեղքերի մեջ՝ քաղաքացիների կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու, զենք ու պայթուցիկ պահելու, իշխանությունը բռնի կերպով յուրացնելու փորձի համար։

Ըստ Սերժ Սարգսյանի ժամանակվա ԱԱԾ-ի, նա ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության եւ Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Ճիշտ է, դատաքննության ժամանակ առայժմ համոզիչ ապացույցներ չեն ներկայացվել, իսկ դատարանի դահլիճում ներկայացված գաղտնալսումները, որոնք ԱԱԾ հիմնական զենքն են, անընկալելի են։ Ձայնագրություններից չի հասկացվում, որ Վարդանյանն այսքան ստոր է եղել։ Չնայած, մեր մեջ ասած, եթե անգամ լիներ, մարդիկ այնքան էին ատում Սերժ Սարգսյանի իշխանությունը, որ սարսափազդու այս մեղադրականը ոչ թե ատելություն, այլ կարեկցանք էր առաջացնում շատերի մոտ։ Նա արդեն երեք տարի նստած է։

Օգոստոսի 14-ին Արթուր Վարդանյանին այցելել են ՄԻՊ գրասենյակից։ Նրանք խորհուրդ են տվել դիմումներ գրել․ մեկը՝ Դատական դեպարտամենտին, նաեւ իրեն՝ ՄԻՊ Արման Թաթոյանին, նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին։ Այս մասին մեզ հայտնեց Վարդանյանի կնոջ՝ Աշխեն Սուլումյանի կողմից լիազորված անձը՝ իրավաբան, ակտիվիստ Հայկազ Մակարյանը։ Նա հայտնեց, որ Արթուր Վարդանյանը երկու անգամ է դիմել Արման Թաթոյանին, սակայն վերջին երեք տարում սա առաջին այցելությունն է։ «Ինչո՞ւ է Քոչարյանին հենց երկրորդ օրը ՄԻՊ-ն այցելում, իսկ Արթուր Վարդանյանին, որը երեք տարի է՝ նստած է, առաջին անգամ են այցելում»,- ասում է Հայկազ Մակարյանը։ Նա նաեւ հայտնեց, որ Արթուր Վարդանյանի կինը երեխաների հետ ուզում է այցելել Հայաստան՝ ամուսնուն հոգեբանորեն աջակցել, նրանց կողքին լինելուեւ համար, սակայն Արթուրն արգելել է կնոջը վերադառնալ՝ զգուշանալով նրա կյանքի համար։ «Մենք պահանջում ենք, որ եթե Աշխենը, այնուամենայնիվ, գա Հայաստան, նրա եւ նրա երեխաների պաշտպանությունն ապահովվի,- ասում է Հայկազ Մակարյանը։- Մենք նաեւ պահանջում ենք, որ Արթուրի խափանման միջոցը փոխվի, պահանջում ենք շուտափույթ ազատում։ Ես խոսել եմ Արթուրի հետ հեռախոսով, նա ինձ ասել է, որ վիրավորված է մեր մամուլից։ Ոչ ոք չի գրում այն մասին, որ ինքը Քեսաբի պաշտպանությանն է մասնակցել։ Նա չի հասկանում, թե որ էն ժամանակ Սերժ Սարգսյանի ռեժիմն էր, հիմա ո՞վ է իր հետեւից ընկած։ Զենքն իրենն էր, բայց դա ծառայելու էր Արցախի պաշտպանությանը։ Նոյեմբերին Արթուրին բռնեցին, իսկ երեք ամիս հետո ապրիլյան պատերազմը եղավ, սխա՞լ էր անում, որ զենք էր հավաքում»,- հարցնում է Հայկազ Մակարյանը։

Հեղափոխությունից հետո Վարդանյանի եւ խմբի գործով դատաքննությունն ընթանում է մեծ ձգձգումներով։ «Տարօրինակ ձեւով նիստերն արդեն մոտ մեկ ամիս է՝ տեղի չեն ունենում։ Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է կատարել, որպեսզի նրան քաղաքացիական հիվանդանոցում հետազոտեն»,- ասում է Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Վերջին տարին Արթուր Վարդանյանը լյարդի հիվանդություն ունի, անընդհատ ջերմում է։ Սովորական ռենտգեն հետազոտությունը պատճառը ցույց չի տալիս։ «Բժշկական զննություն մեկուսարանում կատարվում է, բայց այնպիսի ռենտգենի տեսակներ կան, որ մեկուսարանի պայմանները թույլ չեն տալիս կատարել։ Նա խրոնիկ ցավեր ունի լյարդի շրջանում, եւ այլ մանրամասներ կան, որոնք ես այս պահին զերծ կմնամ բացահայտելուց։ Բայց ավելի եմ կարեւորում այն պահը, որ Արթուր Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել բռնի իշխանափոխություն կատարելու համար, այսինքն՝ բռնի կերպով փոխելու այն իշխանությունը, որն այլեւս չկա։ Այսինքն՝ մարդուն դատում են մի բանի համար, որը գոյություն չունի»,- ասում է փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ այս մեղադրանքն իրենք չեն ընդունել։ Մեր հարցին, թե արդյոք չի՞ կարելի վերանայել մեղադրանքը, քանի որ իրավիճակ է փոխվել, նա պատասխանում է․ «Դա դեռ մի կողմ թողնենք, բայց գոնե խափանում կալանքը պետք է փոխվի։ Ո՛չ զոհեր կան, ո՛չ կրակոցներ։ Առավել եւս, Արթուրը հենց առաջին օրից ընդունել է, որ զենքն իրենն է։ Նաեւ եկեք փաստենք, որ անձը Քեսաբ է ազատագրել, եւ նման դեպքում այս բոլոր հարցերը պետք է գնահատվեն»։

Փաստաբանն Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն, սակայն, չի ներկայացրել Վարդանյանի պահանջով։ «Արթուրն ասել է, որ ինքն ուզում է դուրս գալ վերջինը, երբ բոլորն ազատ արձակված կլինեն։ Խնդիրը ինքն այդպես դրեց, ահա ինչու մենք այդ հարցում ձեռնպահ ենք։ Մենք գլոբալ միջնորդություն արեցինք, որ բոլորի խափանման միջոցը փոխեն»,- ասում է Լեւոն Բաղդասարյանը։ Նախկինում նա կարծում էր, որ դատարանը «գործադիրի կոշիկի տակ է», իսկ հիմա ասում է․ «Այն գտնվում է Ազգային ժողովի կոշիկի տակ՝ սրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Վազում են մի երկու պատգամավորի երաշխավորություն են վերցնում, հանձնում են դատավորին, ասում են՝ խափանման միջոցը փոխի։ Սա չպետք է դառնա խրոնիկ եւ սիստեմատիկ։ Դատարանը պետք է անկախ լինի, գործի անկախ որեւէ մեկի երաշխավորելուց»։ Նա կարծում է, որ դատական իշխանության գերծանրաբեռնվածությունը, որն այսօր առկա է, պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է ստեղծում, այն ավելի վտանգավոր է, քան անգամ կոռուպցիան։ «Մարդը դիմում է ներկայացնում դատարան՝ ամուսնալուծության, մեկ ամիս անցնում է, մինչեւ վարույթ ընդունելու մասին որոշում է ստանում։ Նաեւ այս վերջին ռեֆորմները, որ արեցին, սարքեցին մեկ դատարան՝ Երեւանում, պատկերացրեք, գործն առձեռն մուտք է արվում մի գրասենյակ, մեքենան մակագրում է մեկ այլ գրասենյակի վրա, մարդիկ այդ թղթերն առձեռն գրասենյակից գրասենյակ են տեղափոխում, մինչեւ հասնում է նախագահող դատավորին, արդեն մի տասն օր տեւում է։ Անհրաժեշտ են ռեֆորմատիկ փոփոխություններ, եւ պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիր եմ տեսնում դատական իշխանության գերծանրաբեռնված լինելու մեջ, որի պայմաններում դատական իշխանության օգտակար գործողության գործակիցը հավասարվում է զրոյի»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X