Նոր Հայաստան՝ հին մտածողություն

Դեմոկրատիայի, ազատության, հավասարության, եղբայրության, վերջապես՝ սիրո եւ համերաշխության գաղափարները յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում։ Մեկի համար այդ համամարդկային գաղափարները նույնացվում են Սերժ Սարգսյանի հեռանալու հետ, մյուսի համար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու, երրորդի համար դա հացի խնդրի լուծումն է, չորրորդի համար՝ Ռոբերտ Քոչարյանին բանտում տեսնելը։

Ինձ համար դեմոկրատիան նախ ազատ խոսքն է երբ մարդն առանց կաշկանդվելու, առանց քարկոծվելու վտանգի, աներկյուղ կարող է արտահայտել իր ամենաարտառոց մտքերը։ Եվ երկրորդը՝ հասարակության մեջ փոքրամասնություն կազմող խմբերի իրավունքներն են, երբ սեռական, կրոնական, ազգային, կուսակցական բոլոր խմբերի ապրելու, ստեղծագործելու, արտահայտվելու իրավունքը պաշտպանված է եւ իրացված։

Երեկ խմբագրություն այցելած անձը՝ իբրեւ թե մտավորական, անգամ՝ մանկավարժ, ինձնից՝ թերթի խմբագրից հաշիվ էր պահանջում․ «Ո՞վ է ձեզ իրավունք տվել տպագրել այս հոդվածը»։

Պահանջն այնքան անհեթեթ էր, ագրեսիան` այնքան ակնհայտ, որ ես հասկացա՝ նման արտահայտություններ անող մարդիկ, իսկ դրանք սարսափելի շատացել են վերջին շրջանում, չգիտեն, թե որն է դեմոկրատիայի տարրական կանոնը, չեն կարող ընդունել, որ դիմացինը եւս իրավունքներ ունի, եւ այդ սահմանն ինքը չի որոշում։ Մի քանի բղավոցից հետո մանկավարժական գիտությունների թեկնածու Տարիել Ղաջոյանը սկսեց խմբագրության գույքը ջարդել եւ հայհոյել՝ իր կողմից անընդունելի հոդված տպագրելու համար։ Վաղը Ղաջոյանի նմանները կարող են ներխուժել խմբագրություն եւ պահանջել, որ տպագրվեն միայն իր կողմից գրաքննված հոդվածները, կամ առհասարակ՝ թերթը չտպագրվի, կարող են փակել խմբագրության մուտքը, տեռոր անել։ Եվ սա նոր Հայաստանն է, որը մենք ենք ստեղծել։

Մեկնաբանություն
X