Մի տեղեկանքի, կնիքը խփելու համար 70կմ գնում ենք. սեւանցիները զայրացած են

Գեղարքունիքի մարզում զինկոմների միավորումը մեծ դժգոհություն է առաջացրել Սեւանի եւ հարակից բնակիչների համար: Բանն այն է, որ միավորման արդյունքում Սեւանի զինկոմ դիմող քաղաքացիները կնիք խփելու համար պետք է հասնեն Մարտունի: «Մի հատ տեղեկանքի համար հասնում ենք Մարտունի, էն էլ հարց ա՝ էդ օրը մեր տեղականքը կլինի, թե հետ կգանք Սեւան, հաջորդ օրը կգնանք: Խայտառակ վիճակը է, մեզ կրակը գցեցին: Տղեն պետք է հաշվառվի վայենկոմատում, 70 կմ գնա հասնի Մարտունի, ինչ է որ հաշվառվի, որ էդպես է, ոչ կգնա, ոչ էլ կհաշվառվի: Միայն դա չի, դեպքեր է եղել, որ ծնողների հետ են գնացել, մի ամբողջ օր ներվայնացել ենք, վերջում հետ ենք եկել, որ մի 5 օրից գնանք: Էս ինչ են անում, մենք համ զայրացած ենք, համ էլ զարմացած, որ անգամ հեղափոխություն եղավ, բայց խնդիրը չլուծվեց, արդյուքում էլի քաղաքացին ա տուժվում: Սեւանում մի քանի աշխատող են թողել, նրանց ձեռքն էլ կնիք չկա»,-բողոքում էին սեւանցիները:

Նրանցից մեկն էլ ասաց, որ ոչ միայն զինկոմում հաշվառման համար են Մարտունի գնում, այլ տղաների համար անձնագիր ստանալու համար եւս Մարտունի են հասնում:

Այս խնդրի հետ կապված Սեւանի անձնագրային բաժանմունքի պետ Լեւոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պարտադիր պետք է գնան Մարտունի, զինհաշվառման կնիքը խփեն, նոր գան անձնագիր ստանան. «16 տարեկան տղան անձնագրավորվելու համար պարտադիր պետք է զինհաշվառման կնիք բերի, դրա համար էլ մենք ուղարկում ենք Մարտունի, քանի որ զինկոմների միավորվեցին: Այդ կնիքը խփելու համար մարդիկ գնում են 70 կմ: Նախ այդ երկար ճանապարհ գնալ-գալը, հետո կարող է գնա ու չստացվի կնիքը խփեն, սպիտված պետք է հաջորդ օրն էլ գնան: Այդ պատճառով են մարդիկ դժգոհություններ հայտնում: Դա մեր հետ կապ չունի, մենք օրենքով ենք աշխատում»:

Սեւանի զինկոմի պատասխանատու Նաիրի Խաչատրյանն էլ մեր հարցերին չպատասխանեց՝ ասելով. «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս, եկեք տեղում կբացատրենք, կասենք: Կներեք զբաղված եմ, ժամանակ չունեմ»,- նշեց՝ անջատելով հեռախոսը:

Փորձեցինք նաեւ զրուցել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ։

«Հարցի հասցեատերը իրականում ես չեմ, բայց հարցին տեղյակ եմ: Հիմնականում Ճամբարակի տարածքում այդ խնդիրը կար, շատ արագ փորձեցինք կարգավորել, որ բնակչությանը նեղություն չտանք, բայց որքան գիտեմ, Սեւանում այդ խնդիրը չկա: Առաջին օրերը եղել է այդ խնդիրը, մենք լուծման եղանակներ առաջարկել ենք զինկոմին, պետք է, որ լուծված լիներ: Ամեն դեպքում ես առավոտյան նորից այդ հարցը կքննարկեմ զինկոմի հետ»,- հարցի վերաբերյալ նշեց Իշխան Սաղաթելյանը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X