Դիմակավորված անձինք մտել են Հարավկովկասյան երկաթուղի (թարմացված)

Հենց նոր տեղեկացանք, որ նախօրեին՝ ամսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և իրականացրել գործողություն․ խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովվեցրել է ոչ միայն երկաթուղու ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։

Երկաթգծի ադմինիստրացիան զարմացած է՝ եթե ինչ-որ փաստաթղթեր ստանալու կարիք ուներ ՀՀ իշխանությունը, կարող էին դիմել, իրենք պատրաստ էին տրամադրել՝ առանց մասկի-շոու իրականացնելու։

Մեզ ասացին, որ քիչ անց ՀԿԵ-ն կամ հայտարարություն կտարածի, կամ կարձագանքի վերոնշյալ դեպքին։

Հ․Գ․ Հենց նոր մեր ձեռքում հայտնվեց Հարավկովկասյան երկաթուղու հայտարարության նախագիծը, որտեղ Հայաստանի հարկային մարմինների գործողությունները` օգոստոսի 14-15-ի գիշերը, գնահատվել են որպես «ոչ բարեկամական և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ավանդույթները խախտող»։

Մենք նաև տեղեկացանք, որ խուզարկությունը կատարվել է հարկեր չվճարելու մեղադրանքի շրջանակներում, որը կազմում է 9.7մլն դրամ՝ ԱԱՀ։

Պարզվում է՝ ՀԿԵ-ն քրեական գործի հարուցման մասին որոշումը չի ստացել, իսկ խուզարկության որոշումը տարվել է օգոստոստի 14-ին՝ ժամը 22։00-ին։ Խուզարկությունը կատարվել է 00։00-ից մինչև 8։30։ ՀԿԵ-ն նաև արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է Հայաստանի օրենսդրության խախտումներով՝ ընթերականները անձը հաստատող փաստաթղթեր չեն ունեցել, խուզարկության են ենթարկվել նաև աշխատակիցների անձնական իրերը, և «հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով գործողությանը մասնակցել է նաև «սպեցնազը»»։

ՀԿԵ-ն պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել ՀՀ իշխանություններին։

Ի դեպ, Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նույն օրն այցելել է Նիկոլ Փաշինյանին․ փորձում են հարթել կատարվածը։

Մեկնաբանություն
X