Ինչո՞ւ է ոստիկանությունը հեռացրել նույնասեռականների մասնակցությամբ տեսանյութը

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսանյութի կապակցությամբ:

«Օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից միջադեպի մասնակիցների անվտանգության խնդիրների ապահովման առնչությամբ ահազանգ է ստացել։ ՄԻՊ-ը դիմել է ոստիկանություն եւ համատեղ քննարկման արդյունքում որոշվել է ոստիկանության տեսանյութում դեպքի մասնակիցների դեմքերը փակել»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին են ահազանգել քաղաքացիներ եւ հայտնել, որ Երեւանի «Կոմայգում» եւ «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ զինված հարձակվել են իրենց վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք նույնասեռականներ են, իսկ նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն:

Տուժող կողմը իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց, սակայն առաջին հայացքից կանայք թվացող, իսկ իրականում կանացի զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը։ Նրանք Երեւանի բնակիչներ 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյանն ու 30-ամյա Մարատ Կիրիլյուկն են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել է 1 անձ:

Մեկնաբանություն
X