Ռոբերտ Քոչարյանի համար նույնիսկ պաստառ բռնող չպետք է լինի

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը։ Մինչ այդ որպես ընդդիմադիր գործիչ բազում-բազմաթիվ հանրահավաքների մասնակցած կամ կազմակերպած Նիկոլ Փաշինյանը այս անգամ հանրահավաք է հրավիրելու իր վարչապետության 100 օրը լրանալու առթիվ։ Սոցցանցերում արդեն հանրահավաքին մասնակցելու կոչեր են հնչում հակահեղափոխականների ռեւանշը կանխելու, նոր իշխանություններից արտաքին քաղաքականության, տնտեսության վերաբերյալ տեսակետներ լսելու ակնկալիքով։ Ոմանք տագնապած են, թե ինչպես Վերաքննիչ դատարանի որոշմամբ երկշաբաթյա կալանքից հետո ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հույս ունեն, որ դրա վերաբերյալ էլ հանրահավաքում պարզաբանում կլսեն։

Նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է հայտնվել ֆինանսական ռեսուրսների եւ արտաքին աջակցության պարագայում, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։ Եվ այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, հանրահավաքը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ «Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 100 օրվա ամփոփման մասին, ապա կարծում եմ, որ հիմա պետք է ավելի շատ տեղ տալ հակահեղափոխական, քոչարյանական ռեւանշը կանխելուն։ Եվ այդ հանրահավաքին պետք է մասնակցեն հեղափոխությանը աջակից բոլոր ուժերը։ Բոլորս էլ պետք է մասնակցենք։ Բնական է, որ վարչապետն իր ասելիքը կունենա նաեւ տնտեսական, մյուս խնդիրների մասին։ Սակայն ես առաջին խնդիրը համարում եմ քոչարյանական ռեւանշի կանխման հնարավորությունը։ Արտաքին աջակցությունը հանգեցնում է հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի։ Ժողովուրդը պետք է մասնակցի այդ հանրահավաքին այնպես, որ եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի մի քանի բարեկամներն են ցույց անում, ապա նրանց ճանապարհն էլ փակվի։ Դա վտանգավոր նախադեպ է, նրա համար նույնիսկ պլակատ, պաստառ բռնող չպետք է լինի»,- կարծում է Պետրոս Մակեյանը։

Մեկնաբանություն
X