Յաման գիդի զարմանալու բան չէր․ Գյումրեցիները զարմացած չեն Կարեն Կարապետյանի շենքով

>

Գյումրիում գտնվող «Կումայրի պատմական արգելոցի» վերանորոգման գաղափարը, ինչպես գիտենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանինն էր: Անգամ հիմնադրամ ստեղծվեց՝ «Կումայրի վերածնունդը», որի շրջանակներում էլ վերանորոգվեց Ռուսթավելի փողոցը: Կարեն Կարապետյանի ընտանիքը շուրջ 500հզր դոլարի ներդրում կատարեց՝ քաղաքի պատմական միջուկում տարածք ձեռք բերելու եւ հյուրանոցառեստորանային համալիր կառուցելու նպատակով: Նախկինում այդ տարածքում երկհարկանի շենք էր՝ «Ջրահարսը», որը ժամանակին քաղաքի շքեղ ռեստորաններից մեկն էր: Մինչ շինարարական աշխատանքների ավարտը, Գյումրիում կանխատեսում էին, որ վարչապետի ընտանիքին պատկանող շինությունը ամենաքիչը եռահարկ է լինելու, չափազանց շքեղ, իսկ գնային առումով՝ ամենաթանկը:

Մոտ մեկ տարի տևած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, եւ միայն ներքին հարդարման աշխատանքներ են մնացել:Որքան էլ տարօրինակ է, նորակառույց շենքը կրկնօրինակն է նախկինի, երկհարկանի է, ճակատային մասը՝ անկյունաձև: Շինարարաները գրեթե պահպանել են պատմական ֆասադի ամբողջական տեսքը եւ նոր շունչ են հաղորդել կառույցին: Գյումրեցիները մի կողմից ուրախ են, որ տարիների հիշողությունն ամբողջությամբ չի ջնջվել, մյուս կողմից զարմացած են՝ սպասելիքներն ավելին էին: «Հըբը կըսեին՝ շքեղ, շքեղ, շատ շքեղ է լինելու, յաման գիդի զարմանալու բան չէր»,-ասաց անցորդներից մեկը:

Ի դեպ, Գյումրու Շիրազի փողոցը նույնպես վերակառուցվելու էր «Կումայրի արգելոցի» զարգացման ծրագրի շրջանակներում, բայց այսօր Շիրազի փողոցը Ռուսթավելիին կապող հատվածը վերանորոգվում է Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Մեր տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը պաշտոնաթողությունից հետո նախկինի նման հետաքրքրված չէ Գյումրիով: Անգամ սեփական օբյեկտի կառուցման համար այլևս անձամբ չի այցելել ու հետաքրքրվել: Մինչդեռ պաշտոնավարման ընթացքում նա Գյումրի հաճախ էր այցելում, շրջելով փողոցներով, հիացմունքը զսպել չկարողանալով բացականչում էր՝ ֆանտաստիկա :

Լուրեր են պտտվում, որ երկրում իշխանափոխությունից հետո «Կումայրի» արգելոցի զարգացման ծրագիրը սառեցվել է։ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում ասաց. «Ծրագիրը չի սառեցվել, շարունակվում է, ես ճշտել եմ, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ է մի մասը, համատեղ ֆինանսավորում է՝ բանկի եւ կառավարության կողմից, պարզապես որոշակի տեխնիկական խնդիրներ կան, մի մասի համար շինարարական մրցույթ է հայտարարվել, երբ հաստատվի, մինչև հոկտեմբեր-նոյեմբեր աշխատանքները պետք է ավարտին հասցնեն»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X