Պոեզիա

Գրել այս ամենը: Արտագրել

Կյանքը: Մոխիր ցանել: Կարդալ մի տաղ

Մեծարենցից: Ջրերը ետ տանել:

Իջնել վիհը: Ջանալ գտնել բաներ,

Որ գրվել են վաթսուն… Ասել` մի տար`

Անճանաչիս ընթացք պարտադրել:

Շնչավորի օծում: Ինչպե՞ս եղավ:

Հայրս: Մայրս: Աշուն: Հոկտեմբերին:

Լույսը բխեց քարից: Գառան մայուն,

Դաղձ, կուժկոտրուկ, աղը աղամանում

Շողաց: Հեռվում երգող իմ բանբերի

Գլխին պտղունց-պտղունց ոսկի տեղաց:

Գրել այս ամենը: Մտքում: Ջնջել

Մնացյալը: Ասել` ամայություն

Միջակայքում: Էիր, այս ես հիմա:

Դու այդ ինչպե՞ս արիր: Նրա դիմաց

Հաշտ ու խաղաղ կենալ: Մեղր ու թույն

Քսել կրծքին: Նայել: Դեմքը շրջել:

Բլուրներով անցնել: Քարի առնել:

Օձին եղբայր ասել, խաշխաշին՝ քույր:

Հեյհեյ, Դավիթ կանչել: Եղինջ քաղել:

Կարկուտի տակ մնալ: Աղավաղել

Պատկերները մերոնց: Ծեսի խորքում

Ձմեռ, գարուն, ամառ, աշուն – խառնել:

Դու այդ ինչպե՞ս արիր: Ժամանակը

Հեղեղատով իջել, դարձել է շեղբ:

Կուրծքը պատրաստ պահել: Կաքավ ու լոր

Աղեկտուր թռան: Գլոր-գլոր՝

Նարեկացին, սայլը: Ու դու՝ երկփեղկ,

Անկարող ես արդեն աղաղակել:

Աղբյուրը ջուր տանել: Խրվել մինչև

Գոտկատեղը հողում: Բույրից ցնծալ:

Մաղախը բաց պահել՝ հաց ու պանիր:

Քիչ էլ առաջ գնաս, քեզ կսպանի

Աստծո սրտից ծլած հասկը ընծա:

Գնալ սակայն: Շնչել: Արտաշնչել:

Ազատ անկում: Թուղթը՝ քառակուսի:

Ձեռագիրը՝ մանր, վայելչագիր:

Անդունդները գնալ: Մնացորդաց

Անունը վառ պահել: Կարմիր որդան

Կուց-կուց արյուն ապրել: Հռչակագիր

Հղել լույսին: Դիպչել չարագույժին:

Դու այդ ինչպե՞ս արիր: Եղա՞ր արդյոք

Ձայների մեջ վերին: Քեզ ո՞վ պեղեց

Դեղին լեղի այսքան հեղեղի մեջ:

Վարդը ահա վառման առէջ-առէջ

Մոխիր գնաց: Կարմիր լուրեր հեղել,

Հուրհրում է վկա Սիամանթոն:

Իսկ լանջերը՝ կանաչ: Հացը՝ աղի:

Տատասկ ու փուշ քաղել, կրծքին սեղմել

Անցյալ կատարյալի: Շնչավորել

Մի քանի տաղ, որ է փառավորեն

Գոյությունը գուցե, որ է մեղմեն

Անվերջնագիր ելքը քո խաղաղիկ:

Ինչ սիրուն է հավքը ի վայրէջքի:

Ինչ հմուտ է մութը ուրթը պատել

Թումանյանի: Բացել ծոցը մահվան,

Ծաղիկ, ծիծաղ լցնել աջ ու ահյակ:

Ասել՝ մենք չիմացանք բարեպատեհ

Օրը, ժամը, պահը, վայրը էջքիդ:

Անպարագիծ: Գետը տարավ առո՛ւն:

Մենք ո՞ւմ անունը տանք, ո՞վ երկարեց

Սիրո, արտասուքի աղեղը ձիգ,

Սանձեց, ի ծառս հանեց յուր այրուձին,

Թեթև աչքով արեց, նետահարեց,

Մեզ հանգուցեց կանայք նշանառու:

Արդեն հովերն ընկան: Պաղ ապակին

Արտացոլեց ներկան: Հավքը թևեց:

Դողէրոցքում ճյուղը անշարժացավ:

Դու այդ ինչպե՞ս արիր: Ահագնացավ

Ցանկությունը, քաղցը: Վախը տևեց:

Բայց զմրուխտ էր մահվան կաղապարին:

Տնից դուրս եմ եկել, որ հարուցեմ

Փոփոխություն, ցնցում: Ետ չեմ դառնա

Անառակի նման: Անմեռ ցորեն –

Չեմ շատանա այսու: Անդարձորեն

Կդառնանա խոսքը խառը-խառնակ:

Օր մը նորեն: Գուցե: Դառնամ գուցե

Վարուժանին: Տունը: Ալյուր աղամ:

Կանաչ-կարմիր կապեմ: Թագավորի

Երգը ասեմ խռով, որ գլխին՝ հող,

Ու աներկիր մնաց, սրախողխող:

Դու այդ ինչպե՞ս արիր: Ի՞նչն է որից:

Անպատասխան, անդարձ, բույս անթաղար:

Այս էլ այսպես եղավ: Այլաշխարհից

Բարձրանում են ձայներ՝ ցնծա՜, եղո՜ւկ:

Իսկ ես հաց եմ բերել՝ մաղախի հաց,

Որ գառները կերան: Դռները բաց:

Բայց չի գալու: Անմեռ ցորեն՝ հեռու

Պատարագից, խոսքից ու նշխարից:

Գնալ նախավերջին: Երեք հատիկ

Նռան, ահա, քունքին: Աչքերը՝ գոց:

Լյառն Արարատ այնտեղ, որ չի տեսել

Մանկուց: Բայց ինչ երկիր լուսատեսիլ

Վարքագրեց: Շնչեց երգը երգոց,

Մինչդեռ մաղձ էր ու թույն դառնապատիր:

Բլուրները նույնն են՝ կանաչ-արթուն

Եվ անթերի գծեր: Զանգակազարկ՝

Ընկել քամու բերան: Հողմածաղիկ

Լինել: Տերյան կանչել մթնշաղին:

Քո հազարին գնալ, խրվել ազատ

Տարածության կուրծքը: Ոսկե հատում:

Դու այդ ինչպե՞ս արիր, երբ չի արվում

Ոչինչ արդեն վաղուց: Միայն ներկա,

Միայն ապավինած, ինչ չի գալու:

Մասուր պոկիր խաղաղ: Մինչև գարուն

Մեկնիր բաղձանքներիդ ճյուղը երկար:

Ցնցվիր, ինչպես ծառն է թափահարվում:

Դու այդ ինչպե՞ս արիր: Անցնել նորեն

Մի մանկություն տարածք: Մնալ սթափ:

Պատահարից խոսքը տարանջատել,

Կյանքի կապանքներից մահն արձակել

Ու ընդառաջ գնալ: Ինքնավստահ

Հիշողության հոսքը կարգավորել:

Մնացյալը: Էիր, է ես հիմա:

Քայլ ես վերջնակետից դառնալու տուն՝

Լանջով, ուրցերի մեջ, քչքչոցից

Ջրի կաթվածահար, խայթված օձի

Նման գալարվելով: Քարը արտում

Քունն է հսկում հասկի: Վարք անիմաց:

Բոլորեքյան Չարենց: Բառեր գրել,

Շնչավորել վերջին լուսաբացի

Մեղուն ու թռչունը: Ճառագել ձայն

Զվարթ: Երկինք նայել: Կես-կիսաձայն՝

Դեռ մնում եմ – ասել – ջուր ու հացիդ,

Դեռ մնում եմ, որ ինձ արտագրես:

Աղվան Վարդանյան

14-21.07.2018

Աղբյուր

Մեկնաբանություն
X