Հայի հետին խելքը

1988-ի սեպտեմբերն էր։ Արցախյան շարժումն արդեն իր կուլմինացիային էր հասել։ Հայկական ֆիլմերի ընտրանի կազմեցի՝ առաջին անգամ ընդգրկելով «Հուսո աստղ» ֆիլմը, որովհետեւ այդ կինոնկարի ցուցադրումը հայր Ալիեւն ընդհանրապես արգելել էր Ղարաբաղում։ Աննկարագրելի ընդունելություն Հայաստանից եկած կինոգործիչների պատվիրակությանը։ Կարոտի, սիրո, եղբոր երեսը չտեսած ընդունելություն։ Սկզբում մեզ ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ղեկավար Հենրիկ Պողոսյանը։ Արցախյան շարժման, խնդիրների ու պրոբլեմների մասին հակիրճ ինֆորմացիա տալուց հետո Հենրիկ Պողոսյանը մեզ դիմում է՝ ասելով․ «Դե դո՛ւք խոսեք, ի՞նչ կա Հայաստանում, կամ՝ ինչպիսի՞ հարցեր կան»։ Հետաքրքիր մի զրույց է ծավալվում նրա առանձնասենյակում։ Ամեն մեկը՝ մի կարծիք ու մեկ-երկու հարց։ Այդ օրվանից չնայած անցել է ուղիղ երեսուն տարի, սակայն իմ կողմից տրված ե՛ւ երկու հարցը, ե՛ւ նրա պատասխանները հիշում եմ այսօրվա պես։ «Հենրիկ Անդրեեւիչ, ի՞նչ եք կարծում, ե՞րբ ենք միավորվելու»։ Պատասխան՝ ժպտալով․ «Խնդրում եմ, հայաստանցիներդ մի խառնվեք, մենք արդեն գիտենք, թե ինչ ենք անելու»։

Տեղնուտեղը երկրորդ հարցն եմ տալիս․ «Կարո՞ղ է Դուք Հայաստան ղեկավար պաշտոնի գաք»։

Նորից է ժպտում ու պատասխանում․ «Ինձ ճիշտ հասկացեք, Արցախից չի կարելի Հայաստանում ղեկավար պաշտոնի գալ, հակամարտություն կառաջանա արցախցիների եւ հայաստանցիների միջեւ»։ Չգիտեմ դուք ինչպես, սակայն միայն տարիներ անց հասկանալի դարձավ այդ ազնիվ ու նվիրյալ մարդու եւ պետական գործչի մտահոգությունը։

Այս հանդիպման մասին մենք հաճախ ենք հիշում եւ կիսվում կինոգետ ընկերոջս՝ Սուրեն Հասմիկյանի հետ։ Հիշում ենք, որ Վոլսկու ժամանակ Արցախն ուղիղ գծով ենթարկվում էր կենտրոնին, այնպես, ինչպես միութենական բոլոր հանրապետությունները։ Արցախը, փաստորեն, այդ շրջանում մի այնպիսի կարգավիճակ ձեռք բերեց, որ բոլոր հարցերը, շրջանցելով Բաքվին, լուծում էին ուղիղ Մոսկվայի հետ։ Հավանաբար, դա էր Հենրիկ Պողոսյանի ակնարկն այն մասին, որ մենք գիտենք, թե ինչ ենք անելու։ Հայի հետին խելքը…

Հավանական է, որ գահավիժեինք

Էս 30 տարի է՝ գոռում ենք ու գոչում, թե անկախ ենք, հա անկախ։ Հասկանալի է, 21-րդ դարում ոչ մի երկիր բացարձակ անկախություն չունի։ Սակայն Տիզբոնին հայացք գցելու մտածողությունը մեր միջից գոնե այս երեք տասնամյակում չկարողացանք հանել։ Է՛լ Բոլոնյան ծրագիր, է՛լ Վենետիկի հանձնաժողով, է՛լ չգիտես ինչ «զրթուզիբիլ»։ Ու միայն վերջին շրջանում համարձակություն ունեցանք իրերն իրենց անունով կոչելու։ Ասացինք, որ արժանապատիվ ժողովուրդ ենք, եւ կամաց-կամաց խոնարհվելն ու հեզությունը մեր պետական քաղաքականությունից դուրս ենք մղում… Գուցե դա էլ իր պատճառներն է ունեցել։ Վեց-յոթ հարյուր տարի շարունակ պետականություն չենք ունեցել։ Օտարի թելադրանքով, տիրակալների ինտրիգներով ու մեր կառավարիչների անվերջ հարստանալու մոլուցքով տարված՝ ինքներս մեզ ղեկավարելու իմունիտետից զրկվել ենք։ Զինվորը հաղթել է, իսկ դիվանագիտությունը պարտվել է։ Հիմա մի քիչ էլ եթե այդպես շարունակվեր, կարծում եմ՝ գահավիժելու էինք․․․

Բանկերը ստրկացրին հայ ժողովրդին

Սպիտակյան հանդիպումներից մեկի ժամանակ, որտեղ խոսք էր գնում հայկական կինոյի հին ու նոր շրջանների մասին, հանկարծ մեկն ինձ հարցրեց․ «Դուք 35 տարի խորհրդային շրջանում, իսկ 15 տարի էլ անկախության շրջանում խմբագիր եք աշխատել։ Հասարակական այս երկու կացութաձեւերից ո՞ր մեկն է ճշմարիտ, ժողովրդի համար տանելի»։ Պահի տակ, առանց երկար-բարակ մտածելու, միանգամից ասացի․ «Տանելին ու անտանելին չգիտեմ, բայց որ խորհրդային շրջանի ձու գողացողն անկախության շրջանում ձի գողացող դարձավ, կարծում եմ՝ դա է ճշմարիտը։ Ու մեկ էլ ձի գողացողի համար այնպիսի մի օրենսդրական դաշտ ստեղծվեց, որ հասարակ ժողովրդի գլխին պատուհաս դարձավ, որտեղ իրար միահյուսվեցին սոցիալիստականի եւ կապիտալիստականի ամբողջ բյուրոկրատիան»։ Ասել եւ հիմա կրկնում եմ՝ բանկերը ստրկացրին հայ ժողովրդին։ Պարսկական լուծը գուցեեւ ավելի թեթեւ է եղել, քան հայկականը․․․

Ինչո՞ւ չեմ սիրել Ամերիկան

Ամերիկան չսիրողներից շատերին գիտեմ, ովքեր տարբեր պատճառաբանություններ ունեն։ Իմ չսիրելը տարօրինակ մի դիպվածի հետ է կապված։ Ինչպես գիտեք, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ամերիկան մեր, այսինքն՝ ԽՍՀՄ-ի, բնականաբար՝ նաեւ Հայաստանի դաշնակիցն է եղել։ Պատերազմից հետո ամերիկացիներն իմ ծննդավայր Սպիտակավանում փոքր երեխաների անվամբ ամեն մեկին մի ութ մետր նախշուն, չալպուտուրիկ, հասարակ չիթ (կտոր) են բաժանել։ Սակայն` միայն երեք ամսականից մինչեւ մեկ տարեկան երեխաների մայրերի համար։ Կարճ ասած` նորածիններին հասու չի եղել։

Գալուստ պապս էս ամերիկացու հետ եկած հային խնդրում է` ի՞նչ տարբերություն` նորածի՞ն է, թե՞ երեք ամսական, ծնող մայրը մնում է մայր։ Եվ ամերիկացուն խնդրում է, թե՝ արի քարը փեշիցդ թափի, մեր նորածնին, այսինքն՝ իմ անունն էլ նշի։ Էս ամերիկացին անդրդվելի է մնում, ասելով՝ նո-նո։ Էս պապս էլ խորհուրդ հարցնելու համար գնում է Սպիտակավանի զագսի վարիչի մոտ, բացատրում եղելությունը։ Մի փոքրիկ Սպիտակավան, բոլորն իրար ճանաչող մարդիկ, ազգ ու բարեկամ։ Էս զագսի վարիչն ուշադիր լսում է պապիս եւ ասում․ «Այ վառվի էդ ամերիկացին, մի քանի մետր չիթ է տալիս, բոլորիս կրակի մեջ է գցել։ Գալուստ եղբայր, մենակ հո դո՞ւ չես, շատերն են քո նման»։ Ու մեր զագսի վարիչը բռնում՝ ծննդյան էնպիսի վկայական է տալիս, որտեղ ծննդյան օրը չի նշվում։ Ու այսպես ամբողջ կյանքում ծննդյանս օրը խառնաշփոթ էր։ Ավելին ասեմ՝ հետագայում պարզվեց, որ իմ նմանների թիվը շատ-շատ է։ Մի քանի մետր կտորի համար խճճվել էր հազարավոր երեխաների ծննդյան օրը։ Հիմա սխալը մեր զագսի վարիչինն է, թե ամերիկացունը, չգիտեմ։ Մի անգամ, երբ այս մասին ակնարկեցի պապիս, ասաց՝ իհարկե, ամերիկացունը։ Էն խեղճ Վիլսոնի ծրագրին մինչեւ վերջ Ամերիկան տեր չկանգնեց։ Մտքումս մտածեցի, թե ինչ կապ ունեն իմ ծննդյան օրն ու Վիլսոնի ծրագիրը։ Հետագայում, երբ ինձ համար պարզեցի, թե դա ինչ ծրագիր է, էդ օրվանից ես նույնպես Ամերիկան չսիրեցի․․․

Կարևորը թացը չորից զանազանելն է

60-ականների կեսերին, երբ մենք սովորում էինք պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում, մեզ բազմաթիվ հմուտ գիտնականներ էին դասախոսում։ Թվարկեմ դրանցից մի քանիսին՝ Մկրտիչ Մկրյան, Գուրգեն Սեւակ, Մկրտիչ Ներսիսյան, Լևոն Ներսիսյան, Էդվարդ Ջրբաշյան, Հովհաննես Բարսեղյան, Վաչե Նալբանդյան, Վազգեն Հովսեփյան եւ այլք։ Այդ անուներն այսօր գուցե ոչինչ չեն ասում, սակայն նրանցից ամեն մեկը մի կրթօջախ էր։ Նրանցից Աղասի Եսայանը Հայաստանում իրավագիտության միակ դոկտորն էր։ Մի օր դասի ժամանակ Քրեական օրենսգրքն ինձ մեկնեց ու ասաց՝ պատուհանից դուրս նետիր։ Ես մի պահ կարկամեցի։ «Գցիր, գցիր,- ասաց,- մի վախեցիր, ում գլխին այդ բրոշյուրն ընկնի, նրա նկատմամբ էլ կարելի է քրեական գործ հարուցել։ Այդ օրենքները մարդն է ստեղծել, ի վերջո մենք ենք ստեղծել, կարեւորն այն է, որ ատենապետը, այսինքն՝ դատավորը, թացը չորից զանազանի»։ Հետաքրքիր է՝ մեզանում թացը չորից զանազանո՞ւմ են, թե՞ ոչ․․․

Կինոմեխանիկի պատիժը

Ժամանակին իմ՝ որպես «Ֆիլմ» թերթի խմբագրի պարտականությունների մեջ մտնում էր նաեւ Հայաստանի պետկինոյի կոլեգիայի նիստերին մասնակցելն ու լուսաբանելը։ Հերթական նիստի ժամանակ օրակարգում գյուղերից մեկի մեխանիկի չարաշահման հարցն էր քննարկվում։ Նրա եւ ոչ միայն նրա, այլեւ գյուղական բոլոր կինոմեխանիկների աշխատավարձը 30 ռուբլի էր՝ միջին աշխատավարձի կեսից էլ ցածր։ Կարճ ասած՝ փող էր յուրացրել։ Կոլեգիայի անդամներից շատերն առաջարկեցին կինոմեխանիկին աշխատանքից ազատել։ Դեմ էին միայն երկուսը՝ կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանը եւ Հենրիկ Մալյանը։ Բոլորին լսելուց հետո Պետկինոյի նախագահ Գեւորգ Հայրյանն իր վճռական տոնով նիստն այսպես ամփոփեց։ «Մենք գյուղական խեղճուկրակ մեխանիկին տալիս ենք ընդամենը 30 ռուբլի եւ ասում ենք, որ դու տոմսը վաճառի, ինքդ կտրի, հանդիսատեսին ներս թող եւ պետական բյուջե մուծի։ Է՜, հաջորդ սեանսին կվաճառի եւ փողը կգրպանի»։ Ի դեպ, հենց այդպես էլ եղել էր։ Նա տեղնուտեղն առաջարկեց հարց բարձրացնել Մինիստրների խորհրդի, այսինքն՝ կառավարության առջեւ, որպեսզի գյուղական եւ քաղաքային կինոմեխանիկների աշխատավարձը դարձնեն 60 ռուբլի։

Մի քանի ամիս անց գյուղական բոլոր կինոմեխանիկների աշխատավարձը կրկնապատկվեց եւ դարձավ 60 ռուբլի, այդ թվում՝ նաեւ մեր կինոմեխանիկինը: Հիմա մեր հանրապետության ներքին դասի աշխատավարձը գյուղական մեխանիկից էլ ցածր է…

Մանկուրտ դառնալը հենց սա է

Սպիտակցիներն ավանդապաշտությունը սիրող, գնահատող մարդիկ են։

Մի անգամ խոսք բացվեց այսօրվա շլացուցիչ հարսանյաց հանդեսների մասին, խոսվեց, որ դրանք կարծես նույն կինոյի սցենար լինեն։ Դիցուք, որեւէ ռեստորանում սրահ ենք պատվիրում, դե, նրանց սեղանապետն էլ ո՛չ հարսին է ճանաչում, ո՛չ փեսային, առավել եւս՝ նորապսակների ծնողներին ու բարեկամներին։ Լիարժեք ուրախությունը կիսատ-պռատ է լինում։ «Իսկ կար ժամանակ,- խոսակցությանը միջամտեց ամենատարեցը,- որ ամբողջ գյուղը՝ գարուն, ամառ, աշուն, մեղվի նման աշխատում էր, իսկ ձմռանը՝ հարսանիք անում»։ Հիշում եք, չէ՞, Թումանյանին․ «Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք, հրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի»: Ճիշտ եւ ճիշտ այդպես էր։ Ամենակարեւորը՝ սեղանապետը գյուղի հեղինակություններից մեկն էր լինում, ով մեկառմեկ ճանաչում էր հարսանիքի մասնակիցներին։ Իսկ այդ բաժակաճառերը բացում եւ բացահայտում էին մեր ժողովրդի մտածողության կենսափիլիսոփայությունը, երգն ու խաղիկները մի ամբողջ բանահյուսություն էին։ Այդ ծեսերից էր, որ մեր ժողովուրդը պահպանեց իր ազգային կենսունակությունը։ Տղա ու աղջիկ, ահել ու ջահել այդտեղից էին իրար ճանաչում, ժողովրդի լեզվով ասած՝ միմյանց աչքադրում, հավանում: Ես որ այդ լսեցի, ասացի՝ դե հիմա հո հետ չե՞նք գնալու, արդեն 21-րդ դարն է։ Բնական է։ Էս զրուցակիցս մտերմաբար սկսեց ինձ հանդիմանել, որ մեղավորը գուցեեւ էդպիսի կարծիք ունեցողներն են։ Մարդը հարս ու փեսային, նրա ծնողներին չի ճանաչում, անունները սերտում են ու բոլոր հարսանիքներում նույն խոսքերը կրկնում։ Դրանք գովեստի մի քանի հերթապահ նախադասություններ են, ոչ ավել: Էս շաբլոնը հասցնում է նրան, որ այսօր ամուսնանում, իսկ վաղը բաժանվում են։ Տակնուվրա են անում ազգից եկող ավանդույթները։ Էսօր նույնիսկ մրգերի համուհոտն են փոխում։ Իսկ մանկուրտ ասածը հո ուրիշ բան չէ՞, հենց դա է, որ կա։ Ձեզ համար եմ ասում, թե չէ ես այսօր կամ վաղը չկամ․․․

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X