«Вор должен сидеть в тюрьме», իսկ մարդասպանը՝ առավել ևս

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրվեց 2008-ին «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» հատկանիշներով։ Նախօրեին արդեն վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունն ու ազատ արձակեց նրան, քանի որ՝ որպես ՀՀ նախկին նախագահ, Քոչարյանն ունի սահմանադրական անձեռնմխելիություն։

Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի կարծիքով՝ այն, որ պատասխան պետք է տան բոլոր հանցագործները, դրանում կասկած չկա, եւ այդպես էլ պետք է լինի․ «Ես վստահ եմ, որ նոր իշխանությունները հետամուտ կլինեն, եւ որեւէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից, հատկապես որ պետականությանը եւ ժողովրդին վերաբերող հարց է։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նա մեղադրանք ունի եւ պետք է պատասխան տա Մարտի 1-ի համար, 2008-ին ինքն էր նախագահը, եւ եթե ինքը տեղյակ չէր, թե ինչ է կատարվում, իր կամքից անկախ է եղել, կամ իրեն չեն տեղեկացրել, ուրեմն գոնե պետք է պատժեր նրան, ով այդ քայլն արել էր, բայց որեւէ բան տեղի չի ունեցել»։ Թուխիկյանը հիշում է, որ Մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին Երեւանի կենտրոնում բազմաթիվ ջրցան մեքնենաներ կային, որոնք այդպես էլ գործի չդրվեցին, բայց գործի դրվեցին զենքերը․ «Ինչո՞ւ, եթե նրա խնդիրն ուղղակի մարդկանց ցրելն էր, նա կարող էր ջրցան մեքենաներով կամ կյանքին վտանգ չսպառնացող մեթոդներով այդ գործն անել, բայց նա դիմեց իր սիրելի զենքին։ Անպայման պետք է պատասխան տա, եւ ես վստահ եմ, որ նա կհայտնվի ճաղերի հետեւում եւ շատ երկար ժամանակով ու ոչ միայն ինքը»։

Թե ինչու վերաքննիչ դատարանն այդպիսի վճիռ կայացրեց, ապա կարծում է, որ անձեռնմխելիությունը չի կարող պատճառ դառնալ նման հանցագործության դեպքում պատասխանատվության չենթարկելու համար․ «Թեպետ սա վիճահարույց հարց է, հիմա կարդում եմ դատավորի պատմությունները ու չգիտեմ, թե դատավորն ինչ նկատառումներով է արել․ օրենքի ուժո՞վ է վճիռը կայացրել, կամ այլ հանգամանքնե՞ր են ազդել վճռի կայացման մեջ՝ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է, որ ներկա իշխանությունները չեն խառնվել այս գործին, եւ երեւի թե վակուումը լրացրել են նախկին իշխանությունները»։

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ասուլիսից առաջ, ըստ նրա, շատ ճիշտ էր եւ տեղին․ «Ցավոք, չկարողացա մասնակցել ակցիային, բայց հոգով-սրտով նրանց հետ էի, ու, ինչպես ասվեց այնտեղ, նա չպետք է ունենա ասուլիսի իրավունք, այլ միայն վերջին խոսքի իրավունք։ Եվ ծիծաղելի է գրասենյակի հայտարարությունը՝ իշխանությունները վախենում են… իսկ ինչի՞ց պետք է վախենան։ Այնքան պրիմիտիվ են, այդ թվում՝ Քոչարյանի ասուլիս տալու ցինիզմը։ Երեկ մի պահ կարկամեցինք, երբ վճիռը հայտարարվեց, բայց հետո, երբ ավելի սթափ ես նայում, արդեն ամեն ինչ նորմալ է, այսինքն՝ որեւէ բան ավարտված չէ, հակառակը՝ նոր թափ կստանա, եւ կեցցեն մեր հասարակությունը, երիտասարդությունը։ Հուսամ, որ ամսի 17-ի հզոր հանրահավաքը եւս մի ապացույց կլինի այն բանի, որ մարդասպանությունը եւ պետության նկատմամբ հանցագործությունը չեն կարող որեւէ կարգավիճակով արդարացվել։ Մենք հիմա միայն Մարտի 1 ենք ասում, բայց դրանից զատ՝ առաջ եւ հետո, այլ բաներ էլ են եղել»։

Դերասանուհի Լալա Մնացականյանի կարծիքով, եթե մարդը հանցագործ է եւ արել է հանցագործություն, ապա, իհարկե, պետք է նրան դատապարտել, անկախ նրանից՝ անձեռնմխելի՞ է, թե՞ ոչ․ «Այնքան նախագահներ են եղել, որոնց լիազորությունները երբ ավարտվել են, նրանք դատապարտվել են։ Այն, ինչ կատարվել է Հայաստանի հետ, պետք է պատասխան տան բոլորը, այդ թվում՝ բոլոր նախագահները, որ Հայաստանը հասցրել են այս վիճակին»։ Մնացականյանը կարծում է, որ ժողովրդի զայրույթը շատ արդարացի է․ «Ես, անկեղծ ասած, մի պահ չհասկացա, թե ինչ կատարվեց, ինչու բռնեցին, ինչու բաց թողեցին։ Եթե դու բռնում ես, ուրեմն մինչեւ վերջ պետք է գնաս։ Եվ հետո՝ Մարտի 1-ից դուրս մի հարց եմ ուզում տալ․ ինչպե՞ս է նա դարձել այդքան հարստության տեր։ Այդ 2 հարցերի պատասխանը ժողովուրդը պետք է իմանա, միգուցե մարդն արդար քրտինքո՞վ է աշխատել այդ միլիարդները, թող ասի ճանապարհը՝ մենք էլ վաստակենք»։

Դերասանուհին չի կարծում, թե ասուլիսի ընթացքում Քոչարյանը մի այնպիսի բան կասեր, որով իր մեղքը կկարողանար մաքրել․ «Ինչպե՞ս կարող է մեղավորությունը մաքրվել, դա բացահայտ ֆալսիֆիկացիա է։ Ես չեմ հավատում ընդհանրապես այն ամենին, որ արվում է այսպես հրապարակավ, եւ ստացվում է այնպես, որ ինքը փողով իսկապես առել է… իսկ նրա այդպես հեշտ գալը շատ մեծ զարմանք պատճառեց, ինքը պատրաստված էր եւ գիտեր, թե ուր է գալիս, բայց ով ուզում է լինի, պետք է պատասխան տա։ Ես չգիտեմ, թե դեռ ինչ վարկածներ կլինեն, բայց այն, ինչ տեսանք իր կողմից, մի քիչ վատ բեմադրված էր։ Ժողովուրդն ահավոր բաներ է տեսել, ապրել եւ հիմա արդարություն է ուզում, իհարկե՝ ոչ արյան գնով, ես արյան ծարավ չեմ, այդ կոչերին էլ դեմ եմ, բայց, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, «вор должен сидеть в тюрьме», իսկ մարդասպանը՝ առավել եւս»։

Ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը կիսում է ժողովրդի ցասումը․ «Բայց, բոլոր դեպքերում, այդ ամեն ինչին ես մի քիչ վերեւից եմ նայում, որն ինձ համար բնական պրոցես է, ի վերջո այդ հրեշի մյուս գլուխները պայքարում են՝ մյուս գլխի դեմ ինչ-որ գործ սկսելով, բնական է այդ ըմբոստությունը։ Դա մի պրոցես է, որտեղ լիարժեք բացահայտվում են կողմերը, ես դրան վերաբերվում եմ սովորական, հատկապես որ նոր եմ վերադարձել Արեւմտյան Հայաստանից, որտեղ ոչ մի Թուրքիա չկար, դա կեղծիք է, այդ հզոր հայկական ոգին ու հին աստվածներն են ապրում այնտեղ, մենք պարզապես նրանց մոռացել ենք, եւ երբ այդ հարթակից ես նայում, այս երեւույթներն այնքան մանր են թվում։ Դա Քոչարյանի ու իր խղճուկ ոհմակի խնդիրն է, եկեք այդ պրոբլեմը մեր վրա չվերցնենք։ Ես լավատես եմ, գտնում եմ, որ սա ընթացիկ պրոցես է, ամենակարեւորը, որ մենք մեր երկրի հոգին, ճշմարիտ ինքնությունը պահպանենք, այդ դեպքում ամեն ինչ անզոր է դրա դեմ»։

Նա ընդգծում է՝ իր վերաբերմունքն այս հարցին ոչ թե իրավաբանական հարթությունում է, այլ՝ բարոյական․ «Նրան ազատ արձակելն անբարո երեւույթ է, հանցագործն իր պատիժը պետք է կրի, բայց մեծ հաշվով դա ինձ համար չնչին խնդիր է, որովհետեւ ոճիրն իր մեջ արդեն պարունակում է պատիժը, հատկապես Ռոբերտ Քոչարյանի դեպքում կա՞ ավելի մեծ պատիժ, քան ժողովրդի համատարած ատելությունը, որն արտահայտվեց նաեւ երեկ իր ասուլիսը կանխող ժողովրդի միջամտությամբ։ Ամեն ինչ բնական է, վայրիվերո խնդիրներ են, դա միանշանակ եւ միանգամից չի լուծվում, եւ եթե մենք գիտակցում ենք, թե ուր ենք գնում, ամեն անգամ մի սխալ հետքայլ ի վերջո մեզ մոտեցնում է վերջնական նպատակին»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X