Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է։ Բարեփոխումների կառավարական հանձնաժողովը վերջին աշխատանքներն է կատարում, եւ մոտ օրերս այն արդեն կհրապարակվի, կներկայացվի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի դատին։ Հայեցակարգը պատրաստելուց հետո հանձնաժողովը կանցնի արդեն բուն նախագծի պատրաստման աշխատանքներին։

Հանձնաժողովի ԿԸՀ-ական անդամ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք վերջացրել են նախագծի հայեցակարգի վերաբերյալ իրենց աշխատանքները։ «Երեկ հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային փոստով ներկայացվել են քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխությունների առաջարկները։ Կառավարական հանձնաժողովն ունի եւս երեք ենթահանձնաժողովներ, որոնցից մեկը քրեականն է։ Նրանց առաջարկներն ենք ստացել, որոնք դրվել են շրջանառության մեջ»,- ասաց Նունե Հովհաննիսյանը։ Հայեցակարգում, ըստ Հովհաննիսյանի, ընդգրկվել են խորհրդարանական ուժերի կողմից ներկայացված այն առաջարկները, որոնք ընդունվել են կառավարության կողմից, եւ այն հարցերը, որոնց շուրջ կառավարությունն ունի արդեն իր ինքնուրույն տեսակետը։

Կառավարության ձեւավորած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք միաժամանակ արագացրել են աշխատանքները քրեական եւ վարչական օրենսգրքերում փոփոխությունների մասով։ Այսինքն՝ այն, ինչի մասին վերեւում նշեց Նունե Հովհաննիսյանը։ Դրա նպատակը, ըստ Իոաննիսյանի, այն է, որ ուզում են այդ փոփոխությունները հասցնել մինչեւ սեպտեմբերի սկիզբ, ԱԺ առաջիկա նստաշրջանում ընդունել, որպեսզի կիրառեն Երեւանի ավագանու ընտրություններում։ Իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։

«Ամբողջությամբ համոզմունք չկա, որ դա հաջողությամբ կավարտվի, բայց եթե ստացվի, ակնկալում ենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին արդեն դրանք ուժի մեջ մտած լինեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Այս փոփոխություններով փորձելու են էֆեկտիվ լծակներ տալ, որպեսզի ոստիկանությունը կարողանա արդյունավետ պայքարել ընտրակաշառքի դեմ։ Նաեւ այլ իրավախախտումների մասով էլ են փոփոխություններ նախատեսում։ Ինչ վերաբերում է ավելի արմատական փոփոխություններին, մասնավորապես՝ ընտրական համակարգի փոփոխությանը եւ դրա շուրջ խորհրդարանական ուժերի առաջարկները հաշվի առնելուն, ապա այս հարցում կառավարությունը կանգ է առել այն տարբերակի վրա, որն ինքն էր ի սկզբանե առաջարկում։ Խոսքը փակ ցուցակներով 100 տոկոս համամասնական համակարգի մասին է, որին դեմ էր, օրինակ, Հանրապետականը։ Այս տարբերակը ձեռնտու է նաեւ ԿԸՀ-ին, քանի որ մեկ միասնական ու փակ ցուցակի դեպքում հեշտանում է ԿԸՀ-ի եւ ընտրական հանձնաժողովների մյուս անդամների աշխատանքը։ Իսկ ռեյտինգայինի դեպքում, օրինակ, մի քանի անգամ բարդացել էր հանձնաժողովի անդամների աշխատանքը։

Հայեցակարգում, ամեն դեպքում, խորհրդարանական ուժերի առաջարկներից որոշներն ընդգրկվել են։ «Օրինակ՝ ՀՀԿ-ի առաջարկը կար, որ, այսպես կոչված՝ «զապասով» քվեաթերթիկներ լինեն ոչ միայն ԱԺ ընտրությունների ժամանակ, այլ նաեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչը թույլ կտա մարդկանց խուսափել «կարուսելից»։ Մեզ դուր եկավ այդ առաջարկը, եւ ընդունեցինք։ Այլ առաջարկներ էլ կային, որոնք ընդունել ենք»,- ասաց Իոաննիսյանը։

Այս պահին հանձնաժողովում հեռակա քվեարկության է դրված նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մի առաջարկ՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական գրավը նվազեցնելու վերաբերյալ։ «Խորհրդարանն առաջարկել էր այն դարձնել, կարծեմ, 7.5 միլիոն դրամ, եւ հիմա հանձնաժողովում դա հեռակա քվեարկության է դրված։ Ենթադրում եմ, որ կընդունվի»,-ասաց հանձնաժողովի քարտուղարը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X