Ո՞վ շահեց և ո՞վ տուժեց Քոչարյանի ասուլիսի տապալումից

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը երեկ տապալվեց։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից եւ ՀԱԿ որոշ ակտիվիստներից բաղկացած մի խումբ ներխուժեց «Էրեբունի պլազայում» գտնվող մամուլի սրահ եւ իրականացրեց «Պրիվետ, Ռոբ» ակցիան։ Այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը դեռ չէր ժամանել ասուլիսի սրահ, եւ լրագրողները սրահում սպասում էին նրա գալուն։ Բայց հանկարծ աղմուկ-աղաղակ լսվեց, եւ ակտիվիստները հայտնվեցին ասուլիսի սրահի դռների մոտ։ Թե ինչպես էր նրանց հաջողվել մուտք գործել «Էրեբունի պլազայի» շենք, որտեղ լրագրողներին ցուցակով էին ներս թողնում, եւ ինչպես էին կարողացել բարձրանալ 9-րդ հարկ, դժվար է ասել։ Մի բան ակնհայտ է, որ ոստիկանները չէին միջամտել, եւ միայն սրահ ներխուժելուց հետո նրանցից մի քանիսին նկատեցինք։

Քոչարյանի թիկնապահները փորձեցին դիմադրել ակտիվիստներին, բայց չկարողացան։ Դուռն արդեն կոտրում էին, նախկին նախագահի թիկնապահն էլ այլեւս ի զորու չէր միայնակ դիմադրել դռան հակառակ կողմից տեղացող հարվածներին ու ճնշմանը։ Ակտիվիստներն ի վերջո մտան ասուլիսի սրահ եւ «Քոչարյան՝ մարդասպան» վանկարկումներով ուղղվեցին դեպի կենտրոն։ Բայց տեսան, որ նրա փոխարեն միայն դատարկ աթոռներ են եւ սեղանին շարված միկրոֆոններ։ Ստիպված ակցիան իրականացրին առանց Քոչարյանի։ Նրանք «Պրիվետ, Ռոբ» գրությամբ թուղթ դրեցին սեղանին ու շարունակեցին վանկարկել՝ «Քոչարյան՝ մարդասպան»։ Տեղ-տեղ հնչում էին այլ վիրավորական արտահայտություններ եւս Քոչարյանի հասցեին՝ սրիկա, տականք եւ այլն։ Կարճ ասած՝ ում մտքով ինչ անցնում էր, ասում էր Քոչարյանի հասցեին։ Ակտիվիստների մեջ էր նաեւ նշանավոր Վարդգես Գասպարին, ով վերջում եկավ եւ պառկեց այն սեղանի տակ, որտեղ պետք է Քոչարյանը նստեր։ Քոչարյանի գրասենյակը գտնվում է «Էրեբունի պլազայի» 6-րդ հարկում։ Երբ մենք ակցիայից հետո գնացինք նրա գրասենյակ՝ հասկանալու, թե ով կա այնտեղ, տեսանք, որ դուռը փակ է, վրան էլ փակցված է «Ցմահ» եւ «Պրիվետ, Ռոբ» գրություններով պաստառ։ Այդ ընթացքում լրատվամիջոցները ֆիքսել էին, թե ինչպես են ետնամուտքի կողմից տարածքից հեռանում Քոչարյանին սպասարկող մեքենաները։

Ասուլիսը տապալելուց հետո ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարներից Դավիթ Պետրոսյանը, ասաց, որ իրենց նպատակն էր տապալել Քոչարյանի ասուլիսը, եւ իրենք հասան իրենց նպատակին՝ ասուլիսը տապալեցին։ «Մենք այսօր ցանկացանք եւս մեկ անգամ հիշեցնել, որ մարդասպանը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդին ասելիք չունի»,- ասաց Պետրոսյանը, եւ կողքից մեկ այլ ակտիվիստ էլ հավելեց․ «Մարդասպանն ասուլիս տալու իրավունք չունի, մարդասպանն ունի վերջին խոսքի իրավունք»։

Այս ակցիան Քոչարյանի գրասենյակի կողմից որակվեց որպես իշխանությունների կողմից կազմակերպված, քանի որ մասնակիցների մեջ նկատել էին Փաշինյանի թիմակիցներին։ «Ինչպես տեսաք՝ իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի, եւ դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»,- ասուլիսի տապալումից հետո հայտարարեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Քոչարյանական թեմայով ակցիաները, սակայն, սրանով չավարտվեցին։ Քոչարյանի դեմ պայքարող ակտիվիստներն «Էրեբունի պլազայից» դուրս գալուց հետո շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, դրանից հետո էլ՝ ԲԴԽ։ Այստեղ նրանց բողոքն արդեն Քոչարյանին ազատ արձակած վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ էր։ Ակտիվիստները ստորագրահավաք իրականացրին՝ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդին, որ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի, եւ կասեցվեն դատավոր Ազարյանի լիազորությունները։ Մինչդեռ Ազարյանը, ինչպես հետո հայտնի դարձավ, դատական նիստի սկզբում հայտարարել է, որ ժամանակին աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, եւ բոլոր կողմերին, այդ թվում՝ երկու դատախազներին, առաջարկել է մտածել, թե արդյոք ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ն իր դեմ։ Ինքնաբացարկի միջնորդություն, սակայն, որեւէ մեկը չի ներկայացրել։

Ավելի ուշ մի նոր ակցիա ի հայտ եկավ՝ արդեն Քոչարյանի կողմնակիցների նախաձեռնությամբ։ Քոչարյանի թիմակիցների փոքրաթիվ մի խումբ գնացել էր Բաղրամյան 26 եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում էր ճնշում չգործադրել դատարանների վրա։ Նրանք հայերեն եւ անգլերեն գրություններով պաստառներ էին պահել Բաղրամյան 26-ի դիմաց, որոնց վրա գրված էր՝ «Պարոն Փաշինյան, թույլ մի՛ տվեք ճնշում գործադրվի արդարադատության վրա»։

Քոչարյանի ասուլիսի տապալումը համացանցում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մարդկանց մի խումբ պնդում էր, որ Քոչարյանի ասուլիսը պետք է տապալվեր, եւ լավ եղավ, որ տապալվեց, նա խոսելու իրավունք չունի։ Մի մասն էլ կարծում էր, որ սրանից շահեց, իրականում, ինքը՝ Քոչարյանը։ Սրանով ցույց տրվեց, որ նոր Հայաստանում ճնշում է գործադրվում խոսքի ազատության վրա, եւ որ մարդուն թույլ չեն տալիս արտահայտվել, իր խոսքն ասել, ինչը նոր իշխանությունների օգտին չի խոսում։ Թեպետ Քոչարյանի գրասենյակը չի բացառել, որ մոտ օրերս նա որեւէ ձեւաչափով հրապարակավ հանդես կգա եւ իր ասելիքը տեղ կհասցնի, հնարավոր է նոր ասուլիս արվի։ Ասուլիսի տապալումից որոշ ժամանակ անց «լայվ» մտավ եւ իր խոսքն ասաց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր հանցագործները պատասխանատվության են ենթարկվելու»,- վստահեցրեց նա՝ չհստակեցնելով, թե իր ակնարկն ում է ուղղված։ Բայց թերեւս ակնհայտ էր, որ իր «լայվը» հենց Քոչարյանի կոնտեքստում էր։ Փաշինյանը վերջում ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրեց օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու իր 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքին։

Մեկնաբանություն
X