Ո՛չ վենդետա, ո՛չ խարակիրի, ուզում եմ դատարանը ճանաչի մեղավոր

Երեկ Հանրապետության հրապարակին հարակից տարածքում կրկին անհնազանդության մթնոլորտ էր տիրում։ «Էրեբունի պլազա» հյուրանոցում պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն դրա նախորդ օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կազմակերպված «Պրիվետ, Ռոբ» նախաձեռնության անդամները, որոնց շարքերում կային բողոքի տարբեր ակցիաներից հայտնի քաղակտիվիստներ եւ նոր իշխանության ներկայացուցիչներ (վարչապետի վարորդը, փոխվարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը եւ այլք), խափանեցին 2-րդ նախագահի ասուլիսը՝ ասելով, որ եթե նա ասելիք ունի, ապա պետք է խոսի միայն ճաղերի ետեւից։ Ցուցարարների հետ միասին «մարդասպան» վանկարկելու համար այնտեղ էր եկել նաեւ Անահիտ Բախշյանը։ Նրան հարցրինք, թե ինչ կարծիքի է՝ պրոցեսը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, թե՞ միայն իրավական գործընթաց է՝ նկատի ունենալով, որ ցուցարարների շարքերում կային նոր իշխանությունների մերձավոր շրջանակը ներկայացնող անձինք, իսկ Վիկտոր Սողոմոնյանն էլ հայտարարեց, որ նոր իշխանությունները չեն ցանկանում, որ Քոչարյանը խոսի․ «Չգիտեմ, թե իրավական գործընթացի հետ ինչքանով գործ ունենք, բայց քաղաքականն էլ չեմ կարծում, որովհետեւ ժողովրդի ցասումն արտահայտելու այս ինքնաբուխ ձեւը վեր է քաղաքական, իրավական, ինչական ուզում եք, ամեն ինչից վեր է։ Ես անձամբ ուղիղ եթերով նայում էի, թե ինչպես ժողովուրդն ուղղակի ներս խուժեց եւ սկսեց գոռալ «մարդասպան», ես այդ պահին դուրս թռա, ասացի՝ գնամ ես էլ հետները գոռամ «մարդասպան»։ Այդ նպատակով եկա, ափսոս՝ արդեն ավարտվել էր։ Բայց այստեղ նոր իշխանությունների դերը միայն այն է, եւ շատ կարեւոր է այդ դերը, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր մեղադրյալի կարգավիճակում է։ Սա աներկբա է, սա, միանշանակ, հրաշք է ինձ համար՝ որպես տուժողի իրավահաջորդի, եւ ես տեսնում եմ հերթական առիթը, որ հասարակությունը, երիտասարդությունն իր վերաբերմունքն արտահայտի այդ անուն-ազգանվան նկատմամբ։ Սա արդեն մի երեւույթ է, որի հետ դատարանն իրավունք չունի հաշվի չնստելու»։

-Այսինքն՝ նկատի ունեք, որ դատարանը նաեւ այստեղ հավաքված հանրության պահա՞նջը պետք է հաշվի առնի Քոչարյանի դատավճիռը կայացնելիս։

-Հիմա եթե ասեմ՝ այո, պիտի դատավորն ասի՝ ես օրենքով, փաստերով եմ առաջնորդվում, բայց, մյուս կողմից էլ, յուրաքանչյուրը, որ այստեղ կանգնած է, որպես տուժող՝ իր ասելիքն ունի եւ իր փաստն ունի Քոչարյանի դեմ։ Այստեղ Հյուսիսային պողոտայի ժողովուրդն է, էստեղ տարբեր ժամանակներում ճնշված, ստորացված հասարակության ներկայացուցիչներն են, ովքեր եկել են ասելու, որ մենք բոլորս փաստ ունենք, հետեւաբար, դու պարտավոր ես մեզ լսել, դատարա՛ն, եթե չլսես, ուրեմն դու պարզապես արդարադատություն չես, ինչը նոր Հայաստանի համար անհարիր երեւույթ է։

-Տիկին Բախշյան, ժամանակին կարծիքներ կային, որ Մարտի 1-ը կբացահայտվի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։ Եղավ իշխանափոխություն, հիմա մենք ականատես կլինե՞նք Մարտի 1-ի բացահայտմանը։

-Ուրեմն, իշխանափոխություն չի եղել։ Էս երեւույթներն ասում են մի բանի մասին, որ իշխանափոխությունը հատվածական է։ Քանի դեռ արդարադատությունը, համակարգը չեն փոխվել, չեն եկել իսկապես արդար դատավորներ, շատ դժվար է իրականացնել էդ ամեն ինչը։ Էսօր փաստեր են գրում այն մասին, թե ով է դատավոր Ազարյանը, ու դա որ կարդում ես, միանշանակ մտածում ես՝ չկա արդարադատություն, դեռեւս չկա արդարադատություն։ Դրա համար հնարավորինս շուտ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան, եւ իրական իշխանափոխության առավելագույն աստիճանն ապահովվի։

-Այնուամենայնիվ, Մարտի 1-ը կբացահայտվի՞։

-Արդեն բացահայտված է, ինձ համար եւ շատ-շատերի համար արդեն բացահայտված է, եւ որքան էլ որ Քոչարյանն այսօր ազատության մեջ է, բայց ինքը մեղադրյալ է եւ վաղ թե ուշ կհայտնվի ճաղերի ետեւում, ես չեմ կասկածում։

-Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաարյունոտ էջերից մյուսը Հոկտեմբերի 27-ն է, ի՞նչ եք կարծում՝ այստեղ նույնպե՞ս բացահայտումներ կլինեն։

-Այ, էդտեղ ես դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ եթե Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղադրանքը դատարանը հաստատի, եւ վճիռը լինի իրեն կալանավորելը, ես չգիտեմ, թե հետո ինչպես պետք է լինի, ես չեմ պատկերացնում։ Իհարկե, երազում եմ այն օրը, որ Քոչարյանը դատարանում կկանգնի, եւ դատարանը մեղադրանքը կհռչակի, ուրիշ ոչ մի ձեւ ես չեմ ուզում իրեն պատժեն՝ ո՛չ վենդետա, ո՛չ խարակիրի, ուզում եմ, որ դատարանն իրեն ճանաչի մեղավոր թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի համար։

-Ի՞նչ եք կարծում՝ 2008 թվականին ընդդիմություն հանդիսացող ուժի ներկայացուցիչները, ովքեր կազմակերպում էին հանրահավաքները, պե՞տք է ներգրավվեն գործում։

-Եթե պետք է, իհարկե, թող ներգրավվեն, բա էլ ինչպե՞ս։ Ես աչքովս եմ տեսել, թե ինչպես Ազատության հրապարակից քշված ժողովրդին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, գզգզված, ջարդված եւ չընկճված մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչ է կատարվել այնտեղ, տեսել են, թե ինչ է կատարվում Լեոյի փողոցի վրա, Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա, եւ Նիկոլին եմ տեսել՝ իր ամբողջ ընկերներով։ Իհարկե, նրանք շատ բան ունեն պատմելու։

Մեկնաբանություն
X